«Ազատություն». Երկխոսությունը կայացել է, երեկ Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարել է ադրբեջանական կողմի բանագնաց Ռամին Մամեդովը։
Իվանյանում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի շտաբում տեղի ունեցած փակ հանդիպման մասին ադրբեջանցի պատգամավորը Caliber թերթին որոշ մանրամասներ է պատմել։
«Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ առաջնային պայմանավորվածությունն այն է, որ անհրաժեշտության դեպքում բանակցություններում կարող են ներգրավվել տարբեր ոլորտի մասնագետներ», – ասել է Մամեդովը։
Թե ինչ է սա ենթադրում, Մամեդովը փակագծեր չի բացել։ Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ երեկվա հանդիպման հիմնական թեման «Ղարաբաղի տնտեսական շրջանի հայ բնակչության՝ ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրվելու հարցերն ու հնարավորություններն էին, մարտահրավերները, որոնք խոչընդոտում են այդ շրջանում խաղաղության հաստատմանը»։
Կարդացեք նաև
«Իմ հիմնական նպատակն ու խնդիրն է՝ արագացնել Ղարաբաղում ապրող հայերի վերաինտեգրումն Ադրբեջանի ընդհանուր սոցիալ-մշակութային, տնտեսական կյանքին», – որպես Ղարաբաղում ապրող հայերի հետ շփումների պատասխանատու, իր լիազորություններն է պարզաբանել Ռամին Մամեդովը և հիշեցրել, որ նման ձևաչափով բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին նախագահ Ալիևն անցած շաբաթներին Մյունխենում էր հայտարարել։
Լրատվամիջոցի հարցին, թե Ղարաբաղի հայերը պատրա՞ստ են Ադրբեջանի ամենօրյա կյանքին վերաինտեգրմանը, Մամեդովն ուղիղ չի պատասխանել, միայն ասել է, որ իր տպավորությամբ, հանդիպման մասնակիցների հետ որոշակի շփում ստացվել է։
«Որպես առաջին հանդիպման արդյունք, կարելի է արձանագրել, որ երկխոսությունը կայացել է», – ասել է Մամեդովը։
Ադրբեջանական կողմի բանագնացը չի հստակեցրել, թե կողմերը կոնկրետ որ խնդիրներին են անդրադարձել՝ սահմանափակվելով միայն մեկ բառով՝ հումանիտար։
Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում