Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քրիստինե Վարդանյան. «Իշխանությունը բացակայում է բոլոր տեղերում, Ճգնաժամ է ներքին ու արտաքին քաղաքական կյանքում»

Մարտ 02,2023 14:59

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը «Հայելի» ակումբում այսօր խոսելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին՝ ասաց. «Մարտի 1-ը նորանկախ Հայաստանի՝ մինչեւ 2020 թվականի պատմության ողբերգական էջերից մեկն է: Այն ուժը, որը ես եմ ներկայացնում, մշտապես հանդես է այն տեսակետով, որ հարցը այդտեղ չպիտի հասներ: Բայց հետահայաց նայելով, աչքի տակ ունենալով 2018-ը ու տեսնելով, որ հարթակին կանգնած մարդիկ, ըստ էության, նույնն են, որ 2008-ին ամբիոնից հնչեցնում էին, թե եկել է արցախցիներից, ղարաբաղցիներից ազատվելու ժամանակը, փաստորեն կարող ենք արձանագրել, որ 2008-ին պետությանը հաջողվեց 10 տարի հետաձգել այն, ինչ մեր հետ եղավ 2018-ին: Այս մարդկանց նպատակը նույնն է եւ միշտ նույնն է եղել , երբ 1998-ին Նիկոլ Փաշինյանը գրում էր իր հայտնի հոդվածը, նույնն էր, երբ Նիկոլը հարթակից բռնության, երկիրը ղարաբաղցիներից ազատելու կոչ էր անում: Այսինքն, ներազգային թշնամանք էր սերմանում: Եվ այնքան փորձեց, մինչեւ 2018-ին եկավ: Ու տեսանք, թե ինչի համար էր ուզում գալ 2008-ին:

Մարտի 1-ը ինչո՞ւ չի բացահայտվում: Որովհետեւ, եթե անաչառ քննություն լինի, գուցե թե այսօրվա իշխանությունները դուրս գան իրենք իրենց վրա, որովհետեւ որեւէ կապ չկա այն ամենի հետ, ինչն իրենք տարիներ շարունակ հայտարարել են, շահարկել զոհերին, խաղացել այդ օրը զոհված 10 մարդու ընտանիքների զգացմունքների հետ, ինչպես հիմա էլ են անում»:

Քրիստինե Վարդանյանը անդրադարձավ նաեւ ՊՆ նախկին շենքից տասնյակ ընտանիքների վտարմանը: «Դա նման է գորդյան հանգույցի: Տարբեր ճակատագրերով այնտեղ հայտնված տասնյակ մարդիկ կան: Բայց ամենակարեւորն այն է, որ ձմռան -4-5 աստիճան ցրտին ունենք փողոցում հայտնված կանայք, անչափահաս երեխաներ, նաեւ չորս ամսեկան երեխա, որոնք արդեն հոսպիտալացվում են, որովհետեւ տասն օրից ավելի է՝ գիշերում են բաց երկնքի տակ:

Մենք, այո, մեր գործընկերների հետ այցելեցինք նրանց եւ կարողացանք այնպես անել, որ վրան տեղադրվի, որ մարդիկ իրենց բողոքն արտահայտելու համար գոնե ունենան մի քիչ ավելի պաշտպանված պայմաններ: Ո՞րն է այստեղ խնդիրը: Դարձյալ իշխանության բացակայությունը բոլոր տեղերում: Ճգնաժամ է եւ ներքին եւ արտաքին քաղաքական կյանքում: Ոչ մի տեղ չենք տեսնում իշխանությանը, որի պարտականությունն է չթողնել, որպեսզի բանը հասնի ճգնաժամի եւ խնդիրները լուծի, որպեսզի ՀՀ տասնյակ քաղաքացիներ ստիպված չլինեն բաց երկնքի տակ գիշերել ձմռանը, հոսպիտալացվեն եւ առողջությանը հասցված անդառնալի վնասներ ունենան»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031