Այս տարվա հունվարից 13 հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության: Դրանցից մեկը Կառլեն Միրզոյանի հայցն է, որը նա ներկայացրել է հունվարի 5-ին՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության: Նա պահանջում է 19.07.2022 թվականի թիվ 0390 եւ 22.10.2022 թվականի թիվ 0537 հրամաններն անվավեր ճանաչել, վերականգնել իրեն աշխատանքում եւ ՀՀ ՊՆ համակարգի վարչության պետի տեղակալ՝ 39 դասակարգմամբ, հաստիքի նշանակելու, 19.07.2022 թվականի թիվ 0390 եւ 22.10.2022 թվականի թիվ 0537 հրամանների արձակմամբ թերի վճարված աշխատավարձը եւ դրան հավասարեցված վճարումները հաշվարկելու եւ պարտավորեցնել պաշտպանական գերատեսչությանը վճարել:
Դատարանի հունվարի 16-ի որոշմամբ Կառլեն Միրզոյանի հայցադիմումը եւ դրան կից փաստաթղթերը վերադարձվել են հայցվորին, սահմանված ժամկետում, վերացնելով թույլ տրված խախտումները: Փետրվարի 2-ին հայցադիմումը կրկին ներկայացվեց ՀՀ վարչական դատարան, այս անգամ ներկայացված հայցադիմումով հայցվորը միջնորդել էր հարգելի համարել դատավարական ժամկետի բաց թողումը` պատճառաբանելով, որ հրամանի բողոքարկման ժամկետի ավարտից առաջ գտնվել է Արցախում՝ զորանոցային վիճակում, դատարան բողոքարկումը եղել է անհնարին։
Դատարանը հարգելի համարեց բաց թողնված ժամկետը, հայցն ընդունել է վարույթ, դատավորը Մհեր Պետրոսյանն է:
Օրերս՝ փետրվարի 9-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունը ճանաչվեց այս գործով երրորդ անձ, իսկ փետրվարի 10-ին դատարանում Կ. Միրզոյանը միջնորդել էր կիրառել հայցի ապահովում, այն է` արգելել ՀՀ պաշտպանության նախարարությանը Կառլեն Միրզոյանին հանել զինվորական անձնակազմի ցուցակներից, պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը պահպանել Կառլեն Միրզոյանի՝ զինծառայողի կարգավիճակը եւ զբաղեցրած վերջին հաստիքի համար հաշվարկված դրամական բավարարումը, ժամանակավորապես բավարարել հայցը եւ Կառլեն Միրզոյանին նշանակել ՀՀ ՊՆ համակարգի 39 դասակարգմամբ հաստիքի (ԶՈԻ-ԱԹՍ վարչության պետ, ԶՈԻ թիկունքի վարչության պետի տեղակալ կամ հայցի ապահովման միջոցի կիրառման ժամանակ առկա համարժեք այլ պաշտոն), արգելել ՀՀ պաշտպանության նախարարությանը մինչեւ սույն գործով վերջնական որոշման կայացումը եւ դրա ուժի մեջ մտնելը կատարել ՊՆ համակարգի 39 եւ 38 դասակարգմամբ թափուր պաշտոնների համալրում:
Կարդացեք նաև
Ըստ դատարանի իրավական գնահատման՝ հայցվորի փաստարկները՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, անհիմն են, քանի որ չեն ներկայացվել բավարար ապացույցներ եւ հիմնավորումներ առ այն, հայցի ապահովման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ էլ դժվարացնել հետագայում ընդունվելիք դատական ակտի կատարումը: Դատարանը մերժել է այդ միջնորդությունը եւ ապրիլի 10-ին նշանակել է նախնական դատական նիստ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.03.2023