Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Ռոման Ամիրխանյան

Մարտ 02,2023 13:34

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է»

Արցախը հաղթանակի զինվոր է

Ես` Ռոման Մարկի Ամիրխանյանս, ծնվել եմ 2004 թվականի մայիսի տասներեքին, Դիլիջան քաղաքում:

Ազգությունս` հայ: Ո՛չ այն պատճառով, որ ազգանունս յան-ով է ավարտվում, ոչ էլ՝ որ արցախցի եմ:

Ես հայ եմ: Հայրս էլ էր հայ, որը 1993թ.-ին հանուն Արցախի հաշմանդամ էր դարձել: Պապս էլ է հայ, ում համար կամավոր կռվելն ու Շուշին ազատագրելը հերոսություն չէր, այլ պարտավորություն:

Ես հայ եմ ու ապրում եմ Արցախում, որովհետև մայրս էլ է հայ, ու աներեր է նրա համոզմունքը, որ Արցախի հողը սրբություն է, երկինքը`զանգակատուն:

35 տարվա հաղթական պայքարի մի մասնիկն եմ ես. իմ պայքարը դեռ տասը տարեկան է. արդեն տասը տարի է «Դեդո-Բաբոն» ընդունել են ինձ:

Այո՛, հաղթական: Այո՛, դեռ:

Մանկուց Սասունցի Դավիթն իմ իդեալն էր, իմ հերոսը: Արցախն էլ է Սասունցի Դավիթը. անմեղ, ազնիվ, բազմաչարչար, բազմաշնորհ, վեհ, անափ բարի ու հզոր:

Արցախը հայի պատիվն է ու միշտ հայի կարիքն ունի: Իմ սերունդը չհասցրեց հերթով, կարգով հասունանալ: Իմ սերունդը հասունացա՛վ: Իմ սերունդը ծանրութեթև անելու հնարավորությունից զրկվեց: Իմ սերունդը ընտրե՛ց: Հազարամյա պատմության, աստվածային մշակույթի, անդառնալի կորուստների և նախանձելի վերելքների հետ վաստակել ենք նաև հաղթելու պատգամը: Ես խաղաղություն բառը չեմ սիրում, այն Մըսրա Մելիքի «Կենդանի եմ»-ն է: Իմ սերունդը հաղթանակի զինվոր է: 35 տարվա ընթացքում թե որտեղ սխալվեցին մեր հայրերն ու պապերը, թե որքանով չարդարացան նրանց հույսն ու հավատը, թե ժամանակի թելադրանքը ինչ հետևանքներ ունեցավ՝ անիմաստ է քննարկելը: Ունենք այն, ինչ ունենք: Եվ ունենք երկու ոտքով ամուր իր հողին կանգնած հայ: Բացառություններին չեմ ուզում անդրադառնալ, դրանք էլ թող իմ կտավի ստվերները լինեն: 35-ամյա հաղթական պայքարում հասել ենք Ռուբիկոնին, ու այն անցնելու համար հայրենիքի՛ց պիտի վերցնենք ու վերադարձնե՛նք հայրենիքին ամենանվիրականը` կյանք ու ապրելու կամք:

Խաղաղություն բառը չեմ սիրում: Իմ սերունդը հաղթանակի զինվոր է: Անցնելու ենք Ռուբիկոնը, պատվով ենք անցնելու, որովհետև գիտենք արժեքը տարբերել գնից: Երեխան ծնողից սեր և հարգանք է ժառանգելու: Դասատուն մեկընդմիշտ զիջելու է ուսուցչին: Քրիստոնյան լուցկիով մոմաթելը վառողը չի լինելու, այլ գոնե «Ոսկե կանոնի» հետևորդը: Երիտասարդը հպարտ պիտի լինի, որ հայրենիքն իր կարիքն ունի ու ինքն արդեն զինվոր է, թեև նորածին հայն անգամ արդեն զինվոր է:

Իմ սերունդը ունակ է պահպանելով ազգայինը, յուրացնելով համաշխարհայինը՝ ներկայանալ աշխարհին՝ ամուր բազկով, բաց ճակատով, կայուն գիտելիքով, նորարարությամբ, ոսկե ձեռքերով, շուք ու շնորհքով ու հաստատել ևս մեկ անգամ, որ մենք հաղթանակի սերունդ ենք:

Արցախ 35. պայքարը շարունակվում է… ես անքակտելի մասնիկն եմ:

Ռոման ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031