Դրոշակի պատգամը-32. Րաֆֆի Հովհաննիսյան
Այսօր Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է երեսուներկուերորդ տարին՝ որպես Միավորված ազգերի կազմակերպության անդամ։
Իր ինքնիշխանությունը, ամբողջականությունը, իրավունքն ու արժանապատվությունը, դրոշակն իսկ այնքան խոցված չեն եղել, որքան այս բախտորոշ պահին…
Թշնամիներ և դաշնակիցներ իրենց հերթին՝ մենք ենք բերել այս օրը։ Մենք և մեր մեջ անունով մարդիկ, ովքեր մինչև հիմա բարոյունակ չեն եղել ժողովրդի առջև ճշմարտանալ՝ խոնարհաբար ստանձնելով պատասխանատվության սեփական բաժինը։
Կարդացեք նաև
Իսկ արժանահիշատակ այս օրվա առթիվ մեր արդի պետականության քայքայման, մեր դրոշակի իմաստազրկման գերագույն մեղավորը մեկն է՝ իր կամքի կատարածուներով հանդերձ։
Ի դեմս նրանց՝ Հանրապետությունն ու ողջ ժողովուրդը չունեն պետական, ազգային շահը ներկայացնողներ՝ առնվազն հայկական, միջազգային բարձրագույն ատյաններում՝ ներառյալ և, առաջին հերթին, ՄԱԿ-ում։
Ուստի՝ ունենալով առանձին փայլուն դիվանագետներ՝ գործող և նախկին, այդ մարդն ու իր վարչախումբը կործանել են նաև Հայաստանակենտրոն, հայաշահ դիվանագիտության վերջին նշույլներն անգամ։
Նյու Յորք, Մոսկվա, Բրյուսել, Մյունհեն, Թեհրան, Պեկին, Դելի, Վաշինգտոն և, հատկապես, Անկարա ու Բաքու՝ գոյություն չունի, խեղդվել է հայաստանյան կամ հայկական որևէ դիվանագիտություն։
Իսկ դա, ինչպես բոլորս գիտենք, սոսկ արտացոլանքն է այն համապարփակ համազգային եղեռնի, որին մեր ոսոխների հետ մեկտեղ նա շարունակում է ենթարկել մեր երկիրը և մեր դրոշակը.
«Մեր Հայրենիք՝ թշվառ, անտեր,
Մեր թշնամյաց ոտնակոխ․․․»:
Դիվանագետի օրը շնորհավոր։
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
2 մարտի 2023
Երևան