Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Ալիսա Ամիրխանյան

Մարտ 02,2023 13:04

Անցյալի և ապագայի միջև. իմ սերնդի դիմանկարը կամ պարզապես անկախության սերունդը

Մինչ աշխարհն ամբողջությամբ առաջ է շարժվում,
երիտասարդները ամեն անգամ պետք է սկսեն նորից
Յ. Գյոթե

Արցախյան հերոսամարտը, վստահաբար կարող եմ ասել, լավագույնս գովերգված է հնարավոր բոլոր տարբերակներով. պատմության գրքերով, երգերով, ֆիլմերով, բանաստեղծություններով։

Այս հոդվածում իմ նպատակը ներկա պահին երիտասարդների առջև ծառացած խնդիրների մասին խոսելն է։

Մենք ապրում ենք գլոբալիզացիայի դարաշրջանում, երբ ոչ միայն տեղեկատվական, այլեւ աշխարհագրական սահմանները դարձել են կոնվենցիա։ Ոչ միայն ավագ սերնդի, այլեւ ավանդապաշտ երիտասարդության ներկայացուցիչները հաճախ դժգոհում են, որ այս պայմաններում երիտասարդների արժեքային կողմնորոշումները տարբերվում են։

Պահպանողական արժեհամակարգով բնորոշվող երիտասարդության մեջ բավական տարածված է ազգային արժեքները համամարդկայինին հակադրելը: Շատերը հայկականը համարում են ճիշտ, իսկ համամարդկայինը՝ հակազգային, հետևաբար և՝ սխալ: Ըստ այդ մոդելի, նախ շատ նեղ է սահմանվում «ազգայինի» շրջանակները և երկրորդ` այն, ինչը չի համապատասխանում իրենց պատկերացրած «ազգայինին», համարվում է սխալ ու անընդունելի: Որոշ առումով այս երևույթը խորհրդային շրջանի իներցիայի հետևանք է, երբ «սովետական ինտերնացիոնալիզմը» հակադրվում էր «բուրժուական կոսմոպոլիտիզմին»: Կոսմոպոլիտ` այսինքն` աշխարհաքաղաքացի լինելը, երիտասարդության նշված շրջանակների միջավայրում տարածված կարծիքի համաձայն, այսօր էլ դիտվում է որպես բացասական մի բան և վտանգավոր «ազգային» ինքնության համար: Երիտասարդության որոշ շրջանակներում առկա այս մոտեցումը նպաստավոր չէ համաշխարհային զարգացման գործընթացներում ու առաջավոր աշխարհում ինտեգրվելու տեսանկյունից:

Արցախի երիտասարդությունը մի սերունդ է, որը մեծացել է երկրի և անկախության հետ միասին։ 35 անկախ տարիներում Արցախի հայրենասիրության թեման առանձին վառ գիծ է պետության և ազգի ձեռքբերումների շարքում։ Հոգեբանական տեսանկյունից մարդը փորձում է վերադառնալ այնտեղ, որտեղ իրեն լավ է զգացել, այդ իսկ պատճառով ավագ սերունդը ողողված է անցյալի մտքերով. «Մեզ նոր Նժդեհ է պետք», «Նոր Սպարապետ», այս պահին դա մեր իրականությանը և 21-րդ դարին ցավոք չի համապատասխանում։ Այդ և մի շարք այլ անունները հավերժ մնալու են հայոց պատմության մեջ, որպես լավագույն առաջնորդներ, մենք խոնարվում ենք նրանց առջև, նրանցից առաջին հերթին պետք է ժառանգենք հայրենասիրությունը։ Հիմա մեզ պետք է նոր ֆիզիկոս, նոր ծրագրավորող, «Նոր Վիկտոր», «Նոր Արտեմ», նոր մոտեցումներ, տեխնոլոգիաներ և նոր զարգացումներ, որոնք շարժվում են դարին համապատասխան։

Յուրաքանչյուր սերունդ բնութագրվում է որոշակի բարոյական ուղենիշներով, շահերով և ձգտումներով։ Այս պայմաններում հսկայական պատասխանատվություն է կրում նոր սերունդը։ Երիտասարդությունը կանգնած է ահռելի խնդիրների առաջ, և կանգնած է գրեթե «մերկ»։

Մեր գլխավոր խնդիրն այն է, որ մենք մշակութային, հոգևոր միևնույն շերտի վրա ենք, բայց գիտակցական մակարդակում` տարբեր։ Մեզ պետք է միավորող գաղափարախոսություն, ազգային օրակարգ, որին պետք է ձգտի յուրաքանչյուր քաղաքացի, և ամեն ոք հստակ իմանա իր անելիքը։ Մեր հասարակության մեջ ձևը ավելի շատ է, քան բովանդակությունը։ Բոլորը ձգտում են լավ մարդ, հայրենասեր, ճիշտ քրիստոնյա երևալ, և դա հիմնականում արվում է միայն սոցհարթակներում։ Իրականում նրանցից շատերը պատրաստ են ինչ-որ բան անելու, բայց իրենք էլ չգիտեն թե ինչ։ Մեզ պետք է ամեն կերպ համախմբվել, կարող ենք պետականությունը ընդունել, որպես «project», որի իրականացման մեջ բոլորս կունենանք մեր դերը, և լավագույն արդյունքի հասնելու համար կանենք նույնիսկ անհնարինը։

Համաշխարհայնացման սրընթաց աճի համատեքստում Արցախի իշխանությունը պետք է լինի ոչ թե լուսանցքում, այլ խաղացողի դերում։ Արցախի նման զարգացող երկրում պրոֆեսիոնալ մարդկային ռեսուրսներ են անհրաժեշտ առողջ ժողովրդավարություն ապահովելու համար։ Պետք է հիշել նաև մի անվիճելի ճշմարտություն՝ երկրի անկախությունը, տարածքային ամբողջականությունը պետք է պաշտպանել միայն խելամիտ ներքին ու արտաքին քաղաքականությամբ, այլ ոչ թե միայն միջազգային կազմակերպություններում քվեարկությամբ։ Ժողովուրդն իր անկախությունը կարող է պահպանել միայն ուժեղ, միասնական պետության շրջանակներում։ Որևէ երկրորդ կամ երրորդ երկիր չի կարող մեր փոխարեն դա անել, առանց իր անձնական շահը հետապնդելու։

Բոլորը գիտեն և հասկանում են, որ մինչև հասարակությունը չպահանջի և ուշադրություն չդարձնի խնդրին, ոչ ոք տեղից չի շարժվի։ Չնայած այս և ոչ պակաս կարևոր խնդիրներին (տնտեսական, քաղաքական, սոցիալական, ժողովրդագրական, աշխարհագրական և այլն), մեր ժողովուրդը դեռևս հավատում է ինչ-որ հրաշքի։ Որքան լավ կլիներ, եթե մեզ հետ ամեն ինչ պատահեր այնպես, ինչպես Սինգապուրում կամ Հարավային Կորեայում է, չէ՞: Հասկանալի է, որ մենք իրականում ոչինչ չենք փոխի մեկ-երկու տարում, բայց եթե սկսենք փոխվել և քայլեր անել, դա արդեն որևէ բան կնշանակի։

Ժամանակն է ինքներս փոխվենք։ Առաջին քայլերն անենք ապագա սերունդներին պաշտպանելու համար։ Մենք պետք է պաշտպանենք մեր երկիրը՝ ներառյալ մեր գեղեցիկ լեզուն, հարուստ մշակույթը, հետաքրքիր ճարտարապետությունը, յուրահատուկ գրականությունը, մերը միա՛յն մերը, դեռ չվաճառված կամ չփոխանակված հողերը, մաքուր ջուրը, և ամենակարևորը՝ մեր ժողովրդի պատիվը։ Եթե ​​մենք չենք հավատում մեզ և մեր պետության ապագային, ապա ոչ ոք չի հավատա։ Ավելին, ոչ ոք դա մեզ համար չի կառուցելու կամ բարելավելու։

Արցախը հայկական պահելու առաջին և գլխավոր գրվականը, այն չլքելն ու շարունակել այստեղ  ապրելն է։ Դեմոգրաֆիայի հետ կապված հարցը մեր ամենադժվար և ամենավտանգավոր խնդիրներից մեկն է: Սա, իհարկե, կապված է ծնելիության անկման, արտագաղթի, մեր բնակչության տարիքի հետ (Արցախնն ունի ծերացող բնակչություն):

Ռազմավարական առումով այս խնդիրները կարող են լուծվել հիմնականում տնտեսական աճի միջոցով։ Օրինակ` գնենք հայրենական արտադրողներից, մենք այսպես կարող ենք նրանց մոտիվացնել, ժամանակի ընթացքում դրանք ավելի շատ կլինեն, իսկ նրանց արտադրած ապրանքների քանակը կավելանա, աշխատատեղերը` նույնպես։ Այսպիսով. գները կիջնեն, իսկ ապրանքների որակը կբարձրանա։

Արցախում մեծ թափով զարգանում է IT ոլորտը, դրա հետ զուգահեռ պետք է առաջնահերթությունը տրվի բնագիտական առարկաներին, պետք է խրախուսվեն այն երեխաները որոնք նախապատվությունը կտան այդ ուղղություններին: Այդ երկուսը համադրելով կկարողանանք ստեղծել նորարարական այնպիսի մեխանիզմներ և տարիների ընթացքում սարքավորումներ արտադրել, որոնք կլինեն ռազմական նշանակության, իսկ որոշները կօգտագործվեն տնտեսության մյուս ճյուղերի մեջ:

Կարծում եմ Արցախում պետք է բացվեն ուղեղային կենտրոններ, որտեղ աշխատանքի կանցնեն արտերկրում և հայրենիքում կրթություն ստացած լավագույն կադրերը։ Չպետք է լինի որևէ ոլորտ, որը աչքաթող կարվի։ Միջազգային ցանկացած հարթակում պետք է ունենանք մեր ներկայացուցչին, ով կլինի առաջին հերթին Արցախի դեմքը։ Այդ կենտրոնները թույլ կտան համագործակցել քաղաքական, պետական ​​կառույցների, հաստատությունների, ինչպես նաև միջազգային հասարակական կազմակերպությունների հետ, որոնց միջոցով կարող ենք վերլուծել և հստակ, առանց որևէ շեղման, բարձրաձայնել այն վտանգների մասին, որոնք սպառնում է Արցախին։

Խնդիրները բավական շատ են և բարդ, բայց լուծումներն էլ մեր ձեռքերում են։

Արցախ 35. պայքարը շարունակվում է…

Ալիսա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031