Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը ցանկություն չունի երկիրը դարձնելու աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ». Սարգիս Խանդանյանը՝ Սերգեյ Լավրովին

Մարտ 01,2023 16:17

ՀՀ-ն ունի իր սկզբունքային դիրքորոշումները, որոնք տեղավորվում են ՀՀ ինքնիշխանության եւ անկախության պաշտպանության, որեւէ կողմից՝ Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու տրամաբանության մեջ. խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսում այսօր հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին՝ կա՞ն սկզբունքային կետեր ՀՀ-ի համար, հանուն որոնց, ըստ Ադրբեջանի, Հայաստանը տորպեդահարում է Խաղաղության պայմանագրի բանակցությունները:

Թե հատկապես ո՞ր կետերի շուրջ ՀՀ-ն եւ Ադրբեջանը չեն կարողանում դիրքորոշումները մոտեցնել, նա կարծում է, որ այդ մասին պետք է բանակցողները խոսեն եւ խոսեն պատեհ պահին: Նա վստահեցրեց, որ ամեն դեպքում, Հայաստանը հանձնառու է բանակցությունները շարունակելու հարցում եւ հույս ունի, որ շուտ կմոտենա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պահը: ՀՀ-ի առաջ քաշած նախապայմանների մեջ, ըստ իշխանական պատգամավորի նաեւ այն է, որ Ադրբեջանը պետք է լքի ՀՀ ինքնիշխան տարածքները, որոնք բռնազավթել է 2021 թվականից:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵՄ-ն չարաշահում է իր հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, այդ թվում «լեգիտիմության առումով իր կասկածելի առաքելությունն առաջ մղելով Հայաստանի տարածքում»: Հայաստանի խորհրդարանի իշխող խմբակցության պատգամավորը պատասխանում է ՌԴ ԱԳ նախարարին. «ԵՄ քաղաքացիական առաքելության Հայաստանում տեղակայելը եւ Հայաստանի դիմումը՝ երկամսյա առաքելությունից հետո ավելի երկարաժամկետ մանդատով առաքելություն տեղակայելը բխել է Հայաստանի կարիքներից: Իսկ այդ կարիքներն այն են, որ 2021 եւ 2022 թվականներին, ՀՀ ինքնիշխան տարածքը երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի հարձակմանը եւ մենք գնահատելով առաջին առաքելության երկամսյա գործունեությունը՝ գտել ենք, որ այն ունի որոշակի կայունացնող առաքելություն եւ դրա երկարաժամկետ տեղակայումը ՀՀ սահմանի երկայնքով կարող է ընդհանրապես նպաստել խաղաղության մթնոլորտի ձեւավորմանը եւ անվտանգության առումով լրացուցիչ երաշխիք լինի»:

շՔանի որ առաքելությունը քաղաքացիական է, ՀՀ իշխող կուսակցության ներկայացուցիչը չի գերագնահատում դրա նշանակությունը, բայց կայունացնող դերն իր համար ակնհայտ է:

«Հայաստանը որեւէ ցանկություն չունի մտնելու եւ Հայաստանը դարձնելու աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ եւ սա հայտնի է մեր բոլոր գործընկերներին: Մենք մեր բոլոր գործընկերներին տարբեր խողովակներով հայտնում ենք այլ գործընկերների հետ հարաբերությունների եւ դրանց բնույթի մասին»,- հայտարարեց Սարգիս Խանդանյանը:

Հիշեցնենք, փետրվարի 23-24 -ին, Վիեննայում, տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանը, որի ժամանակ օրակարգային հիմնական թեման եղել է Ուկրաինայում պատերազմի մեկ տարին եւ դրա հետեւանքները: ՀՀ պատվիրակության անդամները, սակայն, հանձնաժողովների երեք նիստերում խոսել են տարածաշրջանում անվտանգային հարցերի, Բերձորի միջանցքի փակ լինելու եւ այդ առիթով առաջացած հումանիտար խնդիրների մասին:

Ըստ Սարգիս Խանդանյանի, միջանցքի փակ չլինելու մասին Ադրբեջանից հնչող հայտարարություններին, միջազգային գործընկերները չեն հավատում:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031