Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աջափնյակի կայարանի կառուցումից հետո, մետրոն ամենայն հավանականությամբ այդ նույն գծով շարունակվելու է»

Մարտ 02,2023 14:24

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 1 մլրդ 100 մլն դրամ հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծման աշխատանքների ֆինանսավորման համար: Ինչպես նշել է նախարար Գնել Սանոսյանը, որոշման նպատակը Քաղաքային զարգացման ծրագրի շրջանակում Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման նախահաշվային աշխատանքների ձեռքբերման և ֆինանսավորման համար գումար տրամադրելն է: «Աշխատանքները բաղկացած են 3 փուլից: Արդեն առաջին փուլն իրականացվել է, աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ, կարիք կա հաջորդ փուլերի համար վճարելու նախագծող ընկերությանը»,-ասել է նախարարը:

Կայարանի կառուցումը հիմնավորվում է նաև Աջափնյակը քաղաքի կենտրոնի հետ կապող ուղիների սակավությամբ: Հրազդան գետի ձախ ափին կան փորված մետրոյի թունելների առկայություն, ինչը զգալիորեն կհեշտացնի կայարանի կառուցումը: Դեպի Աջափնյակ զարգացման ծրագրի իրականացումը թույլ կտա ունենալ հարմարավետ արագընթաց էկոլոգիապես մաքուր տրանսպորտ, որը կմիացնի Հրազդան գետի կիրճով բաժանված Երևանի երկու մասերը, ինչը շատ կարևոր է ռազմավարական տեսանկյունից:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ նախագծման առաջին փուլն ավարտվել է և նախնական հաշվարկներով Աջափնյակի կայարանի շինարարությունը տևելու է 48 ամիս, կայարանի ընդհանուր երկարությունը լինելու է շուրջ 1.5 կմ, շինարարությունը ենթադրում է նաև մետրոկամուրջ: Ըստ Տիգրան Ավինյանի, երկրորդ փուլն ավարտվելուց հետո և նախագիծն ունենալուն պես, այն կուղարկվի փորձաքննության և տարվա վերջում կլինի վերջնական նախագիծը:

Մետրոպոլիտենի ընդհանուր վերազինման, շարժակազմերի հետ կապված ծրագրերի մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հարցին ի պատասխան, Տիգրան Ավինյանը նշել է, որ ևս 800 մլն դրամի նախագիծ կա, և հավանաբար արդեն հաջորդ շաբաթ օդափոխության համակարգերի և մի քանի այլ շարժակազմին վերաբերող հարցերի նախագիծը կներկայացվի կառավարության նիստում: «Էական փոփոխություններ են տեղի ունենում, բավականին մեծ ծավալի ներդրումներ ենք անում և ոչ միայն այս կայարանով ենք ուզում սահմանափակվել: Գիտեք, նաև քննարկել ենք Փեթակի հատվածում գտնվող տարածքում ևս մի կայարան ստեղծելու հարցը, իսկ Աջափնյակի կայարանի կառուցումից հետո, ամենայն հավանականությամբ մետրոն այդ նույն գծով շարունակվելու է: Պոտենցիալ երկու ուղղություններ կան, մեկը դեպի Դավթաշենի ուղղությունն է, մեկը դեպի Աջափնյակ վարչական շրջանի խորքն է:

Քաղաքապետարանն առաջարկելու է մետրոյի շարունակական զարգացման ծրագիր, որ մենք ամեն տարի ունենանք նոր կայարանների բացման ուղղությամբ կատարվող աշխատանքներ, և իրականում, երևի թե, սա ամենաարդյունավետ ներդրումներից մեկն է մեր ենթակառուցվածքներում»,-ասել է փոխքաղաքապետը:

Երևանի տրանսպորտային սխեման այս համակարգին համապատասխանեցնելու վերաբերյալ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դիտարկմանն ի պատասխան Տիգրան Ավինյանը նշել է, որ տրանսպորտային միասնական համակարգը հաշվի է առնելու մետրոյի կայարանները, և միայն Աջափնյակի կայարանի կառուցմամբ, ըստ կանխատեսումների, մետրոյում ուղևորափոխադրումների քանակը 22 տոկոսով աճելու է և էականորեն թեթևանալու է փողոցների ծանրաբեռնվածությունը:

Հայաստանում կստեղծվի նոր ավան՝ համաշխարհային մակարդակի գյուղատնտեսական համալիրով, ամառային և ձմեռային հանգստավայրով

Գործադիրը հավանություն է տվել «ՌԻԴ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագրին: Ծրագրով սկզբնական շրջանում նախատեսվում է հիմնել 300 փոքր ֆերմա, որտեղ կներգրավվեն երիտասարդ ընտանիքներ, կնախաձեռնվեն համապատասխան ուսուցման ծրագրեր, կկազմակերպվի ստացված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի իրացումը: Աշխատանքի դիմաց ֆերմերները ստանալու են աշխատավարձ: Նման մոտեցումը կնպաստի ՀՀ-ում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի կենտրոնի ստեղծմանը՝ մշտապես զարգացման հնարավորություններով: Ծրագրով նախատեսված է ամառային և ձմեռային հանգստավայրի կառուցում: Իսկ ջրամբարի կառուցումը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը` մեծացնելով ոռոգվող հողամասերի մակերեսները: Նախատեսված է համայնքի բնակչությանը ոռոգման ջուրը տրամադրել անհատույց, ինչը կլուծի նաև համայնքի բնակիչների համար արդիական սոցիալական խնդիրները:

Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 1,112 նոր աշխատատեղ: Կկառուցվեն ՀՀ-ում նախադեպը չունեցող լեռնադահուկային սպորտային ենթակառուցվածքներ (Միջազգային լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի (FIS) ստանդարտներին համապատասխանող շուրջ 30 կմ սահուղիներ, ճոպանուղի, լեռնադահուկային կանգառներ): Ծրագրի իրականացման դեպքում սկզբնական փուլում նախատեսվում է 236.797 արտաքին և 199.339 ներքին զբոսաշրջային մուտքերի ապահովում: Ընկերությունը պատրաստակամ է առաջիկա հինգ տարիների ընթացքում իրականացնել մոտ 93 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում: Ընկերության կողմից առաջիկա տասը տարիների հարկային մուտքերը պետբյուջե կկազմեն մոտ 34.8 մլրդ դրամ, իսկ գույքահարկի գծով հատկացումները համայնքային բյուջե` մոտ 5.34 մլրդ դրամ: Արդյունքում՝ Արագածոտնի մարզի Արագած և Վարդենուտ գյուղերի շրջակայքում կստեղծվի նոր ավան համաշխարհային մակարդակի գյուղատնտեսական համալիրով ու ամառային և ձմեռային հանգստավայրով:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ «Արագած» լեռան լանջին լեռնադուհակային և էկոգյուղատնտեսական նոր համալիրի ստեղծումը վերաբերելու է Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին: «Նախագծով 4400 հա տարածքի վրա ստեղծվելու է, կարելի է ասել, նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, նրանց կից հյուրատներ: Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որ գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն: Այնտեղ կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղիների գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով և այլն: Կառուցվելու է 25 հազար 260 քմ ճանապարհ և 104 հազար 920 քմ բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ: Ընդհանուր ներդրումային ծավալը կազմելու է 190 մլն դոլար»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով ծրագրին՝ փոխվարչապետը Տիգրան Խաչատրյանը նշել է, որ դրա գնահատումը պետք է իրականացվի խոշոր 4 աուդիտորական ընկերություններից մեկի կողմից: Ըստ փոխվարչապետի՝ եթե 4-րդ տարվա ավարտին փաստացի կատարված ներդրումները չգերազանցեն 20 մլրդ դրամը, ապա փաստացի կատարված ներդրումների պակաս չափի նկատմամբ նախատեսվել է որոշակի ֆինանսական տուգանային միջոց: «7-րդ տարվա ավարտին ծրագիրն իր բոլոր 4 բաղադրիչներով պետք է ավարտված լինի: Եթե այդպես չլինի, ապա ներդրողը կամ պետք է հրաժարվի այն վարձակալված տարածքների նկատմամբ իրավունքից, որը կառավարությունը սահմանափակում ու տրամադրում է իրեն, կամ պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարել տարեկան 500 մլն դրամ, որ շարունակի պահպանել իր վարձակալության իրավունքներն այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտել բոլոր 4 բաղադրիչներով խոստացած ներդրումները»,-ասել է փոխվարչապետը:

Սահմանվել է արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժների կամավոր ատեստավորման և լրավճարի տրամադրման կարգը

Կառավարությունը սահմանել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և ՀՀ պետբյուջեից լրավճարի տրամադրման կարգը: Որոշմամբ սահմանվել է նաև, որ 2023 թ.-ից սկսած կարգին համապատասխան ատեստավորմանը կմասնակցեն՝ պետական և համայնքային մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթաց իրականացնող ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ձյուդո մարզաձևերի ու արվեստի և երաժշտական դպրոցների դաշնամուրի, երաժշտության տեսություն (սոլֆեջիո և երաժշտական գրականություն) դասավանդող մանկավարժական աշխատողները, ինչպես նաև որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը, ով սահմանված պահանջները բավարարելու դեպքում, լրավճար կարող է ստանալ որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից։ Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորման օրվանից սկսած: Միջոցառման գլխավոր նպատակը արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատող ի՝ ըստ մարզաձևերի, ուղղությունների, առարկաների գիտելիքների իմացության աստիճանի գնահատումն ու դրա արդյունքում վերջինիս լրավճարի տրամադրումն է։ Արդյունքում՝ հնարավոր կլինի նպաստել մատուցվող ծառայությունների որակի և մատչելիության բարելավմանը: Ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար կխրախուսի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացումը և լրավճարի տրամադրման միջոցով կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադպրոցական ուսումնական հաստատություններում դրույքաչափերը խիստ տարբեր են՝ ըստ տարբեր համայնքների՝ կախված համայնքների բյուջեներից, սահմանվում է ամրագրված լրավճար հետևյալ տրամաբանությամբ՝ ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138.300 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար, ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111.500 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար, ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80.600 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար:

Կամավոր ատեստավորումն անցկացվելու է նախապես կազմված ժամանակացույցին համապատասխան. 2023 թ.-ից սկսած ատեստավորումն իրականացվելու է մարզադպրոցներում դասավանդող ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ինչպես նաև ձյուդո մարզաձևերի, ինչպես նաև արվեստի և երաժշտական դպրոցների դաշնամուրի և երաժշտության տեսության (սոլֆեջո և երաժշտական գրականություն) դասավանդող մանկավարժական աշխատողների համար, 2024 թ.-ից սկսած՝ ատեստավորումն անցկացվելու է նաև մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողների համար, 2023 թ.-ից սկսած ատեստավորմանը կարող են մասնակցել նաև որևէ հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը, ով լրավճար կարող է ստանալ որևէ հաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից։ Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորումից սկսված։

Գործադիրը նախատեսում է սահմանել հուշաքարերի, խաչքարերի և խաչերի շինարարության իրականացման աշխատանքների ռիսկայնության աստիճան

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է սահմանել հուշաքարերի, խաչքարերի և խաչերի շինարարության (տեղադրման) իրականացման աշխատանքների ռիսկայնության աստիճանը, կանոնակարգել աշխատանքների ընթացքն ու ապահովել պետական լիազոր մարմինների հետ համապատասխան համաձայնությունների ընթացքը: Արդյունքում՝ կհստակեցվեն այդ աշխատանքների համար սահմանված փաստաթղթերի կազմման և պետական լիազոր մարմինների հետ համաձայնությունների ընթացակարգը, որն իր հերթին անմիջական ազդեցություն կունենա ապօրինի օբյեկտների անկանոն տեղադրման կանխարգելմանն ու օրենքի ուժով դրանց ապամոնտաժման գործընթացի իրականացմանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ որոշումը վերաբերվում է փոքր ճարտարապետական ձևերի կառուցման, տեղադրման հետ կապված հարցերին: Ըստ կոմիտեի նախագահի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնակարգված չէ նման օբյեկտների տեղադրման գործընթացը, իսկ թույլտվությունների տրամադրման կարգում հստակեցված չեն այդ օբյեկտների շինարարության կամ տեղադրման համար անհրաժեշտ թույլտվությունների ընթացակարգն ու դրանց ներկայացվող պահանջները: «Դրա հետևանքով հանրապետության ողջ տարածքում առանց որևէ ընթացակարգերի և լիազոր մարմինների համաձայնությունների, իրականացվում են հուշաքարերի, խաչքարերի, խաչերի և ճարտարապետական փոքր այլ ձևերի տեղադրման աշխատանքներ: Արդյունքում խախտվում են ինչպես հատուկ պահպանվող և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման գոտիների պահպանման կարգերը, այնպես էլ քաղաքաշինական, գեղագիտական, անվտանգային կանոնները: Գոյություն ունեցող անկանոն վիճակը կարգավորելու նպատակով առաջարկվում է լրացում կատարել թույլտվությունների տրամադրման կարգը սահմանող կառավարության 2015 թվականի 596 որոշման մեջ: Այսպիսով, այդ օբյեկտները դասակարգվում են որպես միջին ռիսկայնության օբյեկտներ, միջին կատեգորիա, որոնց համար փորձաքննության համար անհրաժեշտ է ունենալ նախագծողի երաշխավորագիրը: Կանոնակարգվում են աշխատանքները և ռիսկայնության աստիճանի սահմանման դեպքում այդ օբյեկտների նկատմամբ կիրառելի են դառնում քաղաքաշինության բնագավառի օրենսդրությամբ սահմանող պահանջները և ընթացակարգերը: Կգործեն նաև պետական լիազոր մարմինների հետ համաձայնությունների ընթացակարգ, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում, այդ թվում միջպետական, հանրապետական ճանապարհների համար համապատասխանաբար 70 և 50 մետր գոտիներում, տեղական նշանակության ճանապարհների համար 30 մետր գոտիներում հատուկ նշանակության և հատուկ պահպանման գոտիներում: Ինչպես նաև, եթե բնության մեջ տեղադրվող, կառուցվող օբյեկտի բարձրությունը գերազանցում է 2.4 մետրը, ապա անհրաժեշտ է նախագծային փաստաթղթերի մշակման փուլում առաջարկվող լուծումները նախապես համաձայնեցնել քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի հետ, որն իր հերթին կհամաձայնեցվի հատուկ գոտիների համար պաշտպանական, ազգային անվտանգության, ոստիկանության, ճանապարհային մշակույթի, շրջակա ոլորտի լիազոր մարմինների հետ»,-ասել է Արմեն Ղուլարյանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը տեղեկացրել է նաև, որ մշակվել է և առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացվի Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում խստացումների վերաբերյալ որոշակի առաջարկությունների փաթեթ:

Ինչ վերաբերում է արդեն առկա օբյեկտներին, ապա ըստ Արմեն Ղուլարյանի, վերջիններս հանդիսանալու են որպես ինքնակամ կառույցներ, որոնց նկատմամբ գործելու է ինքնակամ շինությունների հետ կապված հարցերը կարգավորող օրենսդրական պահանջները:

Նախատեսվում է կարգավորել նախադպրոցական տարիքի առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը

Կառավարության հավանության է արժանացել «Նախադպրոցական կրթության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Նախադպրոցական կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծի ընդունմամբ ակնկալում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը։ Խոսքը, մասնավորապես, տարբեր մակարդակներում գործառույթների և պատասխանատվությունների հստակ բաշխման, կրթական առանձնահատուկ պայմանների կարիքի առավել հասցեական սահմանման և գնահատման մեխանիզմների ներդրման մասին է։ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերի և հաստիքների թվով պայմանավորված, մանկավարժական աշխատողների թվի տարբեր լինելու հանգամանքը հաշվի առնելով՝ առաջարկվում է հստակեցնել նաև պարտադիր վերապատրաստման՝ հինգ տարին մեկ լինելու հանգամանքը:

Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը հաստատել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը: Ըստ հիմնավորման՝ ուսումնական հաստատության ուուսումնադաստիարակչական և վարչական գործընթացների կառավարումը վերապահվում են տարբեր ղեկավարների. ուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմինը կլինի տնօրենը, վարչատնտեսական գործընթացի կառավարումը կիրականացնի վարչատնտեսական մասի համակարգողը, որոնց լիազորությունների, պարտականությունների ու պատասխանատվության մասին դրույթները սահմանված են օրենքով: Համակարգողի ընտրությունն ու նշանակումը ևս իրականացվելու է սահմանված կարգով մրցույթ հայտարարելու արդյունքում՝ հստակ պահանջների առկայության պարագայում: Ուսումնական հաստատության կառավարումը տարանջատելու արդյունքում գործադիր մարմին համարվող երկու ղեկավարները կզբաղվեն հավասարապես կարևոր և աշխատատար համարվող գործառույթներով: Աշխատանքներն օրենքով սահմանված կարգով կիրականացվեն համագործակցային մեխանիզմով: Հաշվի առնելով համակարգողի գործառույթների կարևորությունը և պատասխանատվության շրջանակը՝ կարևորվում է նաև վերջինիս նշանակումը մրցութային կարգով, ինչպես տնօրենի դեպքում է:

Բարձրացվում է սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետությունը

ՀՀ պետական բյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2023 թ. սուբվենցիայի ծրագրային ամբողջական փաթեթների ներկայացման վերջնաժամկետ սահմանել՝ մարզպետարաններ ներկայացնելու համար` մինչև 2023 թ. մարտի 6-ը, իսկ նախարարություն՝ մինչև 2023 թ. մարտի 15-ը։ Այսպիսով՝ 2023 թ. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի անցկացման համար վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի մարտի 31-ը։ Միաժամանակ, հաշվի առնելով համայնքների միավորման գործընթացի արդյունքում ներկայացվող սուբվենցիայի մեծածավալ փաթեթների առկայությունը և դրանց համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, այդ թվում համալիր փորձաքննությունների, մատակարար կազմակերպությունների և ոլորտային գերատեսչությունների հետ նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայնեցման գործընթացները, առաջարկվում է փոփոխություն կատարել սուբվենցիայի հայտերի ու ամբողջական փաթեթների ներկայացման ժամկետներում: Մասնավորապես՝ նախնական հայտերի ու տեխնիկական բնութագրերի ներկայացման համար սահմանել վերջնաժամկետ՝ համայնքների համար՝ ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա մայիսի 5-ը (հուլիսի 10-ի փոխարեն), իսկ մարզպետարանների համար՝ մայիսի 10-ը (հուլիսի 15-ի փոխարեն), ամբողջական փաթեթները մարզպետարաններից նախարարություն ներկայացնելու համար սահմանել վերջնաժամկետ՝ ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 5-ը (նոյեմբերի 30-ի փոխարեն)։ Առաջարկվում է սուբվենցիայի ամբողջական փաթեթներում ներառել բնակավայրի փողոցների կառուցման/նորոգման դեպքում՝ հատակագծերով սահմանված փողոցների ընդգծված պատկերը, ինչպես նաև այդ ճանապարհների սպասարկման ու պահպանման ծախսերը համայնքային բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառելու վերաբերյալ տեղեկանքի պարտադիր առկայությունը, իսկ ոռոգման համակարգերի կառուցման ու նորոգման դեպքում՝ ծրագրի արդյունքում ակնկալվող ոռոգելի հողատարածքների և դրանց չափերի քարտեզային պատկերի առկայությունը փաթեթում։

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Արագածոտնի մարզի Թալին համայնքում բացահայտված առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման հրատապությամբ պայմանավորված: Հանրապետությունում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում՝ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով Արագածոտնի մարզի Թալին համայնքը համայնքի սեփականություն հանդիսացող՝ 169.8614 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը՝ որպես պետական սեփականություն, նվիրաբերում է Պետական գույքի կառավարման կոմիտեին, որի համար դրամական փոխհատուցում չի ստացել։ Թալին համայնքի առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ներկա պահին այս փուլի աշխատանքների իրականացման համար նախատեսվում է հատկացնել 350 մլն ՀՀ դրամ գումար՝ համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում կապիտալ նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար: Թալին համայնքի մի շարք բնակավայրերում նախատեսվում է իրականացնել շուրջ 140 մլն դրամի ասֆալտապատման աշխատանքներ, ինչպես նաև շուրջ 210 մլն դրամի շրջանակում իրականացնել ոռոգման և խմելու ջրի ներքին ցանցերի հիմնանորոգման ու կառուցման աշխատանքներ։ Միաժամանակ ՀՀ կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնում, որ համայնքի առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով հաջորդ փուլերի համար ևս հատկացնել 350 մլն դրամ, որից՝ շուրջ 100 մլն դրամի շրջանակներում Թալին համայնքի մի շարք բնակավայրերում կիրականացվեն մանկապարտեզների շենքերի վերանորոգման ու կառուցման աշխատանքներ, շուրջ 70 մլն դրամի շրջանակներում կիրականացվեն համայնքային նշանակության ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, ինչպես նաև շուրջ 180 մլն դրամի շրջանակներում կիրականացվեն Թալին համայնքի մի շարք բնակավայրերի գազիֆիկացման աշխատանքներ։

Շուռնուխ և Որոտան բնակավայրերի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը երկարաձգվել է մինչև հուլիս ամիսը ներառյալ

Կառավարության որոշմամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը երկարաձգվել է մինչև 2023 թ. հուլիս ամիսը՝ ներառյալ։ Միջոցառման շրջանակում 2021 թ. փետրվարից մինչև 2022 թ. նոյեմբերը ներառյալ՝ շահառուներին տրամադրվել է միանվագ (300,000.0 դրամ) և ամենամսյա (68000 դրամ) դրամական օգնություն։ Ըստ հիմնավորման՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թ. սեպտեմբերի 30-ը, սակայն նշված ժամկետում պայմանագրով նախատեսված աշխատանքներն ամբողջ ծավալով չեն իրականացվել և վերջնաժամկետ է սահմանվել 2023 թ. հունիսի 30-ը: Հաշվի առնելով, որ բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները երկարաձգվել են՝ առաջարկվում է միջոցառման շրջանակում հատկացվող օգնության տրամադրման ժամկետները ևս երկարաձգել:

Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում տուժած անձանց (անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված) ընտանիքների սոցիալական աջակցություն տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Որոշմամբ նախատեսվում է ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 6.6 մլն դրամ՝ հունվար և փետրվար ամիսներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031