Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Թեւանյան, հետաքրքիր ելույթներ կունենաք»․ Ռուբինյանի ասածից Ալեն Սիմոնյանը չկարողացավ ծիծաղը զսպել

Մարտ 01,2023 14:42

«Աբսուրդ է, որ ՀՀ ինքնիշխանությունը պատմական նվազագույնի հասցրած իշխանությունն է այս նախագիծը բերում, բայց մի կողմ դնելով այդ ամենը՝ հստակ է, որ իրավական որոշակիության խնդիրներ կան։ Եվ երեկ անգամ օրենքը զեկուցող պաշտոնյան չէր կարողանում բացատրել կարգավորումները։ Ուստի մեր խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու»,- ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ կառավարության հեղինակած՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում․ մասնավորապես, հանցակազմը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով։ Խորհրդարանն այսօր այս նախագիծն էր քննարկում։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մամիջանյանի ասածին արձագանքեց․ «Շնորհակալություն կարեւոր տեղեկատվության համար»։

Վարման կարգով պատասխանեց ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանը․ «Ով-ով, բայց ՀՀԿ-ն պատմական մինիմումներից խոսելու իրավունք չունի»։ Ալեն Սիմոնյանն այս դեպքում էլ արձագանքեց․ «Շնորհակալություն շատ կարեւոր տեղեկատվության համար»։

Նախագիծն ընդունվեց․ ՔՊ-ն կողմ քվեարկեց։

Հաջորդիվ մի շարք նախագծերի քվեարկությունից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կրկին նկատեց, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ կամ ձեռնպահ է քվեարկում․ «Ուշադրություն հրավիրեմ, որ ՔՊ-ին նրանք անընդհատ մեղադրում են աշխարհի բոլոր երկրների հետ հարաբերությունները փչացնելու մեջ, բայց հենց նոր «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց երկու երկրների՝ ՌԴ-ի եւ Չինաստանի հետ համաձայնագրերի հարցերին։ Չգիտեմ ինչու այդպես արեցին։ Պարոն Թեւանյան, կարծում եմ՝ դուք հետաքրքիր ելույթներ կունենաք այս հարցով»։

«Հայաստան» խմբակցությունից Անդրանիկ Թեւանյանը տեղից գլխով համաձայնության նշան արեց։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քմծիծաղեց, ապա շարունակեց նախագծերն ընթերցել։ Ընթացքում եւս երկու անգամ չկարողացավ ծիծաղը զսպել։

Քիչ անց Ռուբեն Ռուբինյանը կրկին հայտարարեց՝ «Հայաստան» խմբակցությունը ՔՊ-ին նաեւ մեղադրում է ԵՏՄ-ից դուրս գալու մտադրության համար, բայց հենց նոր ձեռնպահ քվեարկեց ԵՏՄ-Վիետնամ համաձայնագրի վավերացմանը․ «Կրկին պարզ չէ, թե ինչու, եւ կրկին կարծում եմ, որ նրանք հետաքրքիր ելույթներ կունենան այս թեմայով»։

Արձագանքեց «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը․ «Ես հասկանում եմ ձեր՝ մեր ընտրողների տեղը ձեզ դնելու անհագ ցանկությունը։ Եվ առաջիկայում որ առիթ լինի՝ մեզ կընտրեք։ Եթե չենք տեսնում ընդգծված բացասական բան, չենք քվեարկում կամ ձեռնպահ ենք քվեարկում։ Հակառակ դեպքում դեմ ենք քվեարկում եւ հայտարարում ենք այդ մասին։ Ակնկալում եմ նաեւ, որ դուք անձամբ կմեկնաբանեք ձեր բոլոր քվեարկությունները»։

Այնուհետեւ քաղաքաշինության ոլորտին առնչվող նախագծի քվեարկության ժամանակ «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանի հումորի արդյունքում դահլիճում հռհռոց լսվեց։ «Պարոն Ռուբինյան, ես օրենքին կողմ եմ, բայց Ղուլարյանին եմ դեմ»,-կարծես ասաց Աղվան Վարդանյանը։ «Այ սենց, բացատրեք, նոր արեք»,-արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031