Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն». Նիկոլ Փաշինյան

Մարտ 01,2023 15:08

«Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն»,-2008-ի մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թե ինչո՞ւ պատժված չեն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ ձեզ հայտնի իրավական մի շարք որոշումներով: Այն, որ մինչեւ հիմա մարտի 1-ի մարդասպանները հայտնաբերված չեն, դա չի նշանակում, որ այդպես չի լինելու: Մեծ խնդիրներից մեկն այն է, որ նաեւ քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է, որ 2008-ի մարտի 1-ից անմիջապես հետո, նախաքննությունը ոչ միայն ամբողջ ջանքերը չի գործադրել, որպեսզի տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվի, այլեւ բոլոր ջանքերը գործադրվել են, որ բացահայտումը կամ դժվար լինի, կամ անհնար դառնա: Ես մի դրվագ հիշեցնեմ, որ այստեղից հավաքված պարկուճները հետագայում քրեական գործի շրջանակներում փոխվել են: Եղած իրական պարկուճները փոխարինվել են այլ պարկուճներով եւ նման այլ բազմաթիվ դեպքեր: Պատկերացնել կարելի է, թե այս ամենը ինչ հետեւանքների է բերում: Բայց դա կապ չունի, այնքանով, որքանով ես կարող եմ դիրքորոշում արտահայտել իրավապահ մարմինների վերաբերյալ, իմ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է հասնենք լիարժեք եւ ամբողջական բացահայտմանը»:

Լրագրողի հարցին՝ դեպքում ի՞նչ համոզմամբ էր ժամանակին ինքը հայտարարում, որ գործը բացահայտված է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես նույն համոզմամբ այսօր էլ եմ հայտարարում, որ բացահայտված է: Դուք գիտեք, որ քրեական գործ է եղել, դատավարություն է եղել: Այն կարճվեց իրավական մեկնաբանությունների բերումով, որն այլ հարթության խնդիր է: Երբ ասում եմ՝ բացահայտված է, նկատի ունեմ իրականությունը, ինչ քայլերի հերթականություն է տեղի ունեցել: Ի վերջո, եկեք չմոռանանք, որ այդ քրգործի շրջանակներում պարզվել է, որ ջոկատներ են կազմվել, պարզվել է, որ ապօրինի վճարումներ են արվել, որ դա արվել է բանակի հովանու ներքո: Հիմնական պատասխանատուները դատարանում էին, բայց հայտնի հանգամանքների պայմաններում փորձ է արվում այնպես անել… ես չեմ ուզում մեկնաբանել իրավական անբողոքարկելի որոշումներ, որոշում է կայացված, բոլորս պետք է ընդունենք ի գիտություն: Այդ թվում՝ ՍԴ որոշումը, եւ այն որոշումները, որոնք բողոքարկելի չեն: Մարտի 1-ը առնվազն մինչեւ կատարողների մակարդակ բացահայտված է, բուն կատարողները հայտնի չեն, իսկ մնացած շղթաները ոնց են աշխատել, իհարկե բացահայտված է»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ հետագայում այդ ամենը բացահայտված ներկայացվի հանրությանը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այդ հարցերին ես չէ, որ պետք է պատասխանեմ: Ես արդեն ասացի, որ իմ դիրքորոշումն այն է, որ այո, այդ ամենը պետք է բացահայտվի: Դա իրավապահներին խնդիրն է, իրենք պետք է այդ խնդիրը լուծեն»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031