Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ. «Մեր հարաբերություններն ակտիվորեն զարգանում են՝ եւ երկկողմ, եւ բազմակողմ, ինչի վկայությունն են վերջին շրջանում բարձր մակարդակով այցերն ու փոխայցերը:
Քննարկել ենք Հայաստան-Գերմանիա առեւտրային համագործակցությանն առնչվող հարցեր, կարեւորել ենք երկուստեք շարունակական ջանքերը՝ առեւտրաշրջանառության ծավալների աճի դրական դինամիկան պահպանելու, փոխադարձ ներդրումները խրախուսելու ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաեւ 2020թ նոյեմբերի 9-ի փաստաթղթին, ասաց, որ Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը հասնելու ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու համար:
Ապա հավելեց. «Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին ներգրավելու փոխարեն, շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը, սպառնում Հայաստանի ժողովրդավարությանը, խաթարելով մեր կառավարության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության ապահովմանը:
Կարդացեք նաև
Այսօր ամենահրատապ խնդիրն այն է, որ Ադրբեջանի կողմից 2022 թ դեկտեմբերի 12-ին փակվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի արդյունքում 120 հազար բնակիչներ հայտնվել են փաստացի շրջափակման մեջ»:
Նրա ձեւակերպմամբ, Ադրբեջանի գործողությունները նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում են, որը ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ եւ համակարգված քաղաքականության մի մասն է: