Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Մեսրոպյան․ «ՀՀ-ից Վրաստան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը գերազանցել է վերջին 10 տարիների ընդհանուր ծավալը»

Մարտ 01,2023 14:34

Հայաստանում էներգետիկ շուկան ազատականացվել է 2022-ի փետրվարի 1-ից, եւ այս պահին արդեն շուկայում գործում է 4 մատակարար ընկերություն, 6 մեծածախ առեւտուր իրականացնող, 19 որակավորված սպառողներ, որոնք շուկայում ինքնուրույն են հանդես գալիս եւ առեւտուր իրականացնում։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Հաշվարկային կենտրոն»-ի գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը։ Նրա ներկայացմամբ՝ 48 փոքր հիդրոկայաններ դուրս են եկել ազատ շուկա եւ այս մեկ տարում առաքված էլեկտրաէներգիայի 12%-ը վաճառվել է շուկայի մրցակցային հատվածներում։

Հայաստանում էլեկտրաէներգետիկ համակարգը ազատականացվեց, որպեսզի էլեկտրաէներգիայի գնման եւ վաճառքի մենաշնորհը մեր երկրում վերանա, ինչը պետք է որ նպաստի շուկայի զարգացմանն ու արդարացի սակագնի գոյացմանը։ Եթե նախկին մոդելով շուկայում արտադրության եւ վաճառքի մեկ գնորդ եւ մեկ վաճառող կար՝ ՀԷՑ-ը, որը արտադրողներից գնում էր էլեկտրաէներգիան եւ վաճառում սպառողներին, այս բարեփոխմամբ էլեկտրաէներգիա գնելու եւ վաճառելու իրավունք են ստանում այլ սուբյեկտներ եւս՝ մատակարարները կամ մեծածախ առեւտուր իրականացնողները։

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի արդարացի գնագոյացմանն, ապա Մեսրոպյանն ասաց՝ այս բարեփոխմամբ, ըստ էության, կառավարությունը հրաժարվում է միջինացված սակագին հասկացողությունից․ «Արդեն հաստատված կանոններով շուկայում առեւտուր անող մասնակիցները վճարում են էլեկտրաէներգիայի դիմաց այնքան, որքան ճիշտ են կանխատեսել իրենց առեւտուրը, կամ վճարում են այնքան, որքան վնաս են հասցնում ամբողջ էներգետիկ համակարգին։ Օրինակ՝ միջինացված սակագնի ժամանակ տարբեր սպառողներ, առաջին հերթին՝ արդյունաբերական սպառողները, ընդհանուր համակարգի վրա տարբեր բացասական ազդեցություններ են առաջացնում, բայց այդ մեթոդաբանության համաձայն, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էր որոշում միջինացված սակագինը տարվա համար։ Ստացվում էր, որ մի սուբյեկտ, որը նման խնդիր չի առաջացնում, ստիպված էր վճարել մյուսների առաջացրած վնասների համար։ Հիմա այս երեւույթը չի լինելու»։

Մեսրոպյանի խոսքով՝ ինչպես նախկին մոդելի ժամանակ, տարվա ընթացքում 2-3 երեք ամիս է եղել, երբ գարնան վարարումների շրջանում Վրաստանից ավելի էժան էլեկտրաէներգիա է ներկրվել Հայաստան, ինչն այս տարի էլ կիրականցնեն։

Բացի ներկրումից, Հայաստանից էլեկտրաէներգիա է արտահանվել Վրաստան։ Օրինակ, ըստ Մեսրոպյանի, անցած տարի դեպի Վրաստան էլեկտրաէներգիայի արտահանման քանակը գերազանցել է վերջին 10 տարիների ընդհանուր գումարային քանակից․ «328 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա է արտահանվել Վրաստան։ Սա պայմանավորված է մասնավոր հատվածի ակտիվությամբ, այլեւս չկա պետական համակարգի իներտությունը, դանդաղկոտությունը։ Մասնավորն է այստեղ այս առեւտուրն իրականացնում։ Հայկական եւ վրացական կողմերի թրեյդերներն արագ գտնում են իրար, պայմանավորվում են։ Դրան նաեւ նպաստեց աշխարհաքաղաքական վիճակը, երբ ամբողջ Եվրոպայում էլեկտրաէներգիայի պահանջարկ կար, հնարավորություն եղավ ավելցուկային հզորություններն իրացնել Վրաստանում։ Վրաստանի որոշակի հատվածի համար օգտագործվում է Հայաստանից ներկրած էլեկտրաէներգիան, բայց դրա արդյունքում Վրաստանում ազատվում է որոշակի էլեկտրաէներգիայի քանակ, իրենք էլ իրենց հերթին վաճառում են ասենք՝ Թուրքիային, Թուրքիան էլ Կենտրոնական Եվրոպայի երկրներին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Մեսրոպյանն ասաց, որ մինչեւ 2025 թվականն, ըստ ծրագրով սահմանված ժամանակացույցի, կառավարությունը պետք է կայացնի մեծածախ շուկան․ «Որպեսզի շուկա դուրս գան արդյունաբերական ընկերությունները, կայանա մատակարարների մեծածախ առեւտուր իրականացնողներ եւ որակավորված սպառողների ինստիտուտը, որից հետո արդեն հնարավոր կլինի խոսել այն մասին, թե երբ կենցաղային սպառողը կկարողանա այնպես, ինչպես մտնում է խանութ, հաց գնում, նույն մոտեցմամբ կարողանա մտնել շուկա եւ իր համար անհրաժեշտ հոսանքը գնել։ Բայց այս մասին դեռ վաղ է խոսել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031