Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխոստիկանապետի ծանոթները սպայական կոչումներ են ստանում արտահերթ»․ Դանիել Իոաննիսյանը՝ ոստիկանության համակարգում միտումների մասին

Մարտ 01,2023 20:44

«Վերջին ժամանակաշրջանում մենք սկսեցինք ակնհայտ տեսնել, որ դիմադրությունն ավելի արդյունավետ է դառնում և ավելի մեծ արդյունքների է հասնում։ Երբ նոյեմբերին բարձրացրինք հարցը, որ տույժերով ծառայողական քննությունը պարեկային ծառայության ծառայողներին ըստ էության տեռորի է ենթարկում համակարգը, մեր այդ հարցը բարձրացնելուց հետո էլ ավելի շատ բևեռացան տույժերը պարեկների վրա։ Տույժերի մոտ ութսուն տոկոսը պարեկներն էին»,- «Մեդիա կենտրոնում» «Ոստիկանության բարեփոխումներ. համակարգը դիմադրում է. ինչո՞ւ» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նա շարունակեց․ «Երբ մենք բարձրացնում էինք տարբեր հարցեր, տեսնում էինք՝ ոչ թե ռեակցիան լուծմանն է ուղղված, այլ դիմադրելուն։ Այդ պայմաններում հասկացանք, որ մեր մասնակցությունը լինելու է դեկորատիվ և լեգիտիմացնելու է անարժեք բարեփոխումները»։

Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ ոստիկանության համակարգում նկատվող որոշ միտումներ գալիս են ապացուցելու, որ իրենց գնահատականը բավականին ճիշտ էր։ Այս առիթով շարունակեց․ «Մենք չէինք ուզում մասնակցել բարեփոխումներին, որի արդյունքը  կարող էին չակերտավոր բարեփոխումներ լինել։ Ոստիկանները խաղաղ ցուցարար կարող են ծեծել, չակերտավոր ոստիկանության քրեական հետախուզման աշխատակիցները՝ օպերները մարդկային խոշտանգումներ կանեն, փաստաբան կծեծեն։ Մենք ուզում ենք մասնակցել իրական բարեփոխումների, բայց երբ դա սկսվում է դեկլարատիվ բնույթ կրել, ակամայից կհայտնվենք ԵԱՀԿ իրավիճակում, որը մոտ 15 տարի առաջ մեծ ներդրում կատարեց ոստիկանության Արաբկիրի բաժնում, բարեփոխումներ արեցին, իսկ դրանից մի քանի տարի հետո Արաբկիրի բաժնում հակագազով մարդ էին խոշտանգում»։

Միտումների մասին խոսելով՝ Դանիել Իոաննիսյանն ասաց․ «Օրինակ՝ փաստաբանների ծեծը օպերների կողմից։ Նման բան ես երբևէ չեմ հիշում, որ տեղի ունեցած լինի։ Սա զուգորդվում է մեկ այլ բանի հետ, որ ԵՄ ֆինանսավորմամբ՝ ոստիկանության բաժիններում տեղադրվում էին տեսախցիկներ, բայց ուղղակի ոստիկանապետի հրամանով այդ տեսախցիկներն անջատվեցին։ Երբ խոշտանգումներն իրականացվեցին, ոստիկանները ոչ միայն չպատժվեցին, այլև ավելի բարձր պաշտոնների գնացին։ Տարեցտարի սպանությունների թիվն է էական աճում, դրան զուգահեռ չի ավելանում գործնականում այն մարդկանց թիվը, որոնք սպանությունների համար դատվում են։ Սպանության համար դատվողների թիվը համարյա չի ավելանում։ Նաև դատարան ուղարկվող գործերի թիվը չի ավելանում»։

Դանիել Իոաննիսյանը նկատեց՝  մարդասպանների 73 տոկոսն ազատ շրջում են և դատարանի առաջ չեն կանգնում․ «Ոստիկանական համակարգի խրախուսման և տույժերի միտումն է խնդրահարույց։ Ասացի, թե ոնց են ընկել պարեկների հետևից։ Փոխոստիկանների ծանոթները սպայական կոչումներ են ստանում արտահերթ, երբ տարվա բաժին է ճանաչվում Արաբկիրինը, որի ավագ օպերլիազորը տարեվերջում բռնվել էր թմրանյութեր վաճառելիս։ Սա ընդհանուր միտում է ոստիկանության ղեկավարի կողմից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031