Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ մարտի 1-ը զուտ բարոյական, գաղափարական իմաստով բացահայտվել է, ոչ մեկը կասկած չունի: Խոսքն այն է, որ այդ ամենն արվի նաև իրավաբանական իմաստով». Լևոն Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության առիթով

Մարտ 01,2023 13:50

«Որ մարտի 1-ը զուտ բարոյական, գաղափարական իմաստով բացահայտվել է, այդտեղ ոչ մեկը ոչ մի կասկած չունի: Խոսքը նրան էր վերաբերում, որ այդ ամենն արվի նաև իրավաբանական իմաստով. ոճրագործությունը պատժվի, բոլոր պատասխանատուները քրեական օրենսգրքով կրեն պատիժ»,- հարցին՝ համամի՞տ եք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն կարծիքին, որ մարտի 1-ը բացահայտված է, այսպես պատասխանեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ անդամները մասնակցեցին հոգեհանգսի արարողության և երթի՝ ի հիշատակ մարտի 1-ի զոհերի:
Լևոն Զուրաբյանը հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը խոսում էր անցումային արդարադատության իրականացման մասին ու ասաց. «Ճիշտ է՝ մենք այդ գաղափարով հանդես էինք եկել, բայց ինքը վերցրեց այն: Իր սկզբնական հայտարարություններն այնպիսին էին, որ սա պետք է նշանավորի ամբողջ անցումը դեպի ժողովրդավարական համակարգ, որտեղ հին հանցագործություններ գործած բոլոր մարդիկ պիտի պատժվեն: Բայց դա չարվեց: Հիշում եմ՝ սրա գլխավոր խոչընդոտ համարվում էր ՍԴ-ն, և հենց այդ մոտիվացիայով Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց ՍԴ բարեփոխումները, որ այդ խոչընդոտը վերացվի: Պարզվեց, որ իր ստեղծած ՍԴ-ն դարձավ գլխավոր խոչընդոտն արդարադատության իրականացման գործում: Փաշինյանական կազմով ձևավորված ՍԴ-ն վերջնական կնիքը դրեց, փակեց դատավարության որևէ հնարավորություն: Պարզվեց՝ դա հեռակա քաղաքական նպատակ ուներ: Դա թույլ տվեց հենց այդ ոճրագործներին բերել խորհրդարան և դարձնել տիտղոսային ընդդիմություն: Իսկ ավելի լավ ընդդիմություն Փաշինյանի համար այն տեսակետից, որ դա ապահովի լրիվ իր աշխատանքի կայունությունը, դժվար էր պատկերացնել»:

Դիտարկմանը՝ ՌԴ-ն կարծես թե այնքան էլ լավ չի ընդունել ԵՄ դիտորդներին, Լևոն Զուրաբյանն այս առիթով ասաց. «Մենք պիտի առաջնորդվենք բացառապես մեր շահերով: Փաստն այն է, որ ՌԴ-ն չի կարողանում կատարել այդ պարտականությունները, և առաջացել է անվտանգության վակուում, որը մի կերպ պետք է ինչ-որ ձևով լրացնել: Այդ առումով ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը ՀՀ-ում դրական նշանակություն ունի, քանի որ այնուամենայնիվ, ինչ-որ մի շատ թույլ զսպանակ ծառայում է հնարավոր ադրբեջանական ագրեսիայի դեմ: Կարծում եմ՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները լարելու, նրան համարյա թշնամական պետություն հայտարարելու՝ այս քաղաքականությունը, որը վարվում է ՀՀ իշխանությունների կողմից, հիմարություն և արկածախնդրություն է»:

Հարցին՝ մենք գնում ենք խաղաղության Բրյուսելի, Արևմուտքի՞ թե՝ ՌԴ միջոցով, Լևոն Զուրաբյանն այսպես պատասխանեց. «Հիմա պատշաճ օր չեմ համարում նման բաների մասին խոսելու համար: Սա պահանջում է ավելի լուրջ վերլուծություն: Կարճ պատասխանեմ: Կա երկու մրցակցող պլան խաղաղության և նրանք մրցակցում են, ըստ էության, կամ ՌԴ-ի կամ Արևմուտքի ազդեցությունն ամրապնդելու համար այս ռեգիոնում: Դա մեզ ոչ մի լավ բան չի խոստանում, քանի որ խաղաղությունը կարող է իսկապես հաստատվել արդյունավետ կերպով, եթե դա լինի միասնական պլան միջազգային հանրության համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031