Լրահոս
Օրվա լրահոսը

Ակադեմիկոսի վստահեցմամբ՝ բազմահարկ նորակառույցները սեյսմակայուն են

Մարտ 01,2023 16:29

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո միայն որոշվեց Հայաստանում կառուցել ավելի բարձր սեյսմակայունություն ունեցող շենքեր, որոնք կդիմանան 9 բալանոց երկրաշարժի ցնցումներին: Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց ճարտարապետ, ակադեմիկոս Հրաչ Պողոսյանը և մտահոգություն հայտնեց, որ ներկայումս էլ մեր հանրապետության շենքերի գրեթե 70 տոկոսը կառուցվել է մինչ ավերիչ երկրաշարժը։

Նա վստահեցրեց` 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո կառուցված շենքերը շատ ավելի ապահով են, քան մինչ այդ եղածները։ Ճարտարապետը նշեց, որ երկրաշարժից առաջ կառուցված շենքերը 9 բալանոց ցնցումներից կարող են չփլուզվել, բայց ամբողջությամբ կանգուն էլ չեն մնա։

Նա ընդգծեց նաև, որ կառուցվող շենքերի դեպքում կարևոր դեր են խաղում նաև կոմունիկացիաները` լույսը, ջուրը, գազը։ Կառուցապատողը մինչ աշխատանքները սկսելը, երբ ներկայացնում է նախագիծը, պետք է հաշվի առնի նաև այդ հանգամանքը։

«Նախագիծն ուսումնասիրող փորձագետներն էլ ուղղություն են տալիս, թե, օրինակ, էլեկտրաէներգիայի համար որ ենթակայանից պետք է օգտվի։ Նախագծողներն էլ պարտավոր են անել բոլոր մասնագետների ցուցումները»,–նշեց Պողոսյանը՝ շեշտելով, որ գոյություն ունի նախագծի հաստատման հստակ սահմանված կարգ և կառուցապատողները պարտավոր են հետևել այդ կանոններին։ Ակադեմիկոսը նկատեց, որ եթե որևէ կառուցապատող կարողացել է շինաշխատանքները սկսել՝ առանց նախագծի անհրաժեշտ պայմանների հաստատման, ուրեմն դա քաղաքապետարանի թերացումն է, քանի որ այդ կառույցն է շինթույլտվության պատասխանատուն:

Ճարտարապետին անհանգստացնում է ներկայում հաճախ հանդիպող այն փաստը, երբ կառուցապատողները շենքեր են կառուցում ցանկացած վայրում՝ չապահովելով բնակելի թաղամասին անհրաժեշտ ենթակառուցվածքները կամ բարձրահարկ շենքեր են վեր խոյանում արդեն գործող թաղամասերում, որոնք ոչ միայն խաթարում են ճարտարապետական տեսքը, այլ ճնշում են գործող ենթակառուցվածքներին:

Անդրադառնալով հարցին, թե Սպիտակի երկրաշարժից հետո երկար տարիներ կիսակառույց մնացած Երևանի 16-րդ թաղամասի որոշ շենքերի սեյսմակայունությունը բարձրացվե՞ց, որ դրանք ավարտին հասցրեցին՝ ճարտարապետը դրական պատասխան տվեց:

Խոսելով Երևանի գլխավոր հատակագծի մասին՝ Պողոսյանը շեշտեց, որ այս տարվանից Երևանի նախագծային ինստիտուտում սկսել են նախագծման աշխատանքները: Թե երբ կավարտվեն դրանք՝ Պողոսյանը չգիտի։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031