Սույն թվականի մարտի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Հայաստանի հեռանկարներն արդի ուռուցքաբանության թերանոստիկայում»՝ APRICOT 2023 միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը: Գիտաժողովին մասնակցում են ֆիզիկոսներ, քիմիկոսներ և կենսաբաններ Հայաստանից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Հնդկաստանից։ Գիտաժողովի հիմնական նպատակներից է ստեղծել գիտական համագործակցության նոր հարթակ։
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը գիտաժողովի մասնակիցներին փոխանցեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի ողջույնի ուղերձը․ «Ակադեմիկոս Աշոտ Սաղյանը բարձր է գնահատում միջգիտակարգային բնույթի աշխատանքները՝ հատկապես ուղղված կյանքի մասին գիտություններին և առողջապահական խնդիրներին։ ԳԱԱ նախագահը հաջողություն է մաղթում գիտաժողովի աշխատանքներին»։
Գիտաժողովի հիմնական թեման է «Մագնիսական նանոնյութերը կենսաբժշկության մեջ. սինթեզ և ֆունկցիոնալացում»: «Այս ծրագիրն ունի լուրջ հեռանկարներ, քանի որ կենսաբժշկության մեջ նանոնյութերի կիրառումն առաջատար ուղղություններից է։ Աշխատանքները նվիրված են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում սինթեզված նանոմասնիկների օգտագործմանը քաղցկեղի բուժման եղանակներում։ Գոյություն ունի «մագնիսական գերտաքացում» եղանակը, որը թույլ է տալիս թիրախավորել ու ոչնչացնել քաղցկեղային բջիջները։ Մեր գործընկերները Գերմանիայից բնութագրում են մեր կողմից սինթեզված այդ նանոմասնիկների մագնիսական հատկությունները, իսկ Սալոնիկի Արիստոտելի համալսարանում իրականացվում են մագնիսական գերտաքացման նախնական աշխատանքները։ Ստացված արդյունքները հեռանկարային են», – ասաց Արամ Պապոյանը։
Գիտաժողովի ընթացքում կանցկացվի MaNaCa 3-րդ ամառային դպրոցը, որը «Twinning/Horizon 2020» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
Կարդացեք նաև
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև մարտի 4-ը: Զեկուցումներով հանդես կգան գիտնականներ Հայաստանից և արտերկրից։ Պլենար զեկուցումներով հանդես կգան պրոֆեսորներ Ալեքսանդր Մուկասյանը (Նոտր Դամի համալսարան, ԱՄՆ), Կարեն Մարտիրոսյանը (Տեխասի Ռիո Գրանդե հովիտ համալսարան, ԱՄՆ), Շիվաջի Փավարը (D.Y. Patil համալսարան, Հնդկաստան) և Մակիս Անգելակերիսը (Սալոնիկի Արիստոտել համալսարան, Հունաստան)։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին