Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Փառանձեմ Ավետիսյան

Մարտ 01,2023 14:12

1988 թվականի փետրվար ամիսը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը, անկոտրում կամքը, հայրենի հողում ապրելու իրավունքը, ինչի համար ոտքի կանգնեց արցախցին՝ իր արդար, գոյության համար կենսական նշանակություն ունեցող երազանքը կյանքի կոչելու համար:

Պայքարի խորհրդանիշ 1988 թվականի ծնված բալիկներից մեկն եմ, որն այսօր՝ 2023 թվականի փետրվարին, արդեն իր մանկահասակ բալիկի հետ միասին է շարունակում այս անվերջ թվացող, բայց արդար պայքարը:

Պայքարը շարունակվում է և կշարունակվի, քանի դեռ արցախցին սիրում է իր հայրենիքը:

Սիրում եմ քեզ, Արցա՛խ, այս տողերը երբևէ այսչափ գիտակցված չեն հնչել իմ շուրթերից և արդյոք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ես կարո՞ղ էի մարմնիս յուրաքանչյուր բջիջով զգալ այս ուժգին սերը մի բուռ հողի նկատմամբ, որ հայրենիք է կոչվում: Ոչ, պատերազմը փոխեց ամեն ինչ, փոխեց անվերադարձ…

Սիրում եմ քեզ, Արցա՛խ:

Ինչ պետք է անեմ ես և ինչ պետք է անի իմ սերունդը հանուն Արցախի՝ հարցին պատասխանելիս յուրաքանչյուր արցախցի զգուշություն պետք է ցուցաբերի և հանկարծ դատարկախոսությամբ չզբաղվի: Պատասխանս պարզ է, ազնիվ ու համեստ, ամպագոռգոռ ոչինչ չեմ ասի՝ ես և յուրաքանչյուր արցախցի պետք է նախ, ամենայն պատասխանատվությամբ, բարձր որակով և բարեխղճորեն կատարենք մեր աշխատանքային պարտականությունները: Եթե յուրաքանչյուր մասնագետ իր ոլորտում կատարի իր աշխատանքը բարձր որակով, իմ խորին համոզմամբ, դա ֆենոմենալ արդյունք կտա, ինչը չափազանց դրական կանդրադառնա պետության վրա:

Շատ խորը իմաստ կա վերևում շարադրված տողերի մեջ և յուրաքանչուր արցախցուց շատ մեծ բան է կախված ընդհանուր դրական արդյունքի հասնելու համար:

Արդյունքում կիրթ, ուժեղ հասարակություն կունենանք և ազգի ապագան հուսալի ձեռքերում կլինի:

Հայ ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի խոսքերն եմ ակամայից հիշում՝ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»: Այո, մենք քիչ ենք և դա պարտավորեցնում է յուրաքանչյուրիս՝ իր մասնագիտական կարողությունները մաքսիմալ օգտագործել և մեծ աշխատասիրությամբ կատարել իրեն վստահված գործը:

Լիահույս եմ, որ մեր հայրենակիցները լավ են հասկանում մեր օրերի լրջությունը և բոլորը գլուխները կախ, ջանասիրաբար կաշխատեն նախ՝ հանուն իրենց և իրենց ընտանիքների անվտանգ ու բարեկեցիկ ապագայի համար, քանզի մարդկային էգոիզմը, ինչ էլ անես, առաջինը իրեն է տեսնում, սակայն բոլորիս քրտնաջան աշխատանքը անխուսափելիորեն պետք է անդրադառնա մեր երկրի հզորացման ու ուժեղացման վրա:

Ոչ մի պարագայում չեմ նսեմացնում տղամարդկանց դերն ու կարևորությունը, սակայն ամեն ինչից զատ շատ եմ կարևորում կրթված կանանց դերը հասարակության ձևավորման հարցում: Երեխաների մոտ ճիշտ աշխարհայացքի ձևավորման և նրանց դաստիարակության բանալին, անշուշտ, կրթված ծնողներն են, որտեղ իմ կարծիքով առանցքային դեր ունի մայր ծնողը:

Շատ կցանկանայի այնպիսի ծրագրեր կյանքի կոչվեին, ինչպիսիք կկրթեին ու կդաստիարակեին ճիշտ մտածող, տեղեկացված, գրագետ մայրերի, կանանց և աղջիկների:

Այսօր 2023 թվականի փետրվարի քսանն է, 35 տարի առաջ այս օրը սկսվեց արցախյան շարժումը, որը խորհրդանշում է արցախցիների պայքարը և այսօր, անշուշտ, պայքարը շարունակվում է, քանզի մինչ ես գրում եմ այս տողերը, Վերածննդի հրապարակում պարում են արցախցի մանուկները…

Փառանձեմ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Արևոտ Արցախ 20.02.2023թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031