Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Անի Ավետիսյան

Մարտ 02,2023 09:52

Արցախի հիմնախնդրի լուծումն, ինչ խոսք, աշխարհի, և հատկապես ողջ տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է, քանզի դրանով է ուղղորդվում աշխարհաքաղաքական հետագա զարգացումների վեկտորը: Իրավիճակի խաղաղ ճանապարհով լուծումն առաջին հերթին ողջ արցախահայության, և համոզված եմ՝ սփյուռքի հորդորն ու պահանջն է:

Աշխարհը զբաղված է առաջին հերթին ավելի լայնամասշտաբ թվացող խնդիրների լուծմամբ և կարծես թե չի հապաղում նեցուկ լինել շրջափակման մեջ գտնվող մի ողջ ազգաբնակչության: Ես լիահույս եմ, որ սա լավ հնարավորություն է կոչ անելու աշխարհին՝ գտնվել առավել սրտացավ, օբյեկտիվ և համակողմանի, իսկ մեզ բոլորիս` լինել միահամուռ, կամային, նպատակասլաց և պայքարող. պայքարող` հանուն խաղաղության, հանուն ապագայի, հանուն կայուն ու ծաղկող Արցախի: Նշանակություն չունի` դու հայաստանցի ես, արցախցի, թե սփյուռքահայ: Առկա խնդիրը բոլորինս է` անկախ բնակության վայրից, պաշտոնից կամ սեռից: Շրջափակման մեջ գտնվող նորածինը, ծերն ու մանուկը, որն ունի բուժման, սննդի ու ջերմության կարիք` մեղավոր չէ, որ ապրում է Արցախում: Հակառակը, փառք նրանց, որ չեն հանձնվում, չեն ընկճվում և կոտրվում, այլ ժպիտով են հաղթահարում իրենց առջև ծառացած բոլոր դժվարությունները:

Սիրելի՛ հայեր, մեզանից յուրաքանչյուրի խնդիրն է՝ չտրվել ոչ մի սադրանքի, լինել կիրթ, պատրաստված ու հավասարակշիռ և դաստիարակել հենց այդպիսի հասարակություն, որը պահանջատեր է իր իրավունքի և ազատության համար:

1988 թվականից սկսված ինքնորոշման ու ազատագրման պայքարը շարունակվում է մինչ օրս: 35 տարի հայը պայքարում է ազատ, խաղաղ, ինքնորոշված ու սեփական հողում ապրելու գիտակցման համար: 35 տարի հայն ապրում է անդադար հնչող կրակոցների, կորստի և թշնամու կողմից հրահրվող ագրեսիայի ճնշման տակ: Եվ միթե սա՛ է հայի ճակատագիրը: Իհա՛րկե ոչ. սիրելի՛ արցախցի, պիտի ապրե՛ս դու, պիտի պայքարե՛ս, կորցնե՛ս, լացե՛ս, տառապե՛ս, բայց ո՛չ երբեք նահանջես, կոտրվես ու հանձնվես: Մենք բոլորս պարտավոր ենք կանգուն պահել Արցախը` հանուն Վազգենի, Կոմանդոսի, Ալբերտի, Հայկի, Ադամի և հազարավոր այն հերոսների համար, որոնք առանց վայրկյան անգամ տարակուսելու` իրենց կյանքը զոհեցին հանուն մեր այսօրվա, երեկվա ու վաղվա: Ում մենք պարտական ենք ոչ միայն խաղաղության գինը բարձր պահելու, այլև հայի արժանապատիվ, ազնիվ ու պատկառելի անվան համար:

Դժվարագույն ժամանակներ է ապրում Արցախը: Շրջափակում, սննդի, դեղորայքի, ջեռուցման և շատ այլ լուրջ խնդիրներ, որոնց կողքին ծառացած է Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյաց, տարածքամոլ և սադրանքային քաղաքականությունը, որը կարծես «Աքիլեսյան գարշապարի» նման կախված է Արցախի գլխին: Անվերջ հնչեցվող սպառնալիքներ, որոնց, կարծես թե, ականջալուր չէ ժամանակակից աշխարհը: Եվ ուրեմն, մենք պարտավոր ենք թակել բոլոր միջազգային ատյանների դռները` բաց չթողնելու լսելի լինելու ոչ մի հնարավորություն: Մենք պետք է անդադար ահազանգենք, գոռանք, հիշեցնենք, որ այնտեղ` մի քանի կիլոմետր այն կողմ, մեր երեխաներն են՝ գուցե և սոված, մրսած կամ լուրջ հիվանդ` ում օգնելու հնարավորություն մեզ ուղղակի չի տրվում: Մի՞թե սա խոշտանգում չէ, մի՞թե սա մարդկային ամենատարրական իրավունքների կոպիտ ոտնահարում չէ:

Ես, որպես Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացի, որը չունի հասարակական գործունեություն իրականացնելու ոչ մի լծակ, առաջարկում եմ ստեղծել անվճար օնլայն հարթակ, որտեղ Արցախի աշխատունակ բնակչությունը կարող է մատուցել իր ծառայություններն ամբողջ աշխարհին՝ օնլայն ռեժիմով: Դա կարող է լինել կրթության, ծրագրավորման, թարգմանությունների իրականացման և շատ այլ ծառայությունների մատուցման տեսքով, որի արդյունքում մենք կունենանք լրացուցիչ գումարի ներհոսք: Բացի այդ, բոլոր այն պոտենցիալ արցախահայ ուսանողներին, որոնք գուցե և հնարավորություն չեն ունենա մասնակցել ընդունելության միասնական քննություններին` առաջարկում եմ հնարավորություն տալ օնլայն հանձնել քննությունները, և հետագայում ևս կրթական պրոցեսն իրականացնել օնլայն ռեժիմով: Մենք պարտավոր ենք անել ամեն ինչ՝ «Ապրելու Արցախ» ունենալու համար, քանզի երկրորդ տարբերակ պարզապես չկա:

Անի ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031