Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Բերձորի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելու պատճառով՝ Հայաստանի գրողների միության անդամները, գրչակիցները եւ մտերիմները չեն կարողացել մեկնել Արցախ՝ մասնակցելու Արցախի գրողների միության նախագահ, անվանի բանաստեղծ Վարդան Հակոբյանի վերջին հրաժեշտի արարողությանը:
Հայաստանի գրողների միության էջում եւս նշվում է, որ առկա վիճակը թույլ չի տալիս ներկա լինել Վարդան Հակոբյանի հուղարկավորությանը, դրա համար հայաստանցի գրողները նրան հեռակա կարգով հրաժեշտ կտան ՀԳՄ-ում:
«Ցավոք սրտի, մեզանում այդքան շատ չեն այն անհատները, որ այդքան մեծ դերակատարում ունենան ու համեստ իրենց ձեւով ու կերպով լինեն: Հայաստանի գրողների միությունը երեկ երեկոյան հոգեհանգստի արարողություն է կազմակերպել Երեւանում՝ այն նույն ժամերին, երբ Ստեփանակերտում կայանում էր անվանի բանաստեղծի հոգեհանգստյան արարողությունը: Այսօր եւս գրողները հավաքվել են ու հրաժեշտ կտան Վարդան Հակոբյանին»,-ասաց ՀԳՄ նախագահը:
Նա նշեց, որ Վարդան Հակոբյանի կորուստը շատ ծանր է իր համար. «Նա իսկապես մարդկային առինքնող կերպար էր, հատկապես ինձ համար, մենք ավելի քան քառասուն տարվա ընկերներ էինք:
Կարդացեք նաև
Կամային ուժեղ հատկություն ուներ, նա գրական տարբեր ձեւեր փորձարկեց, պատանեկան տարիներից ավելի ավանդական ոճով էր բանաստեղծական գրքեր հրատարակում, հետո շատ հետաքրքրիր շրջափուլ եղավ իննսունական թվականներին՝ արդեն Արցախյան շարժման տարիներին ու դրանից հետո: Կյանքը ստիպեց ավելի ժամանակակից, ռեալ իրողության պատկերներով, արձագանքներով, մտածումներով ստեղծագործություններ հրատարակի: Եթե առաջ Վարդան Հակոբյանը հիմնականում դասական տաղաչափությամբ էր միայն ստեղծագործում, ապա հետագայում ազատ բանաստեղծության հնարավորություններով ազատություն տվեց իր ներքին հրաբուխներին»:
Էդվարդ Միլիտոնյանն ընդգծում է. «Բոլորը գիտեն, թե երեսուն տարի Արցախը ինչ վիճակներում է եղել, ինչ զոհեր ենք ունեցել, ու այդ ամենը Վարդանը կրում էր իր սրտում: Ամեն ասպարեզ չէ, որ կունենա այդպիսի լիդեր՝ եւ որպես ստեղծագործող, եւ որպես մարդ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ