Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին խնդրում է աջակցել Հայաստան ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձին։
Հայաստան վերադառնալ ցանկացող ադրբեջանցիները Միշելին հղած նամակում նաև Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությանն են դիմել՝ պնդելով, որ նրանց մանդատը ենթադրում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանություն, հետևաբար պահանջում են զբաղվել այդ երկրից տեղահանված ադրբեջանցիների իրավունքներով և անվտանգությամբ, ինչպես նաև պայմաններ ստեղծել, որպեսզի իրենք կարողանան այցելել իրենց տները, գերեզմանները, սրբավայրերը։
Եվրոպական դաշինքի ղեկավարին հասցեագրված այդ նամակը հրապարակված է Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցներում։
Նամակի հեղինակը Ադրբեջանի կառավարության հովանավորչությունը վայելող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» քաղաքական նախաձեռնությունն է, որի նպատակն, ինչպես նշում է պաշտոնական Բաքուն, հարյուր հազարավոր էթնիկ ադրբեջանցիների վերադարձն է Հայաստան, որտեղ նրանք ժամանակին բնակվում էին։
Կարդացեք նաև
Ադրբեջանցի փախստականներին միավորող այս նորաստեղծ կազմակերպությունը իր գործունեության մասին պաշտոնապես հայտարարել է անցած տարվա օգոստոսին, ամիսներ անց իր հարկի տակ հյուրընկալել երկրի նախագահին։
«Ներկայիս Հայաստանը մեր տարածքն է», – անցած տարեվերջին կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարում էր նախագահ Իլհամ Ալիևը՝ իր անվերապահ աջակցությունը հայտնելով կազմակերպության գործունեությանը։ Ի դեպ, սա Ալիևի երկրորդ այցն էր ընդամենը մի քանի ամսվա գործունեություն ունեցող կազմակերպության գրասենյակ։
Ադրբեջանի առաջնորդի մոտ մեկ ժամանոց ելույթից հետո, որում, ի դեպ, Ալիևը կրկին կասկածի տակ էր դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հրապարակվեց Հայաստանի տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցման պետական ծրագիրը։
Այդ փաստաթուղթը պնդում է՝ Հայաստան պետք է վերադառնան «ոչ միայն տեղահանված ադրբեջանցիները, այլև նրանց ժառանգները»։ Կազմակերպությունը հայտարարել է, որ արդեն սկսել է Հայաստանից «տեղահանված ադրբեջանցիների հաշվառումը»։
Զուգահեռաբար Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում հատուկ ֆակուլտետ է ստեղծվել, որն իբրև թե զբաղվելու է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի տեղանունների, բնակավայրերի լանդշաֆտի վերականգնմամբ»։ Ըստ Իլհամ Ալիևի հաշվարկների՝ «Հայաստանի ավելի քան 300 քաղաքներում և գյուղերում ադրբեջանցիներ են ապրել», իսկ «ավելի քան 170 գյուղերում միայն ադրբեջանցիներ են բնակվել»։
«Նրանց [ադրբեջանցիների] վերադարձը չի նշանակում այնտեղ բնակվող հայերի վտարում»,- «մեծահոգաբար» հայտարարում էր Իլհամ Ալիևը․ «Այդ գյուղերը դատարկ են, և մենք, իհարկե, կօգտագործենք մեր ունեցած բոլոր հնարավորությունները»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: