Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե դուք հանճարեղ եք, մի տառապեք, ձեզ կգտնեն»

Մարտ 02,2023 13:00

Հարցազրույց դիրիժոր Իգոր Տոմաշեւսկիի հետ

– Մաեստրո, առաջին անգամ եք Հայաստանում, Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 3, 4-ին Սանկտ Պետերբուրգի հռչակավոր Լեոնիդ Յակոբսոնի բալետի թատրոնն առաջին անգամ ձեր ղեկավարությամբ կներկայացնի Մինկուսի «Դոն Քիշոտ» ներկայացումը։ Ռուսաստանյան մամուլը ձեզ ներկայացնում է որպես խորհրդավոր մարդ։ Ասվածի ապացույցն է, որ ձեր մասին շատ քիչ տեղեկություններ կան եւ կխնդրեինք, իհարկե՝ ձեր թույլտվությամբ, սկսել ամենասկզբից։

– Սկսեմ ընտանիքիցս. բախտս բերել է եւ ընտանիքիս, եւ ծնողներիս առումով։ Սանկտ Պետերբուրգի մտավորականների ընտանիքից եմ։ Հայրս երաժշտագետ է, մայրս՝ ճարտարապետ։ Կարելի է ենթադրել, որ մեր տանը երաժշտություն հնչում էր անընդհատ, առանց չափազանցության՝ օրը 24 ժամ, հետեւաբար ինձ հաջողվեց սովորել որոշ ստեղծագործություններ՝ առանց նոտագրություն իմանալու, իսկ երաժշտության ուսումնասիրությունը սկսվեց ավելի ուշ։

– Ձեր՝ որպես երաժշտի կայացման գործում միշտ կարեւորել եք անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Մնացականյանին։

– Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայում ուսումը զուգահեռել եմ կոմպոզիտորական եւ դիրիժորության դասարաններում։ Պրոֆեսորս՝ Ալեքսանդր Մնացականյանը, ուսում է առել Շոստակովիչի ղեկավարությամբ։ Կարծում եմ՝ նրա՝ որպես մասնագետի մասին խոսելը ավելորդ է։ Հիշում եմ, որ պրոֆեսորս մշտապես կրկնում էր Շոստակովիչի խոսքը՝ եթե կարող եք չգրել, մի գրեք։

– Կարելի՞ է ենթադրել, որ հենց այդ սկզբունքով եք առաջնորդվել, արդյունքում դարձել դիրիժոր, չմոռանանք նշել, որ դուք նաեւ դաշնակահար եք։

– Շատ ուղիղ էր ձեր հարցը։ Թույլ տվեք ինքս չներկայացնեմ սեփական ստեղծագործություններիս ներկապնակը, բայց, ինչպես առհասարակ կյանքում, երաժիշտների մոտ էլ յուրաքանչյուր տարիք ունի իր նախասիրությունները։ Թե կյանքիս կոնկրետ ո՞ր տարիքում շրջվեցի դեպի դիրիժորական արվեստ, գուցե դժվարանամ ասել, բայց մի բան կարող եմ վստահ բարձրաձայնել. դա պրոֆեսորիս՝ Ալեքսանդր Մնացականյանի շնորհիվ էր։ Իսկապես դա այդպես է։ Եվ դա եղավ կոնսերվատորիայում ուսանելու տարիներին։ Մի բան էլ. փոխաբերական իմաստով նշեմ, որ որպես երաժիշտ մեծացել եւ գիտելիք եմ ձեռք բերել պրոֆեսորիս ծնկներին նստած։ Ինձ չափազանց հոգեհարազատ է ոչ միայն Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի եւ հայ մյուս մեծանուն կոմպոզիտորների արվեստը, այլ, ասենք՝ Կոմիտասի ժառանգությունը։ Եվ ինչու միայն… Քանիցս ղեկավարել եմ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ղրիմյան էսքիզները»։ Կարճ ասած՝ գիտեմ բազմադարյա հայ ժողովրդի հարուստ երաժշտարվեստը։

– Դիրիժորի մասնագիտությունը, մեծ հաշվով՝ տարիքային մասնագիտություն է։

– Այդպես է։ Ես 36 տարեկան եմ եւ դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու որպես դիրիժոր։ Դաշնակահարի մասնագիտության մասին եւս նշեցիք։ Միանշանակ պետք է ասեմ, որ ժամանակակից աշխարհում դաշնակահարը, կոմպոզիտորը, եթե փոքր-ինչ չափազանցված ասենք՝ մանկուց տրված կոչումներ են, եթե ոչ ի ծնե։ Դաշնակահարինը, չեմ կարծում, որ ամբողջությամբ իմն էր եւ հենց այդ պատճառով էլ կոնսերվատորիայում ընտրություն կատարեցի հօգուտ կոմպոզիցիայի։

– Ձեր ոչ երկար ստեղծագործական ուղու ընթացքում եղել է նաեւ կարճ կամ, ուղիղ ասած՝ տխուր դիպված կամ ժամանակահատված. 2020-ին նշանակվել եք Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, բայց մեկ-երկու ամիս անց ազատվել, թեեւ ձեր նշանակման առիթով ռուսաստանյան մամուլը հիացմունքով գրել էր, թե Տոմաշեւսկին սովորել է լեգենդար դիրիժոր Էդուարդ Սերովի մոտ, որը գնահատված էր Պետերբուրգի խստապահանջ հասարակության կողմից, որը գիտի եւ հարգում է մշակութային փոխհարաբերություններն ու ավանդույթները, այսինքն՝ ձեր նշանակումը ենթադրում էր կարեւոր մի հանգամանք՝ սերունդների կապը։

– Օ, դա էլ է ձեզ հայտնի։ Հավատացնում եմ ձեզ, որ դա իմ կյանքում տխուր դիպված կամ ժամանակահատված չէր, հակառակը՝ վեցամսյա գործունեությունս այդ սիմֆոնիկ նվագախմբում ինձ շատ բան տվեց, ավելին՝ իմ եւ նվագախմբի երաժիշտների միջեւ առաջին օրից ջերմ փոխհարաբերություններ էին ստեղծվել։ Պարզապես որոշում կայացվեց՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով վերադարձնել նախկին գեղարվեստական ղեկավարին, ինչն էլ տեղի ունեցավ։

– Դիրիժորի ձեր գործունեությունը՝ տարիքի համեմատ, չափազանց ծավալուն է։ Ո՞վ է զբաղվում այդ աշխատանքով՝ պրոդյուսե՞րը կամ գուցե պրոդյուսերական կենտրո՞նը։

– Ոչ, ոչ։ Իմ պրոդյուսերը ես եմ։

– Այսօր աշխարհում բարձրակարգ ջութակահարների, դաշնակահարների…, դիրիժորների ծով է։ Այդ դեպքում ինչպե՞ս են ձեզ գտնում։

– Դիրիժորի մասնագիտությունն, իմ կարծիքով, ունի ուտիլիտարիստական, կենցաղային, տեխնիկական կողմ։ Երաժիշտների մեծ համայնքում, ովքեր պետք է միասին ներդաշնակ նվագեն, դիրիժորը դառնում է այդ գործընթացին աջակցողը, վերահսկում այն, ինչ-որ բան հուշում։ Տեսեք՝ երաժիշտները բեմում կամ «փոսում» շատ հնարավոր է՝ չկարողանան միմյանց լսել։ Եվ հենց այստեղ է, որ, ի տարբերություն կամերային նվագախմբերի, որոնք հիանալի են հանդես գալիս նաեւ առանց դիրիժորի, պարզապես անհրաժեշտություն է մաեստրոյի՝ դիրիժորի դերը։ Մասնագիտական մի այլ կողմ էլ կա՝ գաղափարական ոգեշնչում, նվագախմբի «խաղացողներին», ունկնդիրներին իրենց հայեցակարգում, իրենց տեսլականում համոզելու կարողություն։ Ինձ թվում է, որ ժամանակակից աշխարհում, երբ, ինչպես նշեցիք՝ կատարողական մակարդակը շատ բարձր է, դիրիժորի դեպքում ավելի ու ավելի է կարեւորվում երկրորդ բաղադրիչը։

Իսկ թե ինչպես են ինձ գտնում կամ հրավիրում, այս պահին հիշեցի ֆրանսիացի ճանաչված կոմպոզիտոր Օնեգգերին, ով հայտնի է նաեւ իր աֆորիզմներով։ Նա ասել է. եթե դուք հանճարեղ եք, մի տառապեք, ձեզ կգտնեն։

– Ձեր մեջբերումից ստացվում է, որ Յակոբսոնի թատրոնն է գտել ձեզ եւ օրեր անց երեւանյան «Դոն Քիշոտ» -ին ներգրավված է նաեւ մեր օպերային թատրոնի նվագախումբը, ներկայացումն էլ ղեկավարելու եք դուք։

– Հենց այնպես ոչինչ չեմ ասում։ Կարեւոր չէ՝ ով ում է գտել կամ գտնում, կարեւոր է, որ վերջին շրջանում սիրով եմ համագործակցում այս բալետային թատրոնի հետ։ Իսկ կոնկրետ «Դոն Քիշոտը» ներկայացրել ենք «Բոլշոյ» թատրոնում, Մարիինյանում եւ այլն։ Յակոբսոնի թատրոնի հետ այլ ներկայացումներով, այդ թվում՝ «Կարապի լիճ», «Շչելկունչիկ», «Քնած գեղեցկուհին» եւ այլն, շատ եմ ճամփորդել։

– Արդեն առաջին փորձն եք անցկացրել մեր օպերային թատրոնի նվագախմբի հետ։ Կխնդրեինք ձեր կարծիքը։

Երեւանի թատրոնում, որ ղեկավարում է մաեստրո Կարեն Դուրգարյանը, ով ցանկալի հյուր է հեղինակավոր թատրոններում եւ նվագախմբերում, ում արվեստը ես բարձր եմ գնահատում, նվագախումբն ինձ ընդունեց շատ ջերմ, ինչը ակնկալում էի։ Եվ դա փոխադարձ է։ Իսկ հայ ունկնդրին բացառության կարգով կարող եմ վստահեցնել, որ մեկ անգամ դիտելով Յակոբսոնի թատրոնի ներկայացումը, այն կրկին վայելելու անհրաժեշտություն կզգան։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
01.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031