Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյանը Մնացական Մարտիրոսյանին հորդորեց օգտվել առիթից եւ հրաժարվել իր գործը քննելուց

Մարտ 02,2023 13:20

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով նիստում այսօր պաշտպանական կողմը դատավոր Մնացական Մարտիրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց: Հիմքը՝ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումն էր, որը բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Ավետիք Չալաբյանին կալանավորելու մասով եւ նա ազատ էր արձակվել:

Նաեւ՝ դատավարության ընթացքում, ըստ պաշտպանների, պաշտպանական կողմի մի շարք իրավունքներ են խախտվել դատավորի կողմից:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Միանալով պաշտպանների դիրքորոշմանը, Ավետիք Չալաբյանն ասաց, որ դատավորի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ի որոշումը, որով ինքը երեք ամսով ազատազրկվեց, տեղի է ունեցել անսովոր պայմաններում, քանի որ պետական մեղադրողը, որպես խափանման միջոց, պահանջել է, որ Ավետիք Չալաբյանը գրավի դիմաց ազատ արձակվի: Նա նկատեց, որ դատարանը՝ պաշտպանական կողմի համար անհայտ պայմաններով, բացառիկ որոշում կայացրեց՝ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացնելով:

Դատավորի նման վարքագիծը, ըստ Ավետիք Չալաբյանի, դուրս է օրենքի շրջանակներից եւ խոսում է դատավորի՝ իր՝ մեղադրյալի նկատմամբ, կանխակալ վերաբերմունքի մասին եւ դատավորի կանխակալության մասին կասկածները գերազանցում են տրամաբանության բոլոր շեմերը: Նա հորդորեց դատավորին՝ օգտվել այս հնարավորությունից եւ հրաժարվել իր դատավարությունից, այդպիսով փրկելով նաեւ սեփական դեմքը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Պաշտպանական կողմը հայտարարեց, որ միջնորդության մասով դատարանից ակնկալում է գրավոր որոշում:

Մեղադրողը չհամաձայնեց պաշտպանական կողմի դիտարկումների հետ: Նրա գնահատմամբ, դատարանին ինքնաբացարկ է ներկայացվում՝ դատարանի կողմից իր պարտականությունները կատարելու համար: Իսկ դատարանի որոշումների հետ կապված նա խնդիր չի տեսնում, քանի որ պաշտպանական կողմը դրանք բողոքարկել է, բայց որ վերադաս դատարանն այլ տեսակետ է հայտնել կալանավորման որոշման մասով, մեղադրողը խնդրահարույց չի համարում: Կողմերի հավասարության մասով էլ նա խնդիր չի տեսնում, քանի որ պաշտպանական կողմի 3-4 ներկայացուցիչները մշտապես եւ ազատորեն հնարավորություն են ունեցել դիրքորոշումները ներկայացնելու: Մեղադրողի կարծիքով, պաշտպանական կողմը արհեստական հնչեղություն է տալիս իր միջնորդությանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ՝ անդրադառնալով անօրինական կալանավորման մասին հայտարարություններին, ասաց, որ պաշտպանական կողմը իրավասու է դիմել համապատասխան մարմնին, որպեսզի քրեաիրավական վարույթ իրականացվի ու զգուշացրեց՝ ձեռնպահ մնալ նման հայտարարություններից, քանի որ դա հակառակ կողմով կարող է իրավական հետեւանք առաջացնել՝ նման հայտարարություններ անողների համար:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Քանի որ, բացարկի միջնորդության հիմքում դրված փաստերի մեծ մասը վերաբերվում են մի քանի ամիս առաջ տեղի ունեցած իրադարձություններին եւ ըստ դատավորի, եթե պաշտպանական կողմը որոշ հարցերի վերաբերյալ չպարզաբանված հարցեր է ունեցել, կարող էին դիմել՝ պարզաբանումների համար, ուստի, դատավորը որոշեց, որ դատավորի բացարկի վերաբերյալ միջնորդությունն անհիմն է եւ այդ հիմքով մերժեց միջնորդությունը:

Հիշեցնենք, նաեւ որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար. նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալեյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալեյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալեյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031