Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա, երբ Փաշինյանը ձեռքերը լվանում է եւ ասում, որ Արցախը պետք է բանակցի, բա դու ո՞վ էիր, որ ստորագրեցիր դա»․ Արծվիկ Մինասյան

Մարտ 02,2023 11:47

«Այն, ինչ արեց Ադրբեջանի հանցագործ նախագահը Մյունխենի համաժողովի ժամանակ, ոչ այլ ինչ էր, քան հայ ժողովրդի վզին փաթաթել Փաշինյանի իշխանության դավադիր, կապիտուլյացիոն ելքը։ Դա հետեւանքն է այն բանի, որ ՀՀ իշխանությունը քաղաքացիներին ու միջազգային հանրությանը ներկայացնում է, թե մենք հաշտվել ենք դառը իրականության հետ, Արցախը կորցնելու հետ, ՀՀ-ն պաշտպանելու անկարողության հետ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովի քննարկումներին։

Մինասյանի խոսքով՝ 2020թ․-ի նոյեմբերի իննի եռակողմ փաստաթղթով Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ Արցախի տարածքներն Ադրբեջանին թողնելու հանցագործ վարքագիծ դրսեւորեց․ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ պետք է ստորագրի Արցախի տարածքներն Ադրբեջանին հանձնելու փաստաթուղթ։ Ի՞նչ իրավասությամբ նա դա արեց։ Հիմա, երբ ձեռքերը լվանում է եւ ասում, որ Արցախը պետք է բանակցի, բա դու ո՞վ էիր, որ ստորագրեցիր դա եւ երկու կյանքի ճանապարհ հանձնեցիր ու փոխանցեցիր։ Ուստի երբ խոսում են երկրորդ կապիտուլյացիայի մասին․․․սա արդեն կապիտուլյացիա չի, չգիտեմ ինչ բառ ասեմ։ Արցախին անպաշտպան են թողնում ոհմակների մեջ եւ հիմնավորում, թե Արցախն է բանակցելու։ Սա եռակի դավաճանություն է»։

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների միջնորդությամբ մարտի մեկին Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը՝ Արծվիկ Մինասյանը նշեց․ «Եթե անգամ նվազագույն հումանիտար հարցեր են ուզում լուծել, դա չպետք է դիտարկվի  ընդհանուր համատեքստում։ Դա չի նշանակում Ադրբեջանի հետ երկխոսություն, առավել եւս, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները թիրախավորող են։ Նրանք «Ղարաբաղի հայկական բնակչության ներկայացուցիչներ» արտահայտությունն են օգտագործում։ Երբ սա դառնում է վարքագիծ, միջազգային հանրությունն էլ է այսպես ընկալում։ Արցախի իշխանությունն ամեն ինչ պետք է անի, որ հումանիտար հարցերի քննարկումը չդառնա Ադրբեջանի ներքին հարցերի շրջանակում քննարկվող բան։ Բայց եթե Արցախի նախագահն ունենար կամք, այս օրին չէինք հասնի։ Այո, լարվածության որոշակի թոթափում պետք է լինի, բայց ոչ արցախահայության ինքնորոշման իրավունքի հաշվին։ Եթե Արայիկ Հարությունյանը «Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչ» է, ապա ակնհայտ է, որ գործ ունենք անդեմ, անատամ մի մարդու հետ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031