Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թոռնիկ Ալեյանը, հավանաբար, հասկանում է, որ ինքը իշխանության կեղտոտ խաղի զոհն է դարձել. Ավետիք Չալաբյան

Մարտ 02,2023 14:08

«Ես դժվարանում եմ վկայի վարքագիծը մեկնաբանել, նույնիսկ ինձ թույլ էլ տալ չեմ կարող: Հարցին ընդարձակ անդրադառնամ՝ այս ամբողջ գործը ֆաբրիկացիա է եւ գործող իշխանություններն այդ ֆաբրիկացիան արել են Ալեյանի միջոցով՝ օգտագործելով իրենց խաղում Ալեյանին, մեղմ ասած, որպես գործիք»,- այսօր դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի գործով առանցքային վկա Թոռնիկ Ալեյանն այսօր ներկայացել էր դատարան, բայց ավելի ուշ՝ ինքնակամ հեռացել էր՝ դատարանի աշխատակազմին պատճառաբանելով, թե ինչ-որ հանդիպում ունի: Վկայի հարցաքննությունը կրկին հետաձգվեց: Հիշեցնենք նաեւ, որ Թոռնիկ Ալեյանն արդեն երրորդ նիստն է՝ խուսափում է դատարան ներկայանալուց:

Ավետիք Չալաբյանի գնահատմամբ՝ Թոռնիկ Ալեյանը, հավանաբար, հասկանում է, որ ինքը իշխանության կեղտոտ խաղի զոհն է դարձել եւ իր հարցաքննությամբ դատարանում ինքն ուղղակի խայտառակ կլինի, ուստիեւ խուսափում է հրապարակային հարցաքննությունից:

Անդրադառնալով դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդության մերժմանն էլ, Ավետիք Չալաբյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ միջնորդության հիմքում դրված էր վերադաս դատարանի որոշումը, սակայն, թե մեղադրողը, թե դատավորը անդրադարձան ոչ թե միջնորդության հիմնական փաստարկին, այլ ածանցյալ փաստարկներին, որոնք պաշտպանական կողմը ներկայացրել էր՝ դրանով փորձելով խճճել: Ավետիք Չալաբյանը հույս ունի, որ իր գրավոր որոշման մեջ դատավորը կանդրադառնա պաշտպանական կողմի հիմնական փաստարկին. դրանից կհետեւեն նաեւ պաշտպանական կողմի հետագա քայլերը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, նաեւ որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար. նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալեյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալեյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալեյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031