Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԳՆ-ն հանձնվեց բարեփոխումների հակառակորդների հայեցողությանը»․ Արթուր Սաքունց

Մարտ 01,2023 16:45

«Ներքին գործերի նախարարությունը հանձնվեց բարեփոխումների հակառակորդների հայեցողությանը։ Խոսքը ոչ միայն նախկին ոստիկանապետի, այլ իր տեղակալների ամբողջ կազմի մասին է»,- «Մեդիա կենտրոնում» «Ոստիկանության բարեփոխումներ. համակարգը դիմադրում է. ինչո՞ւ» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Ըստ նրա՝ միակ բացառությունը մի տեղակալն է, որն ԱԺ-ում ներկայացնում է օրենսդրական նախաձեռնությունը։ Այս առիթով ասաց․ «Դա տիպիկ մինչհեղափոխական ժամանակաշրջանի այն մեխանիզմի շարունակությունն է, երբ առաջին դեմքը նշանակում են՝ ըստ քաղաքական նպատակահարմարության մարդու, իսկ տեղակալին գրագետ մարդու, որը զբաղվի փաստերի գրագետ ձևակերպմամբ, այն դեպքում, երբ հենց նույն Արփինե Սարգսյանին կարելի էր նշանակել ՆԳ նախարար։ Դրանով կարձանագրվեր քաղաքական կամքը՝ հանձին նոր կառույցի տեսնել հնարավորություն բարեփոխումների, բարեվարքության, օր առաջ պատասխանատու քաղաքական իրավիճակի նկատմամբ հարգալից մոտեցում ունեցող համակարգ ստեղծելու»։

Արթուր Սաքունցը որպես ցուցիչ հիշեցրեց՝ պարեկային ծառայության համար դիմող ոստիկանների 53 տոկոսը չի հաղթահարել շեմը և շարունակում է ծառայությունը ոստիկանությունում։ Ըստ նրա՝ սա նշանակում է, որ հենց նույն նախկին ոստիկանապետը և իր տեղակալները որևէ ցանկություն չունեն հաշվի նստել այդ՝ այսպես կոչված բարեփոխումներին ուղղված կամ նոր տեսակի պարեկային ծառայության ներդրման հետ կապված մեխանիզմների արդյունքների հետ։ Եթե լիներ այդ ձգտումը, հենց այդ քննության արդյունքների հիման վրա իրենք կհենվեին, և այդ մարդիկ, որոնք չէին հաղթահարի, նրանցից ազատվելու քայլեր կգործադրեին։

Այն դիտարկմանը՝ պատճառաբանում են, որ մարդկային ռեսուրսներ չկան, Արթուր Սաքունցն այդ պատճառաբանությունները անհեթեթ համարեց ու նշեց՝ այդ դեպքում թող զուգահեռաբար կրթական բարեփոխումներ անեին, կադրեր պատրաստեին։

Արթուր Սաքունցի համոզմամբ՝ հատվածային բարեփոխումները երբեք արդյունավետ չեն եղել։ Նա ասաց․ «Հերթական անգամ գործ ունենք մի սպառնալիքի հետ, որ նոր կառույցը՝ հանձին պարեկային ծառայության, որի համար մեծ ջանքեր հստակեցվեցին, հանձված է չբարեփոխված առյուծի բաժին հանդիսացող կառույցի հայեցողությանը։ Սրա թիվ մեկ պատասխանատուն կառավարությունն է, անձամբ վարչապետը, որովհետև արդեն բոլորին է հայտնի, որ Վահե Ղազարյանը՝ որպես իր մտերիմ մարդ է նշանակվել։ Էլի մտերիմը թող լինի, որովհետև քաղաքական թիմի խնդիր կա։ Բայց չի կարող քաղաքական թիմում ընդունված համարվել մարդ, որը չի համապատասխանում քո հայտարարած բարեփոխումների օրակարգին, ավելին, այն տորպեդահարում, խոչընդոտում է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031