Լրահոս
Օրվա լրահոսը

Անպատասխան հարցեր Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ. Թադևոս Ավետիսյան

Մարտ 02,2023 14:47

Ամուլսարի հանքը կշահագործվի՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, ՀՀ կառավարությունը և Եվրասիական զարգացման բանկը ստորագրել են հուշագիր:

Այս հուշագրով նախատեսվում է ներդնել շուրջ 250 միլիոն ԱՄՆ դոլար՝ հանքավայրի  շինարարական աշխատանքներն ավարտելու և անհրաժեշտ նոր սարքավորումներ ձեռք բերելու համար։

ՀՀ կառավարության պատասխանատուն հայտարարում է նաև․ հանքի շահագործումը Հայաստանի Հանրապետության ՀՆԱն կավելացնի տարեկան շուրջ 1 %-ով, իսկ պետական բյուջեի մուտքերը կավելանան տարեկան շուրջ 40 միլիարդ դրամով։

Կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր և այդպիսով նաև՝ կամրապնդվի տարածաշրջանի անվտանգությունը։

Բացի դա՝ ՀՀ կառավարությունը անվճար, այսինքն՝ «նվեր» է ստանալու ընկերության 12,5 % մասնաբաժինը:

Այսպիսով, օրվա իշխանությունն արդեն արձանագրում է․ իրավունք չունեն հրաժարվել նման հնարավորություններից:

Հիմա ներկայացնեմ առարկայական այն հարցերը, որոնց պատասխանները չկան, և որոնք առանցքային ու սկզբունքային նշանակություն ունեն Ամուլսարի հանքի շահագործման այս կասկածելի գործարքի առումով։

Հարց 1 Եթե իրավունք չունեիք, ապա ինչու՞ եք շուրջ հինգ տարի հրաժարվել այդ հնարավորությունից, որի հետևանքով, փաստորեն, ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունը կորցրել է պետական բյուջեի շուրջ 200 միլիարդ դրամի չափով եկամուտներ, ՀՆԱի շուրջ հինգ տոկոս աճի հնարավորություն, չեն բացվել հարյուրավոր աշխատատեղեր և սրանից բխող՝ չեն ստացվել նաև սոցիալ-տնտեսական լրացուցիչ այլ արդյունքներ։

Հարց 2 Հինգ տարի իրականում ոչինչ չանելով՝ այդ ինչպե՞ս լուծեցիք Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական անկառավարելի ռիսկերի խնդիրը։

Ի դեպ, այս ողջ ընթացքում անդադար խոստանում էիք, որ Ամուլսարի հանքը կբացվի միայն բնապահպանական միջազգային ամենախիստ չափանիշներին համապատասխանելու պարագայում։

Հարց 3 2019 թվականին պետական բյուջեից անիմաստ վճարեցիք 400 հազար ԱՄՆ դոլար՝ հանքի բնապահպանական միջազգային փորձաքննության համար։ Ի՞նչ եղավ։ Ստացվեց զրոյական արդյունք՝ առկա հարցերին չտրվեցին ակնկալվող պատասխաններ։ Ավելին՝ առաջացան նոր հարցեր։

Հարց 4 Հիմա էլ Ամուլսարի հանքի շահագործմանը վերաբերող բնապահպանական խնդիրներին և անորոշություններին ավելացել են տարածաշրջանում ոչ պակաս կարևոր՝ անվտանգային խնդիրները

«թուրքը Ջերմուկի սարերի վրա է և ամրանում է մեր երկրի ինքնիշխան տարածքում»։

Սրա հետևանքով՝ քանի՞ աշխատատեղեր են փակվել, որքա՞ն եկամուտներ է կորցրել պետական բյուջեն, որքա՞ն է նվազել տնտեսական ակտիվությունը տարածաշրջանում և Հայաստանի Հանրապետությունում։

Հարց 5 Այո՛, անհրաժեշտ է ապահովել հանքարդյունաբերության ոլորտում պետության արդյունավետ մասնակցությունը, բայց ոչ երբեք ստվերային գործարքներով և բնապահպանական անթույլատրելի զիջումների հաշվին։

Իրականում ստացվում է․ բնապահպանական անկառավարելի ռիսկերն անտեսելով և անվտանգային նոր սպառնալիքներ ու  ռիսկեր առաջացնելով եք բացում Ամուլսարի հանքը, որ խուսափե՞ք ձեր ձեռամբ և առաջնորդությամբ՝ տարածաշրջանում ամեն օր խորացող սոցիալ-ժողովրդագրական և տնտեսական խնդիրներից, և ստվերային գործարքով փայ մտնե՞ք հանքը շահագործող ընկերությունում։

Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ կուսակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031