ՀՀ իշխանությունները ամենօրյա ռեժիմով ցույց են տալիս, որ ձեռքները լվացել են Արցախից, և մինչ խոսում են Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության հաստատման մասին, Ադրբեջանը հետևողական առաջ է մղում Բերձորում ադրբեջանական անցակետի տեղակայման և, այսպես կոչված, «բնապահպան ակտիվիստների» պահանջների կատարման թեմաները։ Այլ կերպ ասած՝ Արցախը թողնված է ճակատագրի քմահաճույքին։ Եվ եթե Ադրբեջանը որոշի ու անցակետ տեղադրի, ապա ՀՀ իշխանությունները ոչինչ չէին ձեռնարկելու՝ ինչպես միշտ պատասխանատվությունը գցելով միայն ռուս խաղաղապահների վրա։ Ու նաև այդ է պատճառը, որ նրանց փոխարեն ՌԴ արտգործնախարարն է Ադրբեջանին հիշեցնում, որ եռակողմ հայտարարությամբ անցակետի տեղակայում նախատեսված չէ, սակայն կա հնարավորություն տեխնիկական միջոցներով վերացնել առկա կասկածներն այն հարցում, որ միջանցքն իսկապես օգտագործվում է ըստ նշանակության:
Փաստացի Ադրբեջանը ձգտում է հասնել նրան, որ Լաչինի միջանցքում սքան տեղակայվի, իսկ հայկական կողմից դրա վերաբերյալ որևէ արձագանք չկա, քանի որ դրանով միջանցքով երթևեկության խոչընդոտներ են հարուցվելու, և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ազատ տեղաշարժը խախտվելու է։ Դրա փոխարեն ՀՀ իշխանությունները Հաագայի դատարանի որոշման շուրջ մի այնպիսի հաղթանակ են կառուցել, կարծես դրանով շատ լուրջ հարց է լուծվելու։ Չթերագնահատելով Հաագայի դատարանի որոշման կարևորությունը՝ պետք է արձանագրել, որ այս կապակցությամբ իշխանության ներկայացուցիչների մեկնաբանություններն անգամ զավեշտի են հասնում, երբ նրանք նշում են, թե իբր Լաչինի միջանցքի փակումը քաղաքական առումով ավելի մեծ վնաս է պատճառում Ադրբեջանին, քան Հայաստանին ու Արցախին:
Քպականներին թվում է, որ եթե իրենց աչքում իշխանության տոտալ ձախողումը չի երևում, ապա դա այդպես է նաև մյուսների համար։ Իսկ մեր այն տարածքների մասին, որոնք հիմա օկուպացված են ադրբեջանական զորքերի կողմից, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կոնտեքստում որևէ խոսք չկա, ինչպես և չկա ադրբեջանական զորքերի դուրսբերման շուրջ հասցեական միջազգային արձագանք։ Ու այնպիսի տպավորություն են ուզում այս իշխանությունները ձևավորել, որ եթե եվրոպացի դիտորդներին հրավիրել են ՀՀ սահմանները դիտարկելու, ապա դրանով կանխվելու է նոր հարձակումը։ Այնինչ, չի բացառվում, որ այդ դիտորդների առկայությունը էլ ավելի մեծ սպառնալիքներ ստեղծի Հայաստանի համար…
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։