Արցախ 35: Պայքարը շարունակվում է:
Ես ուզում եմ քեզ հետ խոսել որպես ծնողի, որ տեսնում է իր ու երեխաների ցավը, տառապանքները, կսկիծները. հաճախ հուսահատվում, բայց երբեք ցույց չի տալիս, հաճախ լալիս է առանց արցունք իսկ թափելու:
Տեսնում եմ քո վեհ կերպարանքը և ինքս ինձ հուսադրում՝ ամեն ինչ լավ է լինելու: Սակայն այնքան միամիտ եմ, որ խաբվում եմ քո արտաքին տեսքով. ներսումդ քաոս է, այնտեղ խառնվել են բոլոր զգացումները՝ հույսի, վստահության, խիզախման, կորուստների, ձախորդությունների, անկման:
Քեզ համար ձախորդություններ չկան. դու դրանք հաղթահարել և հաղթահարում ես քո համառ պայքարի շնորհիվ: Դու փոքր ես, այո՛, ավելի փոքր, քան մի բռունցքը, սակայն այնքան մեծ ուժի տեր ես, այնքան հաստատակամ, որ կարողացել և կարող ես ծնկի բերել քեզնից ուժեղներին: Դու երբեք հաշվի չես առել թվային և ռազմական գերակշռությունը, ծավալել ես քո արդար ու ազնիվ պայքարը, դրանք հաղթական փառքով պսակել:
Կարդացեք նաև
Այս տարին ողջ հայ ժողովրդի համար հոբելյանական է. նշում ենք քո վերածնունդը. դու 35 տարեկան արդեն հասուն տղամարդ ես, որն ունակ է դիմակայելու փորձություններին:
35 տարի այս օրերին դու՝ որպես փյունիկ, վերածնվեցիր մեր ժողովրդի արդար պայքարի ակունքներից, հաստատեցիր քո գոյությունը՝ բոլորին ապացուցելով, որ պայքարդ արդար է, նպատակդ՝ վեհ, կամքդ՝ անվարան:
Ավելի քան երեք տասնամյակ մենք հուսավառվեցինք քեզնով, քո փառքով, հաղթական կեցվածքով:
Բայց… բայց աշխարհը լիքն է ցավերով, մենք ավելի շատ դառնություն, ցավ ու տառապանք ենք տեսել, անցել զրկանքների միջով, միևնույն ժամանակ կոփվել, քան վայելել ենք կյանքը, զգացել դրա բերկրանքը:
Քսաներորդ դարավերջին մայր Հայաստանը կարծում էր, որ վերջապես գտել է ավելի քան 70 տարի պանդխտության մեջ գտնվող իր զավակին, բայց ափսոս… ափսոս, դա երկար չտևեց… Սիրտս ցավում է, երբ անդրադառնում եմ այս թեմային, բայց սա մեզ տրված կյանքն է:
Այսօր դու կապանքների մեջ ես, զրկված սեփական կյանքով ապրելու հնարավորությունից, հեռվից ողջունում ես քո ծնողին, ցավի ու կարոտի արցունքներ թափում: Թվում է, թե ծնողդ՝ մայր Հայաստանը, քեզ չի նկատում, սակայն դա միայն խաբկանք է: Դու հեռացել ես նրանից, ավելի քան երկու ամիս կապդ վերջնականապես խզել նրա հետ, բայց նա զգում է քեզ ամեն վայրկյան, օր ու գիշեր…
Լալիս է քեզ համար և փրկության ծրագրեր կազմում:
Դու այսօր մոտ ես մեզ, բայց միեւնույն ժամանակ անհասանելի մեզ համար. մենք կարոտով նայում ենք քո կողմը, մեր մեջ բորբոքվում է պայքարի կամքը:
Ճիշտ է, դու այսօր մերը չես, սակայն չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք քեզնից. պայքարը շարունակվում է, իսկ այդ պայքարի համար անհրաժեշտ է կատարել այնպիսի քայլեր, որոնք հեշտ չեն, հսկայական աշխատանք են պահանջում:
Ներկայի տագնապալի վիճակը մեզ հյուծել է, սակայն երբ հուսահատվում ենք, հայացք ենք դարձնում հեռավոր 1988 թվական և փառավորվում՝ հիշելով, թե ինչպես դու խրոխտ աղմուկով ցած նետեցիր քեզ համար ատելի դարձած իշխանության վերջին կապանքները: Հասկանում ենք, որ պատմությունը փոփոխական է, լավ ու վատ պահերը հաջորդում են միմյանց:
Ներկան, այո՛, ծանր է, շատ ծանր բոլորիս համար, սակայն դու չես թողնում, որպեսզի մենք հուսահատվենք: Դու, ամուր կանգնած քո տեղում, մեզ հույս ես տալիս, մեր երակներում պայքարի ուժ ներարկում:
Քո կամքը այնքա՜ն ուժեղ է, այնքա՜ն հզոր, որ մենք ենթարկվում ենք:
Դու կանգնած ես շեքսպիրյան երկընտրանքի առաջ՝ լինե՞լ, թե՞ չլինել. մի րոպե կարծես մտածում ես, փորձում ընտրել նպատակահարմար տարբերակը, սակայն վայրկենապես սթափվում ես, քեզ հավաքում և ընդմիշտ հաստատում՝ չլինել չկա՜: Ձայնդ տարածվում է ամենուր, նույնիսկ այստեղ՝ քեզնից ավելի քան երեք հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող Երևանում, արձագանքում է քո շուրջը տարածված լեռների խոռոչներում, դղրդում, ցնծում…
Քո ձայնից Սյունիքում փառավորվում է նույնիսկ Խուստուփի գագաթին բազմած արծիվը՝ Նժդեհը, իր խրոխտ հայացքով քեզ կոփում, հանգստացնում:
Ապագայի հույսը ծլարձակում է բոլորիս մեջ. դու պայքարի, հաջողության և հաղթանակի կենդանի օրինակ ես: Հասկանում եմ, այսօր վիրավոր ես, սակայն չես հուսահատվում, և այդ ամենը ստիպում է նաև մեզ չհուսահատվել: Աշխարհի բոլոր ծայրերից հետևում են քեզ, լցվում արիության ոգով՝ խիզախաբար կրկնելով, որ այո պայքարը շարունակվում է, մեր պայքարն արդար է ու ազնիվ, և մենք զիջելու իրավունք չունենք, պետք է համառ պայքար մղենք մեր արժանապատիվ կյանքի և խաղաղության համար: Յուրաքանչյուրն իրեն պիտի հարց տա՝ զիջումներով մինչև ո՞ւր, քանզի բացահայտ երևույթ է, որ թշնամին որդեգրել է քո ամբողջական հայաթափման, մայր Հայաստանից կտրելու և բոլոր հայերին ոչնչացնելու դիվային քաղաքականություն:
Այո’, հիմա իսկական ժամանակն է, որպեսզի ես և իմ տարեկիցները, բոլոր-բոլոր հայերս սթափվենք, շարժվենք բանականությամբ, այլ ոչ թե զգացմունքներով, փնտրենք փրկության ելքեր, քանի որ ժամանակը շատ չէ, և ամեն վայրկյանը կարող է վճռորոշ լինել:
Հայ հասարակությունը պառակտված է բազմաթիվ խմբավորումների. կուսակցությունները իրենց միջև են բաժանել ժողովրդին: Մի կուսակցության ներկայացուցիչները թշնամանքով և ատելությամբ են վերաբերվում մեկ այլ կուսակցության անդամի, անխնա մեղադրանքներ հնչեցնում նրա հասցեին:
Սա ի՞նչ է, եթե ոչ ժողովրդական աղետ, համազգային ողբերգություն:
Առաջնահերթ պետք է վերացնել բոլոր հակասությունները, փոխել գաղափարախոսությունը, գործել հանդուրժողաբար, երբեմն նաև թույլ տալ սխալներ, քանզի անսխալական չէ ոչ ոք, իսկ միաբանության պարագայում սխալները հեշտորեն շտկվում են:
Միաբանվելու արդյունքում յուրաքանչյուրին պետք է պարտադրել, որպեսզի զբաղվի սեփական գործով, չմիջամտել այն գործերին, որոնցից չի հասկանում:
Եվ վերջապես ամեն ինչ կախված է պետական պաշտոնյաներից. պետք է մի կողմ դնեն կլանային շահերը, իրավիճակը վերլուծեն օբյեկտիվորեն, ունենան ռազմական և քաղաքական գործչին հատուկ նիստուկաց, հասկանան պետական գործերից, որպեսզի արտակարգ իրավիճակներում հեշտությամբ ելք գտնեն:
Այս պայմանների բավարարության պարագայում մենք աննախադեպ առաջընթաց կունենանք և քեզ կնայենք ոչ թե աչքերից հոսող արցունքների, այլ ուրախության, ցնծության միջից, մեր ամո՛ւր ու հզո՛ր, աներեր ու խիզա՛խ Արցախ:
Մեր սիրտը բաբախում է քո յուրաքանչյուր փորձության հետ միասին, մեր հոգին պայքարում է քո յուրաքանչյուր փորձության դեմ…
Մեր սերնդի գլխավոր ուղերձը խուլ ու համր դարձած աշխարհին զգաստության կոչ անելն է՝ վերջինիցս գործնական քայլեր ակնկալելու նպատակով, սակայն, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվում:
Մեր հիմնական քայլերը պիտի ուղղված լինեն վերը նշված բոլոր նպատակների իրագործմանը, քանզի մեր և Արցախի փրկությունը ներսից է, մենք ներսից ենք փչացած, իսկ օտարից բարեկամական վերաբերմունք պահանջելու իրավունք չունենք…
Արտավազդ ՍԱՖՐԱԶՅԱՆ