Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Հայկ Կարապետյան

Մարտ 02,2023 12:38

Արցախյան շարժումը իմ հոգևոր տեսադաշտում

(Մեր երկրին որակապես նոր առաջնորդներ են պետք)

Երբ սկսվեց մեր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի նոր փուլը, որը վերածվել է ծանր և արյունահեղ պատերազմի, ես դեռ ծնված չէի։

Հետո եմ իմացել, թե ինչ թանկ գնով, ինչքան թանկ կորուստներով և հազարավորների կյանքի գնով է ձեռք բերվել այդ հաղթանակը, որն այնքան պետք էր մեր ժողովրդին՝ հանուն այն բանի, որ Արցախը մնա հայաշունչ ու հայապատկան։

Հայ ժողովրդի դարեդար մղած դաժան պատերազմներից մեկն է եղել Արցախյան ազատամարտը, որի մասին իմ սերունդը գիտե պատմության դասագրքերից։

Մենք շատ ենք հպարտացել այդ հաղթանակով, որը առհասարակ բարձրացրել է հայության պատիվն ու հեղինակությունը ամբողջ աշխարհում։

Բայց ինձ համար անհասկանալի է մնում, թե ինչպե՞ս և ինչո՞ւ այդ հաղթանակը չի օգտագործվել դիվանագիտական ճակատում և չի ամրապնդվել քաղաքական փաստաթղթերով։

Այսինքն՝ հաղթանակի պտուղները մնացել են օդում կախված․․․

Եվ եթե այդպես չլիներ, եթե հաղթանակը իրավական առումով կարգավորվեր և ամրապնդվեր հենց այդ ժամանակ՝ 1990-ական թվականների կեսերին կամ վերջերին, ապա մենք, ամենայն հավանականությամբ շահող դուրս կգայինք և հետագայում մարդկային նորանոր հարյուրավոր և հազարավոր զոհերը չէին լինի։

Այս տարիների հեռավորությունից ես ուզում եմ հարցնել թե ո՞ւր էին հայության պատասխանատուներն ու առաջնորդները, որոնք գիտեին, որ հայ-թուրքական բախումն անխուսափելի է, և տասնամյակներ շարունակ էականորեն կարևոր քայլեր չեն կատարել այդ բախմանը նախապատրաստվելու համար։ Մինչդեռ հայոց ցեղասպանության իրագործումից և Արևմտյան Հայաստանի կորուստից հետո հայության քաղաքական, տնտեսական ու գաղափարական առաջնորդները սերտ միասնության մեջ լինելով պետք է բոլոր առումներով (գաղտնի զենքերի ստեղծում, ինքնապաշտպանական նոր համակարգի ձևավորում և այլ անհրաժեշտ գործոններ) հայությանը պետք է պահեին մարտական ոգու վիճակում։ Ինչպես դա անում են հրեական առաջնորդները։

Հայրս պատմաբան է և շատ է պատմում և խոսում հայ ժողովրդի պատմությունից, նրա հերոսական ու ողբերգական էջերից։ Նա պատմում էր, որ հայ գիտնականները 1970 –ական թվականներին Արագածի լանջին գտնվող կոսմիկական ճառագայթների փորձարկման կայանում նոր տիպի՝ լազերային զենք են հնարել, որով կարելի էր անհնարինը հնարավոր դարձնել։

Ո՞ւր էր այդ զենքը, ինչո՞ւ չօգտագործվեց Արցախյան հակամարտության այս ժամանակներում, քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ։ Մի՞թե ողջ հայության ներուժը այսքա՞ն էր ընդամենը։ Ո՛չ, և իհարկե, ոչ։

Պարզապես հայության տարբեր հատվածների, սփյուռքի տարբեր գաղթօջախների ու մայր հայրենիքի միջև չի եղել համախմբման ու համերաշխության գործընթաց։

Թերևս, միայն ամենածանր իրավիճակում, մահացու վտանգի պահին է միայն ինչ-որ մի բան կատարվում, որից հետո մոռացվում են հայության առջև առկա հիմնահարցերն ու մարտահրավերները։ Մինչդեռ պատկերացրեք, եթե հնարավոր լիներ ազգության հիմքի հիման վրա համախմբել համայն աշխարհի հայ գիտնականներին, գյուտարարներին, գործարարներին, ռազմական ոլորտի մասնագետներին, ճարտարագետներին, ֆիզիկոսներին, ապա ինչպիսի վիթխարի ուժ կարող էինք ձևավորվել։

Սակայն ասպարեզում չկան համախմբող ու միավորող այդ անհատները։

Իսկ այս հանգամանքում, անհատներից մեծ բան է կախված։ Անկեղծորեն, անշահադետ ու անսակարկելիորեն հայրենյաց համընդհանուր նպատակների համար գործող անհատների կարիքն ենք զգում բոլոր ժամանակներում և բոլոր դարաշրջաններում։

Ունենք մեծահարուստներ աշխարհի տարբեր ծայրերում։ Սակայն նրանցից քչերն են իրենց կարողություններն ու կապերը ծառայեցնում հայրենիքի՝ Հայաստանի կարիքներին։ Այդ հազվադեպ, բացառիկ անհատներից մեկը Ռուբեն Վարդանյա՛նն է, որն ազնվորեն ու այնքան անձնուրացաբար նվիրվել է հայ դատի գաղափարին։

«Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության հիմնադիրի անունը քաջածանոթ է համայն հայությանը։ Նա շատ բան է կարողացել անել հայ ազգի համար։ Սակայն, իմ կարծիքով, և շատ-շատերի խորին համոզմամբ, Ռուբեն Վարդանյան գործչի իսկական ժամանակը դեռ նոր է սկսվում։

Ուրեմն, նա դեն նետեց միլիոնատիրոջ թիկնոցը և հագավ պատերազմող երկրի զինվորի ու հրամանատար ղեկավարի համազգեստը ու կանգնեց խրամատում՝ հասարակ ժողովրդի կողքին։ Ռուբեն Վարդանյանի այս անսպասելի քայլը նախադեպը չունի մեր նորագույն պատմության էջերում և հիացմունքից ու ակնածանքից բացի, այլ տրամադրություններ չէր կարող արծարծել։ Բայց գտնվեցին փոքրոգի մարդիկ, որոնք անընդհատ ձգտում էին ցույց տալ, թե Ռ․ Վարդանյանը այսինչի կամ այնինչի մարդն է։ Այսինքն, ցանկանում էին նսեմացնել, փոշիացնել նրա խիզախ ու վեհ արարքները, գործելաոճը։

Իմ սերնդի համար պարզից էլ պարզ է, որ Ռ․ Վարդանյանը ո՛չ թե այսինչի կամ այնինչի մարդն է, այլ իր հայրենիքի՝ բովանդակ հայ աշխարհի ու հայ ժողովրդի Մարդն է (այո՛, անպայման մեծատառով…)։

Եվ եթե հայ ժողովրդի բոլոր խավերն ընդունեն նրա՝ որպես լիդերի բացառիկ շնորհներն, ուրեմն արդեն տեսանելի ապագայում կունենանք նոր որակներով անօրինակ մի առաջնորդ։

Իսկ առայժմ մեր խեղճ հայրենիքում տխուր իրողություններ են ու տխուր տրամադրություններ։

Քանզի 30 տարուց ավելի է, որ մեր ժողովուրդը չի կարողանում թոթափել «կոռուպցիա» կոչված բազմագլուխ հրեշի լուծը։ Եվ եթե երկրում ամեն տեղ, ամեն ոլորտում անարդարություն է, ուրեմն, անմտություն է այդ երկրից սպասել բարգավաճում, զարգացում, կատարելագործում և թռիչք…

Եթե ցանկալի է հայ ժողովրդի բարգավաճումը իր իսկ հայրենիքում, ուրեմն երկրում պետք է հաստատել արդարություն, որ հայոց այս մի բուռ հողի վրա ծվարած պետությունը, նրա բարիքներն ու արտոնությունները հասանելի լինեն բոլորին։ Եթե երկրում չլինեն արտոնյալ ու անձեռնմխելի խավեր, եթե բոլորը հավասար լինեն օրենքի առաջ, եթե ցանկացած հանցագործություն իրապես և իրականում պատժվի և հայրենիքը հավասար լինի իր զավակների առջև։

Այդպիսի՝ հենց այդպիսի իշխանություն պետք է հաստատվի Հայաստանում, որպեսզի երկրում ապրելը դառնա պատվաբեր ու երջանկաբեր, արտագաղթը կանգ առնի, հայրենադարձություն սկսվի և դրանով իսկ հզորանա մեր երկիրը՝ Հայաստան պետությունը։ Միայն հզորացած և ուժեղացած Հայաստանը կարող է իրականում ապահովել անկախ Արցախի անվտանգությունը։

Հակառակ դեպքում, էլ ավելի թուլացող, դատարկվող Հայաստանը ոչինչ չի կարող անել Արցախի համար։

Մեր ընտանիքում հայրս, իր ընկերներն ու բարեկամները շատ են խոսում, որ մեր երկրի թուլության հիմնական պատճառն ու գրավականը կոռուպցիան է, հովանավորչությունը, անպատժելիությունը։

Մեր ընտանիքում երկու երեխաներ են ծնվել ու մեծացել՝ ես ու քույրս՝ Արսինեն, որն ընդամենը 10 տարեկան է։ Ես լիովին հասկանում եմ հորս ցավն ու անհանգստությունը այս առումով։ Չէ՞ որ նա բարձր եկամուտներ ունենալու և հատկապես խաղից դուրս վիճակում չգտնվելու դեպքում (բառիս բուն իմաստով) կարող էր հայ ազգին ավելի շատ զավակներ պարգևել։ Սակայն խանգարել է երկրում տիրող իրավիճակը, որը պատճառ է դարձել իր ճակատագրի խեղաթյուրման…

Ամփոփեմ ասելիքս։

Հայ ազգին պետք են որակապես նոր առաջնորդներ, որոնք ի՛ վերուստ կոչված են դրան։

Հորիզոնում առայժմ երևում է Ռուբեն Վարդանյան հայորդո՛ւ պայծառ կերպարը։ Զորակցենք իրեն, որն այս պահին կանգնած է մարտադաշտում՝ հենց իր կյանքին և 120 հազար արցախահայությանը սպառնացող մահացու վտանգին դեմ-հանդիման։ Ծանրագույն, գրեթե անհնարին թվացող իրավիճակում նա չի լքում իր պոստը (որն այդպես ցանկանում են մեր բոլոր թշնամիները) և համախմբում ու միասնության է մղում Արցախի հայությանը։

Իսկ հայ ժողովրդի, համայն հայության միասնական դառնալու դեպքում ո՛չ ոք չի կարող հաղթել կամ ծնկի բերել հայությանը։ Մեր սերնդի մեծագույն երազանքն է Հայաստանը դարձնել որակապես նոր մակարդակի, բարձր զարգացման հասած և տնտեսական ու ռազմաքաղաքական առումով շատ ուժեղ, անխոցելի՛ պետություն։

Հայկ Արմենի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (17 տարեկան)

Ծնված 22. 09.2005թ․

Կոտայքի մարզ, Քանաքեռավան

9-րդ փողոց, բն․ 41

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031