Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն ինքնորոշման իրավունքը կարող է լինել միջազգային մեխանիզմի հիմքում․ մնացածը դանդաղ մահ է»․ Արծվիկ Մինասյան

Մարտ 02,2023 11:55

«Իշխանությունը նման արտահայտություններ եւ վարքագիծ ներկայացնելով՝ խուսափում է Արցախի հարցով իր բաժին պատասխանատվությունից՝ ՀՀ-ի պատասխանատվությունից։ Սա անընդունելի է, մերժելի, դատապարտելի»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ՀՀ իշխանության այն մոտեցումը, որ իրենք կողմ են այնպիսի միջազգային մեխանիզմի գործարկմանը, որով Բաքուն եւ Ստեփանակերտը կկարողանան ուղիղ երկխոսել։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ Արցախի ներգրավվածությունն արդեն իսկ նախատեսված է ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ձեւաչափում, ըստ որի՝ որոշակի փուլում միջազգային կազմակերպությունները եւ հանրությունը, եռանախագահությունն առաջադրելու են նման մեխանիզմ․ «Այլ ձեւակերպումներով, «երկխոսություն» ասելով ներկայացնելը, իբր թե իրավիճակից են դուրս գալիս, ձախողման է դատապարտված։ Հայտարարությունները, թե լավ է, որ նստեն-խոսեն Արցախի ներկայացուցիչների հետ, արդեն իսկ ձախողված են։ Եթե ի սկզբանե Ադրբեջանն արձանագրում է, որ չկա Արցախ միավոր, որ արցախահայությունն Ադրբեջանի քաղաքացիներ են՝ ազգային փոքրամասնություն, դա նշանակում է, որ որեւէ միջազգային մեխանիզմի գործադրումն արդեն իսկ ձախողված է»։

Արծվիկ Մինասյանը շեշտեց․ «Դրա համար ենք մենք հիմքում դնում ինքնորոշման իրավունքը, որովհետեւ դրա վրա կարող է կառուցվել միջազգային մեխանիզմ։ Դա կարող է լինել նաեւ եռանախագահող երկրների ներգրավմամբ կամ ՄԱԿ-ի հովանու ներքո։ Եթե ինքնորոշման իրավունքը չի դիտվում որպես հիմնարար իրավունք, ապա ինչ էլ առաջարկեն ու խոսեն, դա ժամանակավոր ու դանդաղ մահվան գնացող գործողություն է լինելու։ Իշխանության վարքագծում բացակայում է ինքնորոշման իրավունքը, եւ դա հակասում է իրենց իսկ նախընտրական ծրագրին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031