Ըստ պաշտոնական Բաքվի` անցել են «առցանց դիվանագիտության»
Բաքու-Անկարա, Անկարա-Մոսկվա, Բաքու-Մոսկվա ակտիվ շփումներ կայացան վերջին օրերին: Հայաստան-Ադրբեջան խնդիրն, ակնհայտորեն, բանակցությունների առարկա է դարձել երկկողմ բանակցություններում:
Հատկանշական է, որ անցյալ շաբաթ Ստեփանակերտից հաստատեցին, որ կայացել է Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում։ Արցախի նախագահի մամլո խոսնակ Լուսինե Ավանեսյանը «Ազատությանը» հայտնել է, որ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք հարցերի վերաբերյալ, նաեւ քննարկվել է ադրբեջանցիների կողմից 2,5 ամիս փակ պահվող Լաչինի միջանցքի հարցը։ «Քննարկվել են Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի եւ էլեկտրականության կայուն ու անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքը կապահովվի, Շինուհայր-Ստեփանակերտ 110 կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման եւ էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ», – նշել է Ավանեսյանը: Թե արցախյան ու ադրբեջանական պատվիրակության կազմում ովքե՞ր են եղել, որտե՞ղ է տեղի ունեցել հանդիպումը, Արցախի նախագահի խոսնակը չհայտնեց։
Հայտնի է, որ կողմերի միջեւ ավելի վաղ եւս նման հանդիպումներ կայացել են, որոնց շրջանակներում քննարկվել են տեխնիկական հարցեր, սակայն տեւական ժամանակ էր, ինչ նման հանդիպում տեղի չէր ունեցել։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մյունխենում ԱՄՆ-ի պետքարտուղարի հովանու ներքո կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Բաքուն պատրաստ է երկխոսության, պատրաստ են քննարկել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, սակայն Բաքվի գլխավոր նախապայմանը` Արցախից Ռուբեն Վարդանյանի հեռանալն է։
Ադրբեջանի արտգործնախարարն օրերս հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է «Ղարաբաղում բնակվող հայերի ինտեգրացիային ադրբեջանական հասարակությանը», միաժամանակ դժգոհել են, թե՝ «Երեւանը մերժել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին անցակետեր տեղակայելու առաջարկը»։ Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարարն օրերս հայտարարեց, որ հայկական կողմի համար անընդունելի է Լաչինի միջանցքի պայմանների վերաբանակցումը։
Ավելին, ըստ պաշտոնական Բաքվի` Երեւանն ու Բաքուն անցել են «առցանց դիվանագիտության»: Բանակցությունների շրջանակում Ադրբեջանը Հայաստանի հետ «առցանց դիվանագիտության» է անցել, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում։ «Մենք միմյանց փոխանցում ենք մեր պայմանները։ Բայց որքանով դա արդյունավետ կլինի, ցույց կտա ժամանակը»,- ասել է Բայրամովը։
Պաշտոնական Բաքուն, ըստ ամենայնի, առաջիկայում տպավորություն կստեղծի, թե «կառուցողական» է տրամադրված Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսության հարցով, սակայն նրանք չեն մոռանում պարբերաբար նաեւ պաշտոնական Երեւանին «ապակառուցողական» կողմ ներկայացնել: Իսկ դա նշանակում է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ պաշտոնական Երեւանի ակնկալած առաջընթացը չի կարող արձանագրվել առանց թուրք-ադրբեջանական ակնկալիքների:
Օրերս հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների միջեւ։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Ջեյհուն Բայրամովն ու Մեւլյութ Չավուշօղլուն զրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»։
Վստահաբար Էրդողանն ու Ալիեւը «տարածաշրջանում տիրող իրավիճակը» քննարկել են նաեւ դեմ առ դեմ: Անցյալ շաբաթվա վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն աշխատանքային այցով ժամանել էր Թուրքիա։
Ալիեւն ու Էրդողանը Ստամբուլում առանձնազրույց էին ունեցել, քննարկել էին երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ «Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական, տնտեսական, առեւտրային, էներգետիկ, ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Բացի այդ, Ալիեւն ու Էրդողանը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության օրակարգի շուրջ», – հաղորդում է Ադրբեջանի նախագահի գրասենյակը։
Նկատենք, որ անցյալ շաբաթ Պուտինի եւ Էրդողանի միջեւ երկու հեռախոսազրույց է կայացել:
Փետրվարի 24-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին Ուկրաինայում տիրող իրավիճակը, ուշադրություն են դարձրել Ստամբուլի պայմանավորվածությունների կատարմանն ու ռուսական գյուղմթերքի արտահանմանը: Ինչպես հաղորդում է Կրեմլը, Ռեջեփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին երկրաշարժերի հետեւանքների վերացման հարցում Ռուսաստանի օգնության համար։ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները քննարկել էին երկկողմ համագործակցությունը` էներգետիկ ոլորտում. Ռուսաստանի էներգակիրների մատակարարումը ռուսական էներգակիրների հետագա մատակարարումների եւ Ակկույու ատոմակայանի կառուցմանն առնչվող հարցեր։ Պուտինն ու Էրդողանն ընդգծել էին Ռուսաստանից կարիքավոր երկրներ գյուղմթերքների եւ պարարտանյութերի մատակարարման խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությունը։
Երկու օր անց Պուտինն ու Էրդողանը երկրորդ հեռախոսազրույցն ունեցան: Կրեմլի փոխանցմամբ` նրանք «քննարկել են երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաներ»։ Պուտինը շնորհավորել է իր թուրք գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ՝ նշելով նրա անձնական մեծ ներդրումը ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման գործում։ ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ երկու ղեկավարներ կշարունակեն «համակարգված իրականացնել փոխշահավետ համատեղ նախագծեր» եւ շարունակել համակարգել ջանքերը տարածաշրջանային ու համաշխարհային օրակարգի կարեւոր հարցերի վերաբերյալ:
Անցած մի քանի օրերի ինտենսիվ քննարկումներն, ըստ ամենայնի, ամփոփելու, ի մի բերելու անհրաժեշտություն էր առաջացել. Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն օրերս Բաքու ժամանեց` տարածաշրջանային վերջին զարգացումներում Մոսկվայի պատկերացումներն ու ակնկալիքները մեկ անգամ եւս ընդգծելու նպատակով:
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.03.2023