Դատա-իրավական համակարգում այս փուլում տեսնում ենք թիրախավորվող դատավորներ, որոնք ինչ-որ մի փուլում կարող են զրկվել լիազորություններից, իշխանության, այսպես ասած, քիմքին հաճո վարքագիծ չդրսևորելու պատճառով: Դիտարկելով նաև վերոնշյալ մոտեցումը՝ փաստաբան Երվանդ Վարոսյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծել է, որ այս իրողությունը ևս ավելի լայն նպատակի տրամաբանության մեջ է:
«Դատական համակարգն այս իշխանությունները հասցրին մի կետի, երբ արդեն կարող ենք ասել, որ դատական համակարգ, բառի բուն իմաստով, գոյություն չունի: Գոյություն ունի աննման զույգ՝ ի դեմս արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ու նրա վաղեմի ընկեր ու գործընկեր՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի: Եվ գոյություն ունի նրանցից ներքև գտնվող ինչ-որ բուրգ: Այս ամենն անհնար է դատական համակարգ կոչել: 2018-ից քայլ առ քայլ եկան ու հասան այս փուլին»,-ասաց մեր զրուցակիցը:
Խոսելով ավելի լայն նպատակի մասին՝ նա շեշտեց. «Այս ամենը, իհարկե, ուղիղ Նիկոլ Փաշինյանից է գալիս: Եվ մենք, ցավոք, գործ չունենք իրավաքաղաքական գործընթացների հետ: Սա բացառապես քաղաքական դրսևորում է: Իշխանության հասած մեկ անձի՝ իր իշխանությունը հավերժացնելու ճանապարհին հնարավոր իրական ու ենթադրյալ խոչընդոտները վերացնելուն ուղղված գործընթաց է սա: Այստեղ որևէ այլ բան փնտրել պետք չէ: Այդ անձի՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին ասպարեզում արած ցանկացած գործողություն միտված է միայն այդ մեկ նպատակին՝ իշխանությունը հավերժացնելուն: Այլ նպատակ նա չի կարող պատկերացնել»:
Երվանդ Վարոսյանի խոսքով, զիջումային քաղաքականությունը ևս իշխանությունը պահելու ցանկությունից է բխում. «Օրինակ՝ ամիսը հինգ անգամ կարող է փոխել արտաքին քաղաքական ուղղվածությունը, բայց դրա հիմքում ևս նշված նպատակից բխող հարցադրումն է՝ ո՞րն է ավելի հարմար իշխանություն պահելու համար: Սա է պատճառը, որ ինչ-որ պահի արտաքին դաշտում կարող է հոխորտալ, խոսել ՀՀ-ից զավթված սուվերեն տարածքներից, հետո կարող է ամիսներով մոռանալ, որ ՀՀ սուվերեն տարածքները զավթված են: Այդ ամենի տրամաբանությունը մեկն է. յուրաքանչյուր պահի մտածում է, թե այդ պահին իշխանություն պահելու համար, որն է ավելի հարմար դիրքը, որ կարող է ընդունել»:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում