Ասում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, կողքին՝ մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է, բայց գարնան կատաղի քամին ավերում է ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորն սկսում են կոչել Ծաղկաձոր: Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն:
Կառուցվում է Կեչառիսի վանքը:
Սակայն աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառում:
Վանական համալիրը ձևավորվել ու ամբողջացել է XI-XIII դդ՝. Պահլավունի և Պռոշյան (Խաղբակյան) իշխանների ջանքերով։ Կեչառիսը Հայաստանի մշակութային և եկեղեցական նշանավոր կենտրոններից էր, որտեղ ապրել ու ստեղծագործել են շնորհաշատ քաղաքական գործիչ և փիլիսոփա Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ: Կեչառիսը նաև գրչության կենտրոն էր. պահպանվել ու մեզ են հասել այնտեղ գրված ու ընդօրինակված հայերեն մի քանի տասնյակ ձեռագրեր:
XVIII դ. Կեչառիսի վանքն ամայացել և լքվել է: 1828 թ. տեղի ունեցած երկրաշարժից քանդվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը: 1957-59 թթ. վանքի տարածքը բարեկարգվել է ու պարսպապատվել, շենքերի տանիքները ծածկվել են քարե սալերով: Վանական համալիրն ամբողջությամբ վերականգնվել է ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի միջոցներով (1998-2001թթ.):
Շնորհավո՛ր, գարնան առաջին օրը, թող բուրավետ ծաղիկները տարածված լինեն ամենուր, թող գարունը ավետաբեր լինի, իսկ տեսարժան վայրերը այցելուններով լեցուն։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն