Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտադիր են կայացման համար». ՄԱԿ-ը՝ Լաչինի միջանցքի հարցով միջազգային դատարանի որոշման մասին

Մարտ 02,2023 10:26

«Ամերիկայի ձայն». Իրավագետներն ու վերլուծաբանները շարունակում են արձագանքել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը Լաչինի միջանցքի կապակցությամբ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վստահության ցուցաբերումը միջազգային դատարանին՝ միմյանց միջև տարաձայնությունները կարգավորելու համար, հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը՝ ի պատասխան Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման։ Դյուժարիկը տեղեկացրել է, որ Գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունել Հաագայի դատարանի որոշումներն այս առումով՝ հիշեցնելով դրանց կատարման պարտադիր բնույթը:

Լաչինի միջանցքի մասին միջազգային դատարանի վճիռների կապակցությամբ արձագանքել է նաև Ֆրանսիան: Արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Փարիզը «ի գիտություն է ընդունել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ 2023 թվականի փետրվարի 22-ի ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը»: Ֆրանսիան իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի դատարանին և ևս հիշեցնում վերջինիս որոշումների կատարման պարտադիր բնույթի մասին։

Իրավապաշտպան, «Ցեղասպանության արձագանքման կոալիցիա»-ի համահիմնադիր Էվելինա Օչաբն ամերիկյան հայտնի «Forbes» ամսագրում «Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ճանապարհային արգելափակումը» վերնագրով հոդվածում անդրադարձել է Լաչինի միջանցքի շուրջ վերոհիշյալ զարգացումներին: Նա մանրամասն ներկայացրել է դատարանի ընդունած որոշումը, ըստ որի՝ Բաքուն իր ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն միջանկյալ այս փուլում պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների անխափան փոխադրումը: Իր հոդվածում Էվելինա Օչաբը շեշտում է՝ դեռևս պարզ չէ, թե արդյոք Ադրբեջանը կկատարի այս վճիռը, թե ոչ։ Ըստ նրա՝թեև դրա կատարումը պարտադիր է, այնուամենայնիվ, միջազգային դատարանն այն ի կատար ածելու միջոցներ չունի։

Իր հերթին, ՄԱԿ-ի իրավական խորհրդատու, մարդու իրավունքների գծով փաստաբան Շեյլա Փայլանն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասել է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը կայացրել է իր որոշումը, և այժմ անհրաժեշտ է ժամանակ տրամադրել, որպեսզի Ադրբեջանը իրականացնի այն: Հասկանում եմ հայկական կողմի ահազանգները հրատապության մասին, քանի որ գործ ունենք ընթացող հումանիտար ճգնաժամի հետ, նշում է իրավագետը՝ընդգծելով, սակայն՝ վճռի իրականացման համար դեռ քիչ ժամանակ է անցել, և միջազգային համակարգն այս պահին անում է իր գործը՝ արձակելով այս վճիռը:

«Անհրաժեշտ է գտնել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու դիվանագիտական կամ քաղաքական ուղիներ, որպեսզի վերջինս հարգի այս վճիռը: Իրավական հետևանքները չեն կարող լինել այս պահին, քանի որ դեռ վաղ է խոսել դրանց մասին»,- պնդում է Փայլանը:

Նրա խոսքով Հաագայի դատարանը պաշտպանում է միջազգային այն կանոնները, որոնցով առաջնորդվում են բոլոր պետությունները, ուստի դատարանի որոշումները պարտադիր են բոլորի համար, հակառակ դեպքում.

«Երկիրը դառնում է վտարանդի, և դա այնքան էլ հաճելի բան չէ: Վստահեցնում եմ՝ Ադրբեջանը չի ցանկանում ստանձնել այդ դերը: Ոչ մի երկիր չի ցանկանում իրեն վտարանդի զգալ, ինչպես օրինակ Հյուսիսային Կորեան»,- ասում է Փայլանը:

Փայլանի խոսքով, սակայն, այս վճռի կապակցությամբ Ադրբեջանից հնչող հռետորաբանությունը հուշում է այն մասին, որ Բաքուն մտադիր չէ իրականացնել այն, որն, ըստ նրա, մտահոգիչ է:

«Պատկերացնենք, որ Ադրբեջանն իսկապես երկարաժամկետում չի կատարում այդ որոշումը։ Ի վերջո, մինչև գործի ավարտը, երբ դատարանը կքննարկի գործի ընդհանուր ընթացքը, քանի որ մենք այժմ միջանկյալ փուլում ենք, դատարանը կարող է քայլերի դիմել՝ փոխհատուցում սահմանելով այս վճիռը չկատարելու համար, սակայն դա կարող է լինել մի քանի տարի անց: Այս պահին դատարանն այլ բան չի կարող անել, քան արվել է»,- նշում է նա

Ըստ Փայլանի՝ վճռի իրականացման ձգձգումը խնդիրը կարող է տեղափոխել քաղաքական հարթություն, օրինակ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Այստեղ դիմելու ֆորմալ մեխանիզմ գոյություն չունի, նշել է նա:

«Հայաստանը կամ որևէ այլ երկիր կարող է հարցը բերել Անվտանգության խորհուրդ՝ այն քննարկելու համար, որից հետո Խորհուրդը կարող է դիմել տարբեր միջոցների: Դրանցից են ավելի մեղմ քայլերը՝ հայտարարության, բանաձևի ընդունումը կամ ավելի կոշտ միջոցները՝ ռազմական միջամտությունը, որը չափազանց ծայրահեղ քայլ է: Այս համատեքստում չեմ տեսնում նման զարգացման հեռանկար: Մեկ այլ տարբերակ է նաև պատժամիջոցները»,- ասում է Փայլանը:

Շեյլա Փայլանի պնդմամբ՝ Անվտանգության խորհուրդը ինքն է որոշումներ կայացնում ինչպիսի քայլերի պետք է դիմել այս կամ այն դեպքում: Եթե նրանք ցանկանում են ստիպել որևէ մեկին փոխել վարքագիծը, ապա մեծ հաշվով ազատ են գործելու իրենց ցանկությամբ, ընդգծում է իրավագետը:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031