Քաղաքապետարանում գործում է քաղաքական թիմ և այդ քաղաքական թիմի, ըստ խնդիրների լուծման արդյունավետությունից ելնելով, տարբեր տեղեր, տարբեր մարդիկ են աշխատում։ Ես երեք տարի աշխատել եմ փոխվարչապետ, շատ լավ պատկերացնում եմ՝ ինչպես են աշխատում նախարարությունները, կառավարությունը և հաշվի առնելով կառավարության հետ իմ աշխատանքային մեծ փորձը՝ այսպես մենք արդյունավետություն ենք ապահովում։ Քաղաքապետը չի աշխատել կառավարությունում, քաղաքապետը 3 տարի փոխվարչապետ չի եղել հենց այս նույն շենքում և միգուցե ավելի քիչ է պատկերացնում ներսի գործընթացները։
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ է ինքը Երևանի քաղաքապետարանի գլխավոր դերակատարը՝ այդպիսով երկրորդ պլան մղելով գործող քաղաքապետին:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե նախկին քաղաքապետերից որևէ մեկը կառավարության անդամ չի եղել, սակայն ի պաշտոնե հենց քաղաքապետերն են ներկայացել կառավարության նիստերին՝ Ավինյանն արձագանքեց․ «Կառավարության նիստերին շատ հարցեր են գալիս նաև քաղաքապետարանի նախաձեռնությամբ և դա, այո՛, որոշակիորեն փոխկապակցված է այն հանգամանքի հետ, որ մեխանիզմները քաղաքապետարանի մեր թիմով մենք ավելի լավ ենք պատկերացնում»։
Տեղեկացնենք, որ կառավարության այսօրվա նիստին ներկա էր ոչ թե Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, այլ հենց Տիգրան Ավինյանը։
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ