Ադրբեջանցի դպրոցականները տոնական միջոցառման ժամանակ գետին նետեցին Արցախի դրոշը, ոտքերով տրորեցին այն ու միասին գոչեցին. «Մա՛հ հայերին»։
Նայում եմ էկրանին ու զարմացած հարցնում հայրիկիս.
-Ինչո՞ւ։
Նա էլ ինձ պես թոթվեց ուսերը.
Կարդացեք նաև
– Սխալվեցին, ուսուցչի սովորեցրածը մոռացել էին հավանաբար,- ասաց ու փախցրեց հայացքը։ Հաջորդ պահին տեսա, թե ինչպես դահլիճը թնդաց ծափերից, իսկ ուսուցչուհին նվերներ բաժանեց երեխաներին։
Որոշեցի նամակ գրել ադրբեջանցի հասակակցիս ու ասել. «Ինչպե՞ս կարելի է ատել մի ժողովրդի, որը սիրում է իր հայրենիքը, ուզում է ապրել այնտեղ, տերը լինել ապուպապերի ժառանգության։ Չէ որ նրանց վանքերի տարիքը տասնյակ դարերով է հաշվվում։ Քո՞ պապերն են կառուցել այդ վանքերը հայկական, իսկ ինչո՞ւ ոչ մուսուլմանական` ձեր սերունդների համար։ Ինչո՞ւ են ձեր հայրերը, քեռիներ, զինվորները այս էլ քանի՜ տարի, քանի՜ անգամ ներխուժում Արցախ, ավերում նրա տներն ու այգիները, սպանում ծերերին ու մանուկներին, գերեվարում զինվորներին։
Իսկ մեզ դպրոցում սովորեցնում են, որ Ադրբեջանը մեր հարևանն է, նրա երեխաները մեզ նման դպրոցականներ են։ Մեր պատմության ուսուցչուհին ներկայացնում է Արցախի պատմության հերոսական էջերը, այն 35 տարիները, որի միջով անցավ այն։ Հազարավոր հայորդիներ աշխարհի բոլոր ծայրերից օգնության եկան, իրենց կյանքը չխնայեցին հանուն Արցախի անկախության։ Պայքարն այսօր էլ շարունակվում է։
Դասարանցիներով հաճախ ենք լինում «Առյուծներ» պանթեոնում։ Այնտեղ են տասնյակ քաջորդիներ, մեր դպրոցի 10 շրջանավարտներ, Մատաղիսի հերոս Վահագն Հովակիմյանը։ Նրանք Հայաստանի և Արցախի դրոշների ներքո են, ծաղիկների աշխարհում…
Մենք խոստանում ենք, որ կիսատ չենք թողնի նրանց գործը, որ Արցախը կապրի հավերժ հայկական։
Ես մեր դպրոցի աշակերտական խորհրդի քարտուղարն եմ։ Լավ եմ սովորում, սիրում եմ գրականություն, ֆիզիկա, քիմիա, պատմություն, բոլոր առարկաները։ Ուզում եմ պատմել մեր խորհրդի վերջին նիստի մասին։ Այն նախաձեռնել էր ռազմահայրենասիրական և սպորտային հանձնախումբը։ Քննարկման թեման Արցախն էր, նրա 35-ամյա պայքարը և մեր՝ դպրոցականներիս, խնդիրը այդ վեհ գործում։
-Դպրոցում քիչ են ֆիզկուլտուրայի և ռազմագիտության ժամերը։ Անհրաժեշտ է ավելացնել դրանց ժամաքանակը ապագա զինվորների մարզավիճակը գերազանց ապահովելու համար,- առաջարկեց 8-րդ դասարանցի Արեգը,- ռազմագիտության դասերը պետք է համալրել գործնական պարապմունքներով, որպեսզի աշակերտները ծանոթանան զինատեսակներին, նրանց տեխնիկային, օգտագործման կանոններին, կարողանան արագ և ճշգրիտ մասնատել և նորից հավաքել դրանք։ Օգտակար կլիներ, որ ամրապնդվեր դպրոց-զորամաս կապը։ Աշակերտները թող հաճախ լինեն զորամասում, ծանոթանան զինվորների առօրյային, մասնակցեն դիպուկահարների վարժանքներին։ Զինվորներն ու սպաներն էլ հաճախ լինեն դպրոցում, պարապմունքներ կազմակերպեն երեխաների համար։
-Շատ անելիքներ կան բանակի դերը բարձրացնելու ուղղությամբ, – կարծիք հայտնեց 9-րդցի Աննան, – Չէ՞ որ բանակը մշտական հոգատարության կարիք ունի։ Միայն ուժեղ, հզոր բանակը Արցախի վրա կսևեռի աշխարհի ուշադրությունը։ Թուլացել է ռազմահայրենասիրական դաստիարակությունը բանակում, նաև դպրոցում։ Քիչ են հնչում ռազմահայրենասիրական երգերը, չենք տեսնում պարերը, ասմունքը։ Եկեք փոքրիկ համերգներով լինենք զորամասում, երգենք, պարենք զինվորների հետ…
-Լավ կլինի, որ արցախցի երիտասարդ գիտնականները գործուղվեն արտերկիր, ծանոթանան ռազմարվեստի գաղտնիքներին։ Պետք է զարկ տալ անօդաչու թռչող սարքերի նորագույն տեսակների արտադրությանը։ Դրանք կիրառել թշնամու ոտնձգության դեպում,- առաջարկում է մեր դասարանի Վարդանը, – ոչ ոք չպատժեց Ադրբեջանին արգելված զինատեսակներ, մասսայական ոչնչացման զենքեր (արգելված) կիրառելու համար։ Բանակը լավ զինելու համար դրսից գնել է պետք հզոր զինատեսակներ։
– Ո՞վ պետք է ապահովի Արցախի անվտանգությունը, ազատությունը, երջանիկ ապագան, եթե ոչ հայը, արցախցին։ Կազմակերպել է պետք այլ երկրներում ապրող արցախցիների վերադարձը, քանզի այսօր, առավել քան երբևէ, հայրենիքն ունի նրանց կարիքը, – իր խոսքում ասաց Արմանը։
Ինձ շատ ուրախացրեց այն, որ շրջափակված Արցախում հարյուր և ավելի երեխաներ են ծնվել, հարսանիքներ են լինում։ Դա խոսում է արցախցու հաստատակամության, իր տանը հավերժ ապրելու անկոտրում կամքի մասին։
-Մենք աղջիկներս ուզում ենք օգնել Արցախին, նրա կողքին լինել։ Ուզում ենք մասնակցել զորավարժությունների, դիպուկահարների վարժանքներին։ Ինչո՞ւ չէ, ցանկացողներն էլ թող ընդգրկվեն զինվորական ծառայության, – դասընկերուհիների ցանկությունը հայտնեց Վարսինեն։ – Համոզվեցինք, որ Արցախը միայնակ է։ Վկա նրա 70 օրյա շրջափակումը։ Բոլոր պետություններն ամենաբարձր ամբիոններից հորդորում են բռնապետին բացել Արցախը Հայաստանին կապող միակ միջանցքը, բայց ոչ ոք չի բռնում նրա արյունոտ թաթը և դուրս նետում այնտեղից։ Մենք դրսից օգնության ակնկալիք չունենք։ Աշխարհը վախենում է Արցախի շեմին կանգնած վիշապից, արցախցին` ոչ։ Նա իր տանն է և չի պատրաստվում ուրախացնել բռնապետին,- դառնացած շարունակում է Վարսինեն։
-Անհրաժեշտ է ամուր պահել Արցախի սահմանները։ Այնտեղ ամրոցներ, պաշտպանիչ պատեր կառուցել։ Ինչպե՞ս չհիշեմ Րաֆֆու «Ջալալեդդին»-ը,- այսպես սկսեցի իմ ելույթը, – ուզում եմ մեջբերել մի փոքրիկ հատված այնտեղից, որը համահունչ է Արցախին. «Ո՜վ հայրեր, ո՜վ պապեր, եթե դուք այն վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի ու անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենք գնեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ…»։ Ես դեմ չեմ անցյալ ու ներկա եկեղեցաշինությանը, բայց մի երկիր, որն ամենօրյա ներխուժման վտանգի տակ է թշնամու կողմից, նախ պետք է ապահովի ժողովրդի ու երկրի անվտանգությունը։
-Դպրոցականներիս պարտքն է լավ սովորել։ Խորությամբ ուսումնասիրել քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկա, աստղագիտություն առարկաները։ Դա կօգնի մեզ ապագայում ստեղծել հզոր զենքեր, հրթիռներ, որոնք կօգնեն տիեզերքից հետախուզել, վնասազերծել թշնամու,- առաջարկում է Գոհարը: – Դա է պահանջում Արցախի շահը, մենք պատասխանատու ենք Արցախի համար:
Երկար տևեց մեր նիստ-խորհրդակցությունը։ Վերջում մեր խորհրդի անունից ընդունեցինք ուղերձ`ուղված բոլոր հայերին. «Եկե՛ք Արցախ։ Նա ապրում է իր բազմադարյան կյանքի ամենածանր օրերը։ Նա մենակ է, բայց ոչ հուսահատ։ Եկե՛ք միասին գլխատենք նրա մուտքը փակող վիշապին։ Միայն միասնությունը կփրկի Արցախը»։
Փետրվարի 13-ին, պատմական այդ օրը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել էին արցախցի մայրերն իրենց երեխաների հետ։ Նրանք պաստառներով էին, երեխաները` ծաղիկներով ու փուչիկներով։ Խաղաղ ակցիայի միջոցով մեկ անգամ ևս նրանք կոչ էին անում աշխարհին՝ ազատել իրենց հայրենիքը շրջափակումից։
Հավատում եմ, որ վաղը նրանք ազգային միասնության շնորհիվ ցած կբերեն այնքա՜ն երազած խաղաղությունը Արցախի համար։ Այցի կգնամ առյուծների պանթեոն և կասեմ. «Ննջե՛ք խաղաղությամբ, ազատ ու անկախ է ձեր Արցախը…»:
Ես կգնամ սովորելու Ստեփանակերտի համալսարանում, ապրելու Արցախում… Դա կլինի իմ, ընտանիքիս աջակցությունը Արցախին։
Այն եղել է ու կպահենք հայկական…
Միլենա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ