Արտադպրոցական կրթական հաստատություններում աշխատող մանկավարժները ևս հնարավորություն կունենան կամավոր ատեստավորվելու։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ այս կերպ հնարավորություն կտրվի արտադպրոցական կրթական հաստատություններում աշխատող մանկավարժներին՝ ատեստավորումից հետո լրավճար ստանալու։
«Ընդ որում, նախատեսում ենք, որ առաջին փուլով կկարողանան դիմել արվեստի և երաժշտական դպրոցների դաշնամուրի և երաժշտության տեսության (սոլֆեջո և երաժշտական գրականություն) դասավանդող մանկավարժական աշխատողները, ինչպես նաև մարզադպրոցներում դասավանդող ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ինչպես նաև ձյուդո մարզաձևերի մարզիչները»,- նշեց նա։
Անդրեասյանի խոսքով նախատեսում են, որ համապատասխան արդյունք ցուցաբերելու դեպքում, որը նվազագույնը 70 տոկոսն է, 3 սանդղակով ֆիքսված լրավճարներ կլինեն՝ 70-79 տոկոս արդյունքի դեպքում կգործի 80 600 դրամ լրավճար, 80-89 տոկոս արդյունքի դեպքում՝ 111 500 դրամ, 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում 138 300 դրամ. լրավճարներում ներառված են հարկերն ու տուրքերը:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ