«Քննչական մարմնի կողմից քննչական գործողությունները, դրանց իրականացման կարգը հստակ սահմանված են քրեական դատավարության օրենսգրքով, ինչով առաջնորդվելով էլ խուզարկություններն իրականացվել են։ Եթե տնտեսվարող սուբյեկտը գտնում է, որ այդ գործողությունները եղել են ոչ իրավաչափ, կամ դրանք ուղեկցվել են ապօրինություններով, ապա կարող է սահմանված ընթացակարգերով վիճարկել դրանք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով «Նոր Զովք» ընկերությունում խուզարկությունների ժամանակ իրավապահների թույլ տված անօրինականությունների մասին ընկերության հայտարարությանը:
Հիշեցնենք, որ «Նոր Զովք» ընկերությունում կատարված խուզարկությունների վերաբերյալ տնօրինությունը հայտարարություն էր տարածել՝ թվարկելով իրավապահների թույլ տված բոլոր անօրինական գործողությունները:
«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանից հետաքրքրվեցինք, արդյոք պատրաստվում են իրավապահների թույլ տված անօրինականությունները վիճարկել օրենքով սահմանված կարգով, ի պատասխան ասաց. «Ինչ գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ, ձեռնպահ կմնամ դրանից զատ լրացումներ կատարելուց: Ինչ է կատարվելու, ժամանակի ընթացքում պաշտոնական հաղորդագրությունների տեսքով հայտարարությամբ հանդես կգանք»: Մեր հարցին՝ իրավապահներն այն, ինչ փնտրում էին ձեր ընկերությունում, գտա՞ն, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ավելին, քան արդեն ընկերության տնօրինության կողմից հայտարարվել է, ինքը չի կարող ասել:
Ինչ վերաբերում է պաշտոնական տեղեկատվությանը, որ ընկերությունը թաքցրել է իրական շրջանառությունը, պարոն Խաչատրյանն ասաց. «Դեռեւս բավարար չափով հետաքննություն պետք է արվի, նոր պատշաճ ձեւի բացահայտում լինի: Դեռեւս, երբ քննչական մարմինը լիարժեք կարգով քննություն չի անցկացրել, ոչ մեկն իրավունք չունի մարդկանց կամ ընկերության անմեղության կանխավարկածը կասկածի տակ դնել: Գոյություն ունի անմեղության կանխավարկած»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ