Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Վիգեն Ալավերդյան

Մարտ 01,2023 15:04

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է»

Ճակատագիրը քարքարոտ երկիր ու դժվար բախտ է մեզ բաժին տվել: Մեր երկրի նման խորդուբորդ է անցնում նաև մեր կյանքը:

Դարեր շարունակ Հայաստանը վեր է խոյացել պատմության սանդուղքներով, արև ու ազատություն որոնել, բայց երբեք չի ընկճվել վիզ չի ծռել օտարի առաջ, միշտ կռվախնձոր է եղել զավթիչների համար, սակայն կարողացել է ապրել ու արարել, միշտ բարիք ստեղծել, և պահել իր ազգային գոյը: Մաքառումների ճանապարհին կորցրել է իր սահմաններից շատ ու շատ տարածքներ: Այդպիսի ճակատագիր բաժին ընկավ և Արցախ աշխարհին: Գրչի մի հարվածով յոթանասուն տարի Արցախը հանձնվեց ազերիներին: Երեսունհինգ տարի առաջ վերջապես տարագիր զավակի պես Արցախը տուն վերադարձավ: Վերջապես գրկեց իր մորը և մոր տաքուկ գրկում սկսեց արարել ու ապրել: Բայց այդ գեղեցիկ անդորրը ցրվեց թշնամու անհագ ախորժակից: Հրոսակը արյունռուշտ երախը բացած հարձակվեց խաղաղ երկրի վրա և հողն արյունով ներկվեց, ներկվեց՝ 18-20 տարեկան քաջորդիների արդար ու պայքարող արյունով: Այսքան տարիներ անց Եռաբլուրը հազարապատկվեց, ինչքա՜ն երիտասարդ կյանքեր ընդհատվեցին, ինչքա՜ն սերեր կիսատ մնացին, ինչքա՜ն մայրեր որբացան: Պայքարող հայի տեսակին հնարավորություն չտրվեց իր գործն ավարտին հասցնել և ավա՜ղ …

Էլի կորցրինք շատ ու շատ տարածքներ, շատ ու շատ կյանքեր …

Ձյունն իջնում է, փաթիլվում շիրմաքարերին հանգիստ, մեղմաբար կարծես չի ուզում խանգարել հերոսացածների քունը, բայց հոգիները հանգիստ չեն առնում, քանզի անավարտ է մնացել իրենց սուրբ գործը: Շիրիմներից լսվում են նրանց խուլ հառաչանքները և արձագանքը` Արցախն ազատ է, ազատ և ոչ մի հրոսակ չպետք է ոտք դնի այդ սուրբ հողին… ու դա պատգամ է դառնում ողջերի համար:

Պայքարը շարունակվում է մարդիկ, ոտքի ելեք, ի՞նչ է՝ չեք լսում, նրանց արդար պահանջը: Հանուն անմեղ զոհերի հոգու հանգստության և հանուն Արցախի ազատության պայքարի ելեք և միշտ հիշեք «ձեռք ձեռք է լվանում, երկու ձեռքը` երես»:

Արցախի փրկությունը ես մեր միասնության մեջ եմ տեսնում: Արցախը պետք է օգտվի ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքից, խնդրին պետք է տրվի իրավական լուծում, այլապես տեղի կունենա մի նոր նախճիր:

Խուսափելու համար նոր արյունահեղությունից պետք է գործել և «քար աշխարհի» գութը շարժել դեպի հայը, դեպի իմ Արցախը:

Արցախը իմ արժանապատվությունն է, իմ հպարտությունը, ես այնտեղ եմ տվել իմ զինվորական պարտքը, սիրել այդ հողն ու ջուրը ապրել ու հաստատակամ որոշել, որ ոչ մի ոսոխ այլևս ոտք չի դնի այդ սուրբ հողին:

2020 թվական… չարագույժ պատերազմ, այն ինձնից խլեց իմ ընկերներին, իմ հրամանատարներից շատերին և ես անխախտ մի ուխտ ունեմ` վրեժ: Այն կարմիր գույն ունի և անընդհատ անամոք վերքի պես արյունահոսում է ու հիշեցնում իր մասին: Վրեժ ունեմ իմ ընկած ընկերների, իմ հայրենիքի կորսված ամեն մի թիզ հողի համար: Մեծ վարպետի կոչը այժմ ինձ համար դարձել է նշանաբան.

-«Էյ հե՜յ լսեցեք, ձայն տվեք իրար ամենքդ եք ոտքի, մարդ քնած չկա.

շուտ հագեք -կապեք զենքեր ու զրահ,

Գոտեպնդվեցեք ատելությամբ վառ,

Գոտեպնդվեցեք անձնազոհ կամքով,

Գոտեպնդվեցեք ահեղ վրեժով:

. . . . . . . .

Դեպի ռազմի դաշտ, դեպ հերոսացում,

Դեպի բարձունքը մեծ հաղթանակի»:

Վիգեն Հրայրի ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
24 տարեկան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031