Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Փաշինյանը բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար»․ Մամիջանյանը պատրաստ է պնդումն ապացուցել ու անուններ տալ

Մարտ 02,2023 12:20

«Եթե պարոն Աշոտյանը չի նշել աղբյուրը, ես, բնականաբար, նույնպես չեմ նշի, բայց մեկ այլ պատմություն կասեմ, որի մասին պարոն Աշոտյանն իր ուղիղ եթերում ակնարկեց։ Մի փոքր փակագծերը կբացեմ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հրապարակած ՀՀ-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» դրույթներին եւ Արմեն Աշոտյանի պնդմանը, որ ըստ ԵՄ մի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Արցախի մասին պետք է մոռանանք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ համաձայնել է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն։

Հայկ Մամիջանյանը, որը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ է եւ մասնակցել է վերջին հանդիպումներին, նշեց․ «Բարձրաստիճան եվրոպական մի պաշտոնյա մեր հետ հանդիպման ընթացքում (ձեւաչափն ու անձանց չեմ ասելու) իմ ելույթից հետո, որը վերաբերում էր Արցախի կարգավիճակին եւ ինքնորոշման իրավունքին, ուղիղ տեքստով, նայելով աչքերիս մեջ ասաց՝ մենք ձեր դիրքորոշումները գիտենք, բայց դրանք այս պարագայում ռելեվանտ (տեղին, գործին վերաբերող-հեղինակ) չեն, քանի որ Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն որեւէ բանակցություն չի տանում Արցախի կարգավիճակի վերաբերյալ, եւ բանակցային տրամաբանությունն ամբողջապես հիմնված է Ադրբեջանի կազմում Արցախի ապագային։ Ուստի ինչի՞ մասին եք դուք հիմա ինձ ասում»։

Հայկ Մամիջանյանը շեշտեց, որ եթե որեւէ մեկը հանդգնի իր ասածը հերքել, թող պատրաստվի, որ անուններ են հնչելու․ «Բարձրաստիճան պաշտոնյա է, որն ազդեցություն ունի գործընթացի վրա եւ հստակ տեքստով ասում է։ Մեր հանդիպմանը ներկա էին նաեւ այլ պատգամավորներ։ Եվ նա ասել է, որ Փաշինյանը բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար՝ Ադրբեջանի կազմի տրամաբանության մեջ։ Ով ինչ ուզում է, դե թող հերքի։ Ես իմ խոսքերի համար պատասխանատու եմ։ ՀՀ դատական համակարգն իրենց փեշքեշ․ թող դատի տան։ Սա է իրողությունը։ Ու շատ անտաղանդ կերպով փորձում են հերքել Արմեն Աշոտյանի հրապարակած փաստաթուղթը, որն այս պահի բանակցային տրամաբանությունն է արտացոլում։ Դե թող սա հերքեն։ Սա հերքել հնարավոր չէ, որովհետեւ հանդիպմանն այլ պատգամավորներ էլ են ներկա եղել»։

Հայկ Մամիջանյանի խոսքով՝ իշխանությունը լղոզում է իրականությունը՝ պնդելով, թե կողմ են այնպիսի միջազգային մեխանիզմի կիրառմանը, որով Բաքուն եւ Ստեփանակերտը կերկխոսեն արցախահայության իրավունքների եւ անվտանգության մասին․ «Երբ խաղաղության պայմանագրի դրույթները հրապարակվեն, հիմիկվանից պատրաստվեք, որ ՔՊ-ականներն ու Փաշինյանը երեսը փրկելու փորձեր են անելու։ Մի տասը եզրույթ կարող եմ ասել, որով փորձելու են դա անել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031