Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երեխեքին փրկելը խաղ ու պար էր, ոչինչ չարեցին. զոհված զինվորի հայր

Մարտ 02,2023 17:09

Մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր 44 օրյա պատերազմից հետո շրջափակման մեջ հայտնված ու զոհված Հայկ Հարությունյանի հայրը պնդեց, որ պատկան մարմինները մատը մատին չեն տվել, իրենց երեխեքին փրկելու համար:

Զինվորի հայրը՝ Հրանտիկ Հարությունյանը, պատմեց, որ որդին սկզբնական ժամանակահատվածում ծառայել է Մարտունի 2-ում, հետո՝ տեղափոխվել Ջաբրայիլ: Հոր պատմելով՝ մինչեւ հոկտեմբերի 8-ը տեղեկություն չեն ունեցել որդուց, դիմել են բոլոր պատկան մարմիններին, բայց ոչ մեկը չի օգնել. «Ասել են՝ կապ չկա, եւ վե՛րջ: Ծանոթներ եմ գտել, նրանց միջոցով տեղեկացել եմ, որ երեխեքը Հադրութում են, չհավատացինք, գիտեինք՝ Ջաբրայիլում են:

Հոկտեմբերի 6-ին գիշերը երեխեն զանգեց, ասաց՝ նորմալ ենք, բերել են ապահով տեղ, մինչեւ հոկտեմբերի 8-ը խոսել ենք, դրանից հետո կապը կտրվել է, նորից դիմել ենք պատկան մարմիններին, ոչ մի օգնություն: Մի բան գիտեին՝ կապ չկա, իսկ թե ոնց էին ծնողները երեխեքի հետ կապ գտնում, զարմանալի բան է: Ես նորից ծանոթի միջոցով գտել եմ Վարդերեսյան Գարիկի համարը, հոկտեմբերի 16-ին գնացել եմ Գորիս, Գարիկին եմ զանգել, նա տվել է սերժանտ Հարութ Ղարախանյանի հեռախոսահամարը, հորաքրոջս թոռը կապվեց, շշուկով էր խոսում, հարցրինք՝ Հայկը ձեր հե՞տ է, ասաց՝ հա մեր հետ է, հորաքրոջս տղան ասաց՝ ինչ կլինի՝ տուր երեխու հետ խոսենք, հեռախոսն անջատեց: Հետո էլի զանգել եմ Գարիկին, իմացել եմ, որ երեխեքը շրջափակման մեջ են: Հարցրել եմ՝ ինչ է պետք, ինչով կարող ենք օգնել, ասաց՝ հոպար, ամեն ինչ նորմալ է, զբաղվում ենք; Հոկտեմբերի 19-ին՝ բա, թե երեխեքը զանգել են, ճանապարհ ենք ցույց տվել, որ դուրս գան, ընկել են հրետակոծության տակ»:

Մինչեւ հոկտեմբերի 25-ը, Հարությունյանի պատմելով, ինչքան զանգել են հրամանատարությանը, ասել են ՝ զբաղվում են. «Հավաքվեցինք նախարարությունում մի քանի ծնողներով՝ հա էլի նույն բանը, զբաղվում ենք: Մեր երեխեքին փրկելը խաղ ու պար էր, ոչինչ չարեցին: Մենք կոնկրետ նրանց գտնվելու վայրն էլ ենք ասել, կողքի գյուղերն էին գնացել փնտրելու: Դատարանին քննիչը խաբել է, թե իբր էն վեց երեխեքին ՊՆ-ն է փրկել: ՊՆ-ն ոչ մի բան չի արել, մենք ենք փրկել էդ երեխեքին… խառնեցինք իրար, երկու գեներալով եկան, նստան Աշոտ Բալասանյանն ու Կարեն Սարգսյանը զանգեցին էդ երեխուն, Աղաբեկյան Արթուրն էր: Երեխեքն ասում էին՝ էս ինչ բանն ենք տեսնում, Աղաբեկյան Արթուրը ասում էր՝ Հադրութում են, որովհետեւ չէր ճանաչում էդ տարածքը: Էն որ ասում են՝ ինչքան կոլխոզի նախագահ կա, գեներալ են տվել, դրա համար մեր երեխեքի գլուխը էս օյինը հանեցին: Նոր էդ Աշոտ Բալասանյանն ասաց՝ ես մի ծանոթ որսորդ ունեմ, կանչեց, բերեց, էդ մարդը երկու բերան երեխեքի հետ խոսեց, ասաց՝ Դավիթ Բեկի ուղղությամբ մի գյուղում են, Ջաբրայիլում են: Էդ որ ասում են՝ ռուս խաղաղապահները մեզ չեն օգնել, ամեն վայրկյան զանգում էին, հարցնում՝ հը՞, էդ երեխեքի տեղն իմացա՞ք: Ասեք, գնանք փրկենք, գնացին հաջորդ օրը երեխեքին բերեցին»:

Զոհված զինվորի հոր պատմելով, շրջափակումից դուրս բերված 6 զինվորներին հաջորդ օրը հիվանդանոցում է հանդիպել. «Որ մեկին տղայիս նկարը ցույց էի տալիս, ասում էին՝ չենք ճանաչում: Բայց սուտ էին ասում, հետո իմացանք՝ մեզնից առաջ Ղարաբաղի ԱԱԾ քննիչները մտել էին, սովորեցրել, որ ծնողներին ոչ մի բան չասեն: Անտերություն է եղել, խեղճ ծնողներով ամեն ինչ արել ենք, ծամել՝ դրել ենք բերանները, որ ինչ-որ բան անեն, ոչինչ չարեցին»:

Անդրադառնալով գործով մեղադրյալ Իշխան Վահանյանին՝ զինվորի հայրը շարունակեց. «Նա եղել է շտաբի պետ, որեւէ մեկին ներկայացրե՞լ է՝ երեխեքը պատրաստ են, թե ոչ, ինչ իրավունք ուներ անպատրաստ երեխեքին տաներ մարտի դաշտ: Իմ երեխեն 2 ամսվա ծառայող, ինչի պետք է գնար պատերազմ: Իշխան Վահանյան, պատերազմից հետո որեւիցե մեկին զանգե՞լ ես, քո անձնակազմով հետաքրքրվե՞լ ես»:

Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031