Ինչո՞ւ ոստիկանական բոլոր բաժանմունքներում դեռեւս չկան տեսախցիկներ․ դրանք մի մասում են միայն տեղադրված, մինչդեռ գործընթացը տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների շրջանակում։ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր այս մասին հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ նկատելով, որ տեսախցիկներով կահավորումը կբացառի նաեւ բռնությունների գործադրումը։
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը պատասխանեց, որ դեռեւս 2020թ․-ից տասը բաժիններում տեսախցիկներ են տեղադրվել․ «Քննական սենյակները կահավորված են։ Այս պահին բոլորն աշխատում են, բայց քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններից հետո գործընթացը դադարեց, որովհետեւ ոստիկանությունն այլեւս նախաքննություն չի իրականացնում։ Ուստի դրա անհրաժեշտությունը վերացավ, բայց բարեփոխումների շրջանակում նախատեսում ենք ոստիկանության բոլոր բաժիններում տեղադրել տեսախցիկներ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ