Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ականջները քոր գալիս․ 7 տարածված պատճառներ

Մարտ 02,2023 09:30

Ականջի քորը ոչ միայն տհաճ, այլև նյարդայնացնող զգացողություն է, քանի որ ցանկացած մարդուն կարող է դնել անհարմար իրավիճակի մեջ ամենաանհարմար վայրում և պահին։ Ականջի քորի առաջացման պատճառները շատ տարբեր են, և յուրաքանչյուրը համապատասխան մոտեցում ու բուժում է պահանջում։

Մենք առանձնացրել ենք ականջի քորի առաջացման ընդհանուր պատճառները, որոնց իմացությունը կօգնի թեթևացնել այդ խնդիրը։

Որոշ մարդկանց մոտ ականջի քորը կարող է ուղեկցվել հետևյալ ախտանշաններով՝

  • Լսողության կորուստ կամ ձայնի խլացված ընկալում,
  • ճնշման կամ լցվածության զգացում ականջում,
  • կարմրություն կամ տաքության զգացում,
  • ականջների խցանում,
  • ցավ,
  • այտուցվածություն,
  • տհաճ հոտ,
  • արտադրություն ականջից։

Այս ախտանշաններից որևէ մեկի առկայությունը կարող է հուշել ականջի ավելի լուրջ հիվանդության մասին, և այդ դեպքում չպետք է հետաձգել բժշկին այցելությունը։

Ականջի քորի առաջացման 7 տարածված պատճառները

Ականջի քորի առաջացման պատճառները, ինչպես նշվեց վերևում, բավականին տարբեր են, և շատ հաճախ դժվար է լինում ճշգրիտ ախտորոշում ստանալը։

«Ականջի քորը նկատվում է տարիքային բոլոր խմբերում, քանի որ լսողական անցուղին մուգ, խոնավ վայր է, որը հրաշալի միջավայր է վարակների համար»,-ասում է պրոֆեսոր Բոպաննա Բալաչանդան՝ Աուդիոլոգիայի ամերիկյան ակադեմիայի տնօրենը։

Ահա ականջի քորի 7 հիմնական պատճառներն ու փորձագետների խորհուրդները՝ ինչպես վարվել յուրաքանչյուրի դեպքում։

Լսողական անցուղիների չափից շատ մաքրումը

Ականջածծումբը, որից այնքան ջանասիրաբար մարդիկ փորձում են ազատվել, կարևոր դեր ունի։ «Ականջածծումբն օժտված է պաշտպանիչ հատկություններով․ այն կանխում է ականջի անցուղիների չորացումն ու պաշտպանում ականջը մանրէներից, սնկերից, օտար մարմիններից», -ասում է քիթ-կոկորդ-ականջաբան Օլիվեր Չինը։ Ականջածծմբից ազատվելու համար մեծ ջանքեր գործադրելով՝ շատերն անգիտակցաբար ավելի են բարդացնում իրավիճակը, քանի որ զրկվելով այդ նյութից՝ ականջի անցուղիները չորանում են։

«Քորի առաջին պատճառը մաշկը խոնավացնող ու պաշտպանող ծծմբային թաղանթի բացակայությունն է։ Ականջածծումբը պետք չէ ջանասիրաբար մաքրել, քանի որ այն սովորաբար ինքն իրեն դուրս է գալիս լսողական անցուղուց», -մեկնաբանում է պրոֆեսոր Բալաչանդան։

Խնդրի լուծումը․ դադարեցրեք ականջը քորել կամ մաքրել ինչ-որ առարկաների միջոցով։ Դոկտոր Չինի խոսքով՝ չափից շատ մաքրելու արդյունքում առաջացած քորը սովորաբար թույլ է, սակայն լսողական անցուղու զգայուն մաշկի վերականգնման համար 2-4 շաբաթ կարող է պահանջվել։

Ընթացքում խուսափեք ականջում ջուր լցվելուց։ Արտաքին ականջը կարող եք մաքրել ու չորացնել սրբիչի միջոցով՝ լոգանքից հետո։ Անհրաժեշտության դեպքում ականջից խոնավությունը վերացնելու համար կարող եք դիմել վարսահարդարիչի օգնությանը՝ ականջին միջին ջերմաստիճանի օդ փչելով զգալի հեռավորությունից։

Ականջածծմբի մեծ քանակությունը

Ծծմբի ինչպես քիչ, այնպես էլ մեծ քանակությունը նույնպես կարող է ականջների քոր առաջացնել։ «Որոշ գործոնների համադրությունը կարող է ծծմբի չափից շատ արտազատում առաջացնել․ դա կարող է կապված լինել ականջի անատոմիական առանձնահատկությունների կամ սխալ հիգիենայի հետ», -ասում է դոկտոր Չինը։ «Երբեմն ականջները մաքրելիս մենք ավելի ենք խցանում ականջի անցուղին՝ ավելի խորը հրելով ականջածծումբը, որը բնական ճանապարհով կարող էր դուրս գալ։ Հենց ծծումբն ավելի խորն է ներթափանցում, այն աննշան գրգռվածություն է առաջացնում, որը գլխուղեղն ընկալում է որպես քոր։

Խնդրի լուծումը․ զգուշությամբ օգտագործեք ականջի չոփիկներն ու այլ առարկաները, և եթե կասկածում եք, որ քորի պատճառը ականջածծմբի գերարատադրությունը կամ խցանումն է, կարող եք օգտվել միջոցներից, որոնք նախատեսված են ականջածծումբը փափկեցնելու համար։ Կարող եք մի քանի կաթիլ ջրածնի պերօքսիդ կաթեցնել լսողական անցուղու մեջ։ «Պարզապես կողքի թեքեք գլուխը կամ պառկեք կողքի վրա և 3-4 կաթիլ ջրածնի պերօքսիդ կաթեցրեք անհանգստացնող ականջի մեջ», -ասում է պրոֆեսոր Բալաչանդան։ «Սպասեք 10-15 րոպե և լվացեք ականջը գոլ ջրով»։

Սակայն եթե կասկածում եք, որ թմբկաթաղանթը վնասված է, անցք ունի, ապա մի օգտագործեք այդ մեթոդը։ Եթե տնային պայմաններում չի ստացվում հարթել խնդիրը, ապա մասնագետն խցանված արտազատուկը կհեռացնի հատուկ գործիքի կամ նյութի օգնությամբ։

Ինֆեկցիաները

Բազմաթիվ են միկրոբները, որոնք կարող են ախտահարել արտաքին ու միջին ականջը։ Ականջի քորը, որն ուղեկցվում է ցավով, կարմրությամբ ու ականջում տաքության զգացումով, ականջաբորբի ախտանշան է, առավել ևս եթե կան այլ ուղեկցող ախտանշաններ ևս, ինչպիսին ջերմությունն է։

Քորը նաև «լողորդի» ականջի՝ արտաքին անցուղու բորբոքման տարածված ախտանշաններից մեկն է։

«Ծծումբը, խառնվելով ջրի հետ, կորցնում է վարակների դեմ պայքարելու իր բնական ունակությունը։ Դրանից բացի ավելորդ խոնավության պատճառով լսողական անցուղին վերածվում է բակտերիաների ու սնկերի աճի համար բարենպաստ միջավայրի»,- ասում է պրոֆեսոր Բալաչանդան։ Ընդ որում, պետք չէ լողորդ լինել այդ խնդիրը «վաստակելու» համար, խոնավ միջավայրում ապրելը նույնպես կարող է նպաստել արտաքին անցուղու բորբոքման զարգացմանը։

Խնդրի լուծումը․ «լողորդի ականջի» դեպքում քորը կարող է թեթևացնել թույլ թթվային լուծույթը․ «Սպիտակ քացախը թույլ թթվայնություն ունի, և այն կարելի է նոսրացնել գոլ ջրով՝ 50:50 հարաբերակցությամբ և օրական 4-5 կաթիլ կաթեցնել քոր եկող խոնավ ականջի մեջ՝ սնկերն ու մանրէները վերացնելու համար։ Եթե մեկ շաբաթվա ընթացքում ախտանշանները չեն բարելավվում, ապա պետք է դիմել բժշկին համապատասխան բուժում ստանալու համար։

Մաշկի վիճակը

Եթե ունեք մաշկային հիվանդություններ, ինչպիսիք են փսորիազը կամ էկզեման, ապա ականջն ու լսողական անցուղին կարող են ունենալ համանման ախտանշաններ․ այդ շրջանում մաշկի կարմրություն, չորություն, ճաքճքվածություն, քոր։
«Երբեմն այդ հատվածները կարող են վարակ ընդունել, քանի որ խախտված է ինֆեկցիաներից պաշտպանող մաշկի պատնեշը», – ասում է պրոֆ․ Բալաչանդան։

Ականջի քորի ևս մեկ տարածված պատճառ է սեբորեային դերմատիտը, որը վնասում է ականջածծումբ արտադրող ճարպագեղձերը։ Սեբորեային դերմատիտն իրականում էկզեմայի տեսակներից մեկն է, որը զարգանում է սնկերի որոշակի տեսակի՝ մալասեցիայի նկատմամբ օրգանիզմի իմունային ռեակցիայի հետևանքով։ Դա կարող է դրսևորվել որպես բորբոքում լսողական անցուղում կամ ցան առաջացնել ականջի ետևում՝ ասում է պրոֆ․ Բալաչանդան։

Խնդրի լուծումը․ կարող է տեղային բուժման անհրաժեշտություն առաջանալ, եթե կա ականջում քոր առաջացնող մաշկային հիվանդություն։ Այս դեպքում լավագույն խորհուրդը՝ դիմել որակավորված մասնագետի օգնությանը։

Տարիքը

Տարիքի հետ նույնպես կարող է ականջներում քոր առաջանալ։ «Տարիքի հետ լսողական անցուղին պատող մաշկը նույնպես ծերանում է, իսկ ականջածծմբի արտադրությունը՝ նվազում, ինչի արդյունքում անցուղին չորանում է։ Այդ վիճակը կոչվում է աստեատոզ, և կարող է հանգեցնել մաշկի չորության ու թեփոտվածության՝ մաշկի ճարպային շերտի անբավարարության պատճառով»։ Այդ երևույթը տարածված է հատկապես կլիմայական ցուրտ պայմաններում ապրող մարդկանց շրջանում։

Խնդրի լուծումը․ մաշկի խոնավացումն այս խնդրի հիմնական լուծումն է․ ականջի համար կարող են կիրառվել քսուկներ, որոնք կարելի է գնել դեղատնից առանց դեղատոմսի։ Օդը խոնավացնող սարքերի օգտագործումը նույնպես կարող է նպաստել մաշկի, այդ թվում ականջի անցուղիների չորության կանխարգելմանը։

Պրոֆ․ Բալաչանդան խորհուրդ է տալիս չորության դեպքում մի քանի կաթիլ ձիթայուղ կաթեցնել ականջի մեջ 10-15 րոպեով։ «Թեքեք գլուխը կամ ականջի մոտքը փակեք բամբակով՝ յուղի արտահոսքը կանխելու համար, այնուհետև մաքրեք յուղի մնացուկները», – խորհուրդ է տալիս պրոֆեսորը։

Ալերգիաներ

Ականջի քորը կարող է սեզոնային կամ սննդային ալերգիաների ախտանշաններից մեկը լինել։ Ալերգիայի պատճառով առաջացած քորը զգացվում է լսողական անցուղու խորքում։ «Քորի այս տեսակի դեպքում ականջը լիովին նորմալ տեսք է ունենում, քանի որ քորի առաջացման պատճառն անմիջապես ականջի մեջ չի գտնվում», -ասում է պրոֆ․ Բալաչանդան։

Խնդրի լուծումը․ ալերգիայի հիմնական ախտանշանների վերացումը թեթևացնում է ականջի քորը: Շատ դեպքերում հակահիստամինային միջոցների ընդունումը բավականին լավ արդյունք է ապահովում։ Սննդային ալերգիայի դեպքում խորհուրդ է տրվում հետևել սննդին ու ախտանշաններին՝ ալերգիա առաջացնող սննդատեսակները պարզելու համար։

Կոնտակտային դերմատիտ

Ականջի քորը կարող է կոնտակտային դերմատիտի հետևանք լինել․ ալերգիկ ռեակցիայի, որն առաջանում է ալերգենների կամ գրգռիչ նյութերի հետ մաշկի շփման արդյունքում։ Կոսմետիկ ապրանքը, ինչպիսին մազերի լաքը կամ օճառահեղուկն է, կարող է այսպիսի խնդիր առաջացնել։ Տարածված տրիգերներ են համարվում նաև բույրերը, նիկել պարունակող իրերը, օրինակ՝ ականջօղերը։ Ականջի մեջ տեղադրվող պլաստիկե, մետաղյա իրերը, ասենք՝ լսողական սարքերը նույնպես կարող են քոր առաջացնել։

Խնդրի լուծումը․ այս դեպքում լուծումը խնդրի հարուցիչների հետ շփման բացառումն է։ Գրգռիչ նյութի հետ շփումը դադարեցնելուն պես քորը սովորաբար անհետանում է։ Լսողական սարքեր կամ զարդեր ընտրելիս նախապատվությունը տվեք հիպոալերգեն նյութերով պատրաստվածներին։

Երբեմն քորը կարող է առաջանալ նաև այլ պատճառներով, որոնք պարզելու հարցում կօգնի մասնագիտական խորհրդատվությունը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝  Forbes Health

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031