Փետրվարի 28-ին Աբու Դաբիում կայացած Ասիայի շախմատի ֆեդերացիայի (ԱՇՖ) համաժողովում Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի՝ Եվրոպայից Ասիա տեղափոխվելու քվեարկությանը մասնակցած ազգային 29 ֆեդերացիաներից դեմ եղել է մեկը, ձեռնպահ՝ վեցը: Դա նշանակում է, որ Ռուսաստանի շախմատիստները բոլոր տարիքային խմբերում կարող են հանդես գալ Ասիայի ինչպես թիմային, այնպես էլ՝ անհատական առաջնություններում: Ռուսաստանը նաեւ կարող է հյուրընկալել Ասիա աշխարհամասի լավագույն շախմատիստների մասնակցությամբ միջազգային մրցաշարեր:
Մասնագետները նշում են, որ հաշվի առնելով, որ ներկայումս մրցակցությունն Ասիայում զգալիորեն ավելի բարձր է, քան Եվրոպայում, բոլորն են շահում այս պատմական տեղափոխումով:
Ավելի վաղ, ՖԻԴԵ-ն որոշում էր կայացրել, որ տվյալ փուլում եթե կգտնվեն շախմատիստներ, որոնք կորոշեն հեռանալ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայից եւ անդամագրվել եվրոպական որեւէ ազգային ֆեդերացիայի, այդ խնդիրը լուծում կստանա մեկ օրում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ