Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժերը Վաղարշապատում

Մարտ 02,2023 12:30

Վաղարշապատը Հայաստանի հնագույն քաղաքներից է: Այն նախկինում կոչվել է Ատիմեդ (հավանաբար պայմանավորված՝ այնտեղ գտնվող հեթանոսական Անահիտ աստվածուհու տաճարով), այնուհետեւ՝ Վարդգեսավան (Վարդգես Մանուկը գալիս նստում է Շրեշ բլրի եւ Քասախ գետի մոտ՝ Արտիմեդ քաղաքում Երվանդ արքային խնամախոսելու, որտեղ իր անվամբ հիմնում է Վարդգեսավանը) եւ Վաղարշապատ, որը ըստ Մովսես Խորենացու, Վաղարշ Ա թագավորը (մ.թ. 191-211 թթ.) քաղաքը պատում է պարսպով, դարձում թագավորանիստ՝ վերանվանելով Վաղարշապատ կամ Նոր քաղաք:

Վաղարշապատում հիշատակվող երկրաշարժերը հիմնականում վերաբերում են վերջին 200 տարվան: Քաղաքը, անշուշտ, վնասվել էր նաեւ 9-րդ դարում Դվինի, 970-ական թվականներին՝ Զվարթնոցի, 1176թ.՝ Կոշի, 1264թ.՝ Ուշիի, 1679 թ.՝ Արարատյան, 1827թ.՝ Երեւանի, 1840թ.՝ Ակոռիի եւ այլ երկրաշարժերից:
Էջմիածնի միաբանության անդամ Բարսեղ արքեպիսկոպոսը իր «Ծանոթութիւն շարժին Արարատու եւ կործանման Մեծ Մասիս լերին» վերնագրով նամակում նկարագրում է 1840 թ. հունիսի 20-ի աղետաբեր երկրաշարժը: Նա որպես ականատես ներայացնում է երկրաշարժի ազդեցությունը Էջմիածնում: Երկրաշարժը սկսվում է միաբանության ընթրիքի ավարտման պահին, երբ նրանք դեռեւս նստած են լինում: Միաբանության մեծ մասը երկրաշարժից ահաբեկված բոկոտն դուրս է փախչում: Դրսում նրանք տեսնում են, թե ինչպես Մայր եկեղեցու գմբեթի խաչը ճոճվում է արեւելք-արեւմուտք ուղղությամբ ու ամբողջ եկեղեցին իր զանգակատան հետ նույն ուղղությամբ գնում-գալիս է, եւ զանգերը միջին ձայնով ինքնահար ղողանջում են: Նրանք զգում են Մասիսի անդնդախոր բացվածքից եկող ծծմբային անախորժ հոտը եւ տեսնում են Ակոռի գյուղի կործանումը: Նամակի այդ մասը վկայում է, որ երկրաշարժը Էջմիածնում ունեցել է 7 բալ, սակայն Մայր եկեղեցին շրջակա վանքերով (Հռիփսիմե, Գայանե, Շողակաթ) հանդերձ լուրջ վնասվածքներ չեն կրել:

1871թ. նոյեմբերի 20-ին երկրաշարժ է զգացվել Էջմիածնի գավառում: Նշված է, որ տատանումները եղել են ալիքաձեւ եւ կրկնվել են երկու անգամ, սկզբում՝ թույլ, իսկ հետո 1 կամ 2 վայրկյան անց՝ շատ ուժեղ եւ բաղկացած 5 որոտից:

1885թ. փետրվարի  26-ին,  «Առաւօտեան, Երեւանում  գետնաշարժի  բաւական  զգալի  ցնցում  է  եղել,  պատմում  են  նաեւ,  որ  այդպիսի  ցնցումն  նոյն  ժամին  եղել  է  եւ  Էջմիածնում»:

1888թ. մայիսի 2-ին Վաղարշապատում եղել է զգալի երկրաշարժ, որը տեւել է բավականին երկար: Ինչպես նշվել է՝ «շարժը զգալի է եղել եւ շրջակայ բոլոր գիւղերում, բայց ոչինչ վնաս չէ հասել»:

1910թ. հունվարին Վաղարշապատից գրվել է. «Ամսիս 11-ի լոյս 12-ի գիշերը առաւօտեան ժամը 4 1/2-ին այստեղ երկրաշարժ տեղի ունեցաւ: Շատերը ցնցումից զարթնեցին եւ փողոց դուրս եկան: Հարուածը արեւելքից դէպի արեւմուտք էր»: Վաղարշապատից մեկ ուրիշ թղթակցությունում գրվել է. «Ամսոյս 12-ին, երեկոյեան ժամը 6 եւ կէսին արեւմուտքում երեւաց մի մեծ փայլուն գիսաւոր աստղ. 13-ի առաւօտեան ժամ 5-ին զգացւեց երկրաշարժի ցնցում, որ շատ քնածների արթնացրեց»:

1915թ. երկրաշարժից Մայր տաճարի վնասվելը նշել է Գարեգին Հովսեփյանը. «Միայն 1915-ի երկրաշարժից, Եղիազար կաթողիկոսի ժամանակ (17-րդ դար) կառուցված երեք գմբեթներից հարաւայինը ընկաւ, վնասելով մասամբ եւ պատերի արտաքին մասերը, որ վերաշինուեցաւ առանց գմբեթի վերականգնման: Ճարտարապետ Ա. Թամանեանի, որի ձեռքով նորոգուեցաւ այդ մասը, կարծիքն էր, թէ Եղիազարի կառուցած գմբեթները պէտք է վերացնել, որոնք ծանրութիւն են շէնքի պատերի դիմացկունութեան համար»: Այդ մասին գրել է նաեւ ճարտարապետ Յու. Թամանյանը: Ի դեպ, հարավային գմբեթի  փլուզումը,  Թորոս Թորամանյանը կապում  է 1921թ. մարտի  27-ի առավոտյան  ժամը  4-ին տեղի ունեցած երկրաշարժի հետ:

1916թ. հոկտեմբերի 16-ին Վաղարշապատից ուղարկված թղթակցությունում գրվել է. «Երէկ երեկոյեան մօտ  ժ.  8 1/2-ին զգալի եղաւ տեղումս  ուժեղ  երկրաշարժ, որը տեւեց մի  քանի վայրկեան: Ժողովրդից շատերը դուրս թափվեցին փողոցները: Քանդվել են  շատ  պատեր, շատերն էլ ճեղքուածքներ ստացել: Շարժը ճեղքել եւ բացել է նաեւ  Մայր Տաճարի հարաւային կողմի ս. Յովհաննէս սեղանի դրսի պարսպից  բաւականին մեծ ճեղքուած, իսկ ներսից` փոքր: Ոմանց ասելով՝ երկրաշարժը  արեւմուտքից  դէպի  արեւելք էր, իսկ ոմանց` հարաւից հիւսիս: Շարժի ժամանակ ղօղանջել են  եկեղեցիների զանգակները: Մարդկային զոհեր չեն եղել: Շրջակայ գիւղերում, ասում են, երկրաշարժը շատ վնաս է տվել»:

«Աշխատանք» թերթում նշվել է, որ այդ երկրաշարժից բավականին ուժեղ  ցնցում է տեղի ունեցել: Իսկ «Գաղափար» թերթում  գրվել  է,  որ  այդ  երկրաշարժից  Ղուրդուղուլի (Արմավիր)  եւ  շրջակայքի  գյուղերում  բավականին  վնասներ  են եղել: Ղուրդուղուլուց դեպի Ղուզիգիդան (Այգեշատ)  տանող ճանապարհը ճեղքվել է 3-4  տեղից, որտեղից դուրս է հոսել հրաբխային գազ եւ ծծումբ ու քարածուխի թթվուտը  ցնդելով օդի մեջ, օդը դարձրել է հեղձուցիչ: Խեղճ գյուղացիք սարսափահար,  սրտատրոփ սպասում են աղետի կրկնությանը: Չնայած այս ցուրտ եղանակին,  գյուղացիք դուրսը, բաց երկնքի տակ են գիշերում, վախենալով ծածկի տակ մտնել:

«Հորիզոն» թերթում նշվել է, որ երկրաշարժից «տների պատերը տարուբերւեցին, տանիքներից հողերը թափւեցին»:

Մոսկվայում հրատարակվող հայկական հանդեսը նույնպես անդրադարձել է երկրաշարժին եւ գրել, որ հոկտեմբերի 15-ին երեկոյան, մոտավորապես ժամը 9-ին Մասիս լեռան կողմից, ուղղված դեպի Էջմիածին, Վաղարշապատով, տեղի է ունեցել բավականին ուժգին երկրաշարժ, որի ժամանակ շինությունները ցնցվել են, շատ տեղերում թափվել է ծեփը: Ժողովուրդը շտապել է Մայր Աթոռի Վեհարան եւ նկատել, որ այն չի վնասվել: Ինչպես նշվել է, Վեհափառ Հայրապետը եւ Մայր տաճարի հոգեւորականները աղոթել են իրենց փրկության համար:

Մեկ ուրիշ թղթակցությունում առավել մանրամասնաբար է նկարագրվել երկրաշարժը. «Հոկտեմբերի 15-ին երեկոյեան 8 ժամ 28 րոպէին Էջմիածնում զգացուեց երկրաշարժի մի շատ զօրեղ հարուած, հատու եւ կարճ, որ հազիւ տեւեց 2-3 վայրկեան: Հարուածի թափը հարաւ-արեւելքից հիւսիս-արեւմուտք էր: Հարուածի թափը մինչ այն աստիճան զօրեղ էր, որ մեծ զանգակատան զանգերը ղօղանջել սկսեցին: Միաբանութիւնը իրենց սենեակներից դուրս ելաւ իսկոյն, երկիւղ կրելով: Երկրորդ հարուածից, որ եթէ կրկնուէր, բաւական վնասներ կարող էր պատճառել: Նորին Վեհափառութեան առաջին հոգս ու մտածողութեան խնդիրն եղաւ Մայր Տաճարի եւ մանաւանդ Իջման ս. սեղանի ապահովութեան խնդիրը: Մի քանի րոպէից յետոյ ստուգուեցաւ, որ Իջման ս. սեղանն անվնաս էր, իսկ Մայր Տաճարի մասին, ուշ գիշեր լինելու պատճառով, անկարելի էր ստուգութիւն կատարել: Մայր Տաճարի անվնաս մնալու խնդիրը ստուգութեան ենթարկուեցաւ հետեւեալ առաւօտեան: Մանրազննին հետազօտութիւնից յետոյ երեւեցաւ, որ ընդհանուր առմամբ Մայր Տաճարը, թէեւ անվնաս է մնացած, սակայն բաւական զգալի վնասներ ստացել են հիւսիսային եւ, մանաւանդ, հարաւային կողմերում եղած փոքրիկ գմբէթները: Հոկտեմբերի 16-ին, ճաշից յետոյ, Նորին Սրբութիւնն անձամբ այցելեց Ս. Հռիփսիմեանց վանքը, դիտելու՝ արդեօք վնասուած չէ նաեւ մեր ճարտարապետութեան հնադարեան այդ գեղեցիկ կոթողը: Նորին Սրբութեան հետեւում էին իւր դիւանապետ Տ. Տիրայր ծ. վարդապետ եւ Սինօդի անդամ Տ. Գէորգ վարդապետ: Նորին Սրբութեան ընդունեց վանքի վանահայր Տ. Գարեգին ծ. վարդապետը եւ իւր, նոյն օրն առաւօտեան կատարած դիտողութիւնները հաղորդեց Նորին Սրբութեան: Վանքի ներսը, հարաւ-արեւմտեան փոքրիկ խորանի եւ տաճարի մէջ գտնուող պատը ճեղքուել էր վերից վար: Նորին Վեհափառութիւնը մի առ մի դիտելով բոլոր վնասները եւ գոհունակութիւն մատուցանելով, որ հայ ճարտարապետութեան այդ չնաշխարհիկ բեկորը անվնաս էր մնացած, պատուիրեց Տ. Գէորգ վարդապետին «Թագաւոր երկնաւոր» շարականը երգել ի նշան իւր շնորհապարտ զգացմանց: Եւ այդ հակիրճ ու ջերմ աղօթքից յետոյ լաւ, փոքր-ինչ հանգստանալով Ս. Հռիփսիմեանց վանաստանը, վերադարձաւ Մայր Աթոռ: Երկրաշարժի հարուածի ոյժն ավելի զգալի է եղել Մասիսի հիւսիս-արեւելեան կողմն ընկած գիւղերում, ուր մի քանի գիւղերում տներն են վնասուած, կտուրները թափուած, պատերը շուռ եկած, սակայն առանց մարդկային զոհերի: Շինութիւնների վնասներ եւ մարդկային զոհեր չէ եղած ամենեւին Վաղարշապատում եւ շրջակայքում»:

Թիֆլիսում Վեհափառ Հայրապետի հանձնարարությամբ կազմված խորհրդակցական ժողովը, որին մասնակցում էին Տ. Մխիթար եպիսկոպոսը, Տ. Տիրայր ծ. վարդապետը եւ Մայր տաճարի վերանորոգության հանձնաժողովի անդամներ Բաշինջաղյանը, Գրենեւսկին, Կալգինը, Տեր-Միքաելյանը, Տեր-Սարգսյանը, Ֆեդվաջյանը եւ Մարտիրոսյանը, լսելով Տ. Տիրայր ծ. վարդապետի բանավոր զեկուցումը, որոշում է ուղարկել իր անդամներից մեկին տեղում ուսումնասիրելու երկրաշարժի հետեւանքները:

Հանձնաժողովի անդամներից Սբ Էջմիածին է ուղեւորվում Ք. Տեր-Սարգսյանը, որին Վեհափառ Հայրապետը պատվիրում է մանրազննին ուշադրությամբ ուսումնասիրել Մայր տաճարն ու Սբ Հռիփսիմե վանքը եւ զեկուցել իրեն: Նրա առաքելության նպատակն էր «տեղն ու տեղը մի առ մի զննել հոկտեմբերի 15-ի երկրաշարժի հետեւանքները եւ այդ մասին զեկուցանել յանձնաժողովի խորհրդին, կարեւոր միջոցներ ձեռք առնելու եւ վնասուածները նորոգելու»:

Այդ առթիվ գրվել է. «Նոյեմբերի 16-ին եւ 17-ին Տէր-Սարգսեան մանրազննին հետազօտութեան ենթարկեց Մայր Տաճարի ներսը, դրսի մասերը, գմբէթները, կամարները, ինչպէս եւ ս. Հռիփսիմեանց վանքը եւ իւր հետազօտութիւնները 18-ին զեկուցեց Նորին Սրբութեան: Ճարտարապետի կարծիքով. ա) Մայր Տաճարի ներսի կողմից թէեւ թեթեւ ճեղքուածներ կան, սակայն դոքա անվնաս երեւոյթներ են եւ աւելի ծեփերի վնաս. բ) հարաւ-արեւելեան եւ հարաւ-արեւմտեան սիւների վերայ ճեղքուածները հին, կցորդուած եւ աղիւսակերտ մասերի ճեղքուածներն են եւ միայն նոցա թեթեւակի բաժանումն է մայր սիւներից, որ առաջացրել է այդ երեւոյթը, սակայն առանց հիմնական վնասներ տալու բնոյթի, գ) իջման ս. Սեղանի հիւսիս-արեւելեան անկեան վարի շարժումը ո՛չ մի խախտման առիթ լինել չէ կարող. այդ քարը կարելի է ամենայն դիւրութեամբ հանել եւ նորից իւր տեղը դնել: Գմբէթի սիւները այնքան հաստատուն են եւ ամուր, որ երկիւղի առիթ տալ ամենեւին չեն կարող, դ) Մայր Տաճարի ներքին կամարների վերայ երկրաշարժի թափը ոչ մի ազդեցութիւն չէ ունեցած, ե) դրսի կողմից հիւսիսային փոքրիկ գմբէթի տակ եղած պատի ճեղքուածքը անվտանգ է եւ կարելի է շաղախով միաւորել եւ ամրացնել, զ) միակ վնասուած մասը Մայր Տաճարի հարաւային փոքրիկ գմբէթն է, որի ներքին սիւները բաւական խախտուած են, հարուածի ոյժից սիւների քարերը ճաքճքուած. ստորին մեծ եւ վերին փոքրիկ կամարները ճեղքուածներ ստացած, է) Ս. Հռիփսիմէի տաճարի ճեղքուածները վնաս բերելու բնոյթ չունին, սակայն առաջին պատեհութեան պիտի նորոգել եւ լցնել: Այդ ճեղքուածները նախորդ ճեղքուածների տեղերի վրայով են անցած եւ դժբաղդաբար վերջին նորոգութեան ժամանակ բաւական անուշադիր են եղել դէպի այդ վնասուած մասերը եւ կրաշաղախով չեն լցրել՝ անվնաս դարձնելու համար: Նորին Սրբութիւնը լսելով այս մանրամասն զեկուցումը պատուիրեց Տփխիս վերադառնալ անմիջապէս ժողովի հրաւիրել վերանորոգութեան յանձնաժողովի անդամներին, զեկուցանել նոցա դիտողութիւնների մասին եւ նոցա եզրակացութիւնը իրեն հաղորդել անմիջապէս, կարեւորը կարգադրելու համար: Պ. Տէր-Սարգսեան մեկնեց Մայր Աթոռից Տփխիս նոյեմբերի 19-ի առաւօտեան»:

Մեկ ուրիշ թղթակցությունում նշվել է, որ այդ երկրաշարժը զգալի վնասներ է  պատճառել Էջմիածնին, Հռիփսիմեին եւ Հովհաննավանքին: Էջմիածնի Մայր տաճարը  մի քանի տեղերից` գմբեթը եւ սյուները` մեծ հարվածներ են ստացել, նույնը եւ Հովհաննավանքը, որն առանց այն էլ քայքայված էր երկրաշարժի հարվածներից, հասել է  այնպիսի դրության, որ սպասվում է նրա ամբողջական տապալումը ձորի  մեջ: Ճարտարապետ  Ք. Տեր-Սարգսյանը,  որ  գնացել  էր  Էջմիածին,  հայտնում  է,  որ  եթե անմիջական միջոցներ ձեռք չառնվեն, Էջմիածնի վանքը մեծ վտանգի է  ենթարկվելու:

Երկրաշարժը կրկնվել է նաեւ նոյեմբերի 1-ին՝ երեկոյան:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող

«Առավոտ» օրաթերթ
01.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031