«Մայր Հայաստան հուշահամալիրի» տարածքում հսկողություն իրականացնող պարեկային ծառայության աշխատակիցները քիչ առաջ ձերբակալել են Գյումրու քաղաքապետարանի աշխատակցի՝ հսկիչ-բանվոր Պողոս Փափազյանին՝ ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով։
Նրան տարել են ոստիկանության «Մուշ» բաժին։
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, սակայն, նշում է՝ Պողոս Փափազյանը Գյումրու «Մայր Հայաստանի» հատվածում իրականացրել է սանիտարական էտում՝ բրիգադիրի գլխավորությամբ։ Տեղում եղել է թե՛ բրիգադիրը, թե՛ ինժեները։
Աշխատակիցը բրիգադիրի ցուցումով կտրել է ծառի չոր ճյուղը (տես լուսանկարում), որն էլ դարձել ձերբակալության պատճառ։
Կարդացեք նաև
Իրավապաշտպանը քննադատում է պարեկներին՝ նշելով, որ նրանց անգրագիտությանը չափ, սահման չկա։
Կարապետ Պողոսյանի մանրամասնելով, Պողոս Փափազյանին ձերբակալելուց հետո նրա բրիգադիրն ու ինժեները՝ ծառի չոր ճյուղը գրկած՝ որպես իրեղեն ապացույց, ներս են մտել ոստիկանության «Մուշ» բաժին ու ձեռքերը պարզելով՝ խնդրել իրենց էլ ձերբակալել։
Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ քաղաքապետարանի աշխատակցին ու կազմված փաստաթղթերը ուղարկում են քննչական։
Պողոս Փափազյանի որդին՝ Կարեն Փափազյանն Aravot.am-ի հետ զրույցում վրդովված ասաց․«Մեր պարեկները ծառն ու ճյուղն իրարից չեն տարբերում, հայրս քաղաքապետարանի աշխատող է, իր գործի ժամանակ իր պարտականություններն է կատարել, մաքրել է, որ ջրի ակունքը չլցվի, վաղը մյուս օր խնդիր չլինի։
Ջրի ակունքի դիմաց է եղել ճյուղը, պարեկները եկել են, թե ապօրինի ծառահատում ես անում։ Գնացել, ասում եմ՝ սա ծառ չէ, ճյուղ է, զգում ես, որ չի տարբերակում։
Պարեկը երեք էկիպաժ է կանչել, որ քաղաքապետարանի աշխատակցի ձերբակալի, միայն վառելիքը յոթ ծառի գին ունի։ Սա խայտառակություն է, աշխարհի վերջն է։
Ծառի չոր ճյուղը տարել, տվել ենք քննիչին՝ որպես իրեղեն ապացույց, հիմա փորձաքննություն պիտի նշանակեն։ Ուզում են գործ սարքել»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ