Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով կարճել Պետրոսյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը եւ քրեական հետապնդումը դադարեցնել:
«Գեղամ Պետրոսյանը հանցագործություն չի կատարել, նրա նկատմամբ անհիմն մեղադրանք են առաջադրել, ես միջնորդություն եմ ներկայացրել, որ անհիմն մեղադրանքի պարագայում քրեական հետապնդումը դադարեցվի , քրեական վարույթն էլ՝ կարճվի»,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանի նկատմամբ 2019-ին մեղադրանք էր առաջադրվել հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։
Նրան կալանավորել էին, բայց երկու ամիս անց ազատ արձակել, դրանից 4 տարի անց ոչ Գեղամ Պետրոսյանը, ոչ նրա պաշտպանը տեղեկություն չունեն գործի քննությունը որ փուլում է. «Քննվում է, թե՝ չէ, ո՛չ ես, ո՛չ էլ Գեղամ Պետրոսյանը տեղեկություններ չունենք: Մեզ երբեւէ հարցաքննության չեն հրավիրել: Գուցե վարույթն իրականացվել է, բայց մեզ հետ կապված որեւէ նոր հանգամանք ձեռք չեն բերել ու մեզ հետ որեւէ քննչական կամ դատավարական գործողություն կատարելու անհրաժեշտություն չի եղել, չեն հրավիրել, չգիտեմ»:
Կարդացեք նաև
Փաստաբանը նաեւ հավելեց, որ գլխավոր դատախազին ներկայացված միջնորդությամբ հիմնավորել եւ ապացուցել է, որ ձեռք բերված փաստական տվյալներն ավելի քան բավարար են, որ վարույթը կարճվի, քրեական հետապնդումն էլ դադարեցվի. «Այդ բոլոր փաստական տվյալները ծավալուն միջնորդությամբ ներկայացվել է գլխավոր դատախազին, թե հիմա ինչ վերաբերմունք ցույց կտա, չեմ կարող ասել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ