Մարտի 1-ին կայացած Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպմանը դեսպան Արման Խաչատրյանը կրկին բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման խնդիրը:
Ելույթում մասնավորապես նշվել է.
Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ապաշրջափակել Լաչինի միջանցքը և ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։
ԵԽ Նախարարների կոմիտեն բազմիցս լսել է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ականներ տեղադրելու մասին Ադրբեջանի շինծու հայտարարությունները։ Դատարանը միաձայն քվեարկությամբ ամբողջությամբ մերժել է այս հարցով Ադրբեջանի միջնորդությունը։
Կարդացեք նաև
Հայաստանը ողջունում է Դատարանի որոշումները և դրական է գնահատում մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից արված հայտարարությունները, որոնցում հստակ ընդգծվում է Արդարադատության միջազգային դատարանի որոշման շուտափույթ կատարման անհրաժեշտությունը։
Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի ՄԻԵԴ և ԱՄԴ որոշումների շուրջ շահարկումները և պարզապես կատարի միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները։
ԵԽ Նախարարների կոմիտեն պետք է իր ներդրումն ունենա Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շարունակվող անմարդկային շրջափակման շուտափույթ վերացման գործում՝ դրանով իսկ կանխելով մարդու իրավունքների հետագա կանխամտածված խախտումները:
Հայաստանը Եվրոպայի խորհրդում