Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Ռոզա Մնացականյան

Մարտ 01,2023 13:34

Ինքս Արցախյան շարժման հասակակիցն եմ: Մեծացել եմ մի միջավայրում, որտեղ խոսակցությունների հիմնական թեման Արցախյան ազատամարտն էր: Իհարկե, այն ժամանակ իրավիճակի լրջությունը դեռ չէի գիտակցում, ընդհակառակը, պատերազմը մի երևույթ էր, որից ծնունդ էր առել կռիվ-կռիվ խաղը, որը մեր առօրյայում բավականին մեծ տեղ էր զբաղեցնում:

Այն տարիներին մեզ համար մեծ ձեռքբերում էր կրակված պարկուճ ունենալը: Ես մի քանիսն ունեի և պատեհ առիթը բաց չէի թողնում դրանք ցուցադրելու համար: Իմ մանկական աշխարհընկալման մեջ դրանք փայլուն, գեղեցիկ խաղալիքներ էին, որոնց իսկական նշանակությունը միայն տարիներ անց պիտի հասկանայի: Առաջին անգամ պատերազմի լրջությունը գիտակցեցի, երբ դպրոց գնացի: Այնտեղ, պատերից մեկին զոհված ազատամարտիկների նկարներ էին փակցված, իսկ դասարանում իմ հետ սովորում էին նրանց երեխաներից երկուսը: Այդ ժամանակ հասկացա, որ ի տարբերություն ինձ, կան երեխաներ, որոնք այլևս երբեք հայրիկ չեն կանչի: Մեծացանք հաղթանակած սերնդի հոգեբանությամբ: Մեր առջև վառ օրինակ կար առ այն, որ չհանձնվելու, պայքարը մինչև վերջ շարունակելու դեպքում հնարավոր է իրագործել թվացյալ անհնարինը:

Ցավոք եկավ 2020թ-ի սեպտեմբերի քսանյոթը: Որպես հասուն մարդ պատերազմի ընկալումս, իհարկե, արդեն տարբերվում էր մանկականից: Մի անգամ ևս հայությունը համախմբվեց Արցախի շուրջ, քանի որ այն 1918թ.-ի Սարդարապատի հերոսամարտից հետո մեր հաղթանակի խորհրդանիշն էր դարձել: Արցախը հայության մութ ու խոչընդոտներով լի ճանապարհը լուսավորող ջահ է, որի օգնությամբ պետք է առաջ գնանք հանուն ապագա հաղթանակած, հզոր Հայաստանի:

Գոյամարտի օրերին պատշգամբից նայելիս տեսա երեխաների, որոնք բարիկադներ էին կառուցել և մանկությունից ինձ շատ լավ ծանոթ խաղ էին խաղում՝ կռիվ-կռիվ: Վերջին խաղը, որ կցանկանայի տեսնել նրանց կատարմամբ դա էր, քանի որ չէի ուզում տեսնել իմ սերնդակիցների ճակատագրի վերարտադրությունը: Սովորաբար մտածում ենք, որ եթե մեր պայքարը արդար է ուրեմն պետք է պսակվի հաջողությամբ, բայց, ցավոք, կյանքը ֆիլմ չէ և եղավ այն ինչ եղավ: Կարևոր է հասկանալ, որ թշնամին շահել է ոչ թե պատերազմը, այլ ընդամենը ճակատամարտը: Մեր բաժին պայքարը դեռ առջևում է, հանձնվել չկա: Իհարկե, խոցվել է երեք տասնամյակ հաղթանակած ապրածի արժանապատվությունը, բայց այդ հաղթանակը մեզ համար կերտել էին ուրիշները, հիմա հերթը մերն է:

Մերժում եմ բոլոր նրանց, ովքեր պատերազմի «ավարտից» հետո որոշում կայացրեցին լքել երկիրը: Երբ ձեր ծննդավայրը լքելու նպատակով գնաք օդանավակայան, աջ նայե՛ք, այնտեղ Եռաբլուրն ու տղաներն են՝ մարդիկ, ովքեր ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ մինչև վերջին պարկուճը կրակել և նահատակվել են իրենց դիրքերում, մինչդեռ կարող էին նահանջել և ողջ մնալ:

Արցախյան վերջին պատերազմում զոհվեց մտերիմ ընկերներիցս մեկը: Նրա հուղարկավորությանը մասնակցությունը հիմնովին փոխեց կյանքս: Երբ այնտեղ էի, նկատեցի տան պատին փորագրված տոհմանունը, այդ գրությունը ներաշխարհս իրար խառնեց: Ընկերս տան միակ արու զավակն էր, և պիտի ապահովեր ազգանվան հաջորդականությունը: Միայն այդ պահին հասկացա նրա զոհողության գինը: Այդ տղան հայրենիքին, այսինքն՝ մեզ. որովհետև հայրենիք կերտելու հիմքում մենք ենք կանգնած, զոհել էր ոչ միայն իր, այլ նաև գերդաստանի լինելիությունը: Տոհմածառի մի ճյուղ այլևս երբեք տերև չէր տալու: Ու հանկարծ հասկացա, որ նա իր մահով ինձ պատգամել է պայքար, որի առաջին դրսևորումը պետք է լինի կյանք արարելը: Դա վերածննդի նման մի բան կխորհրդանշեր:

Ծնվեց աղջիկս, և քանի որ նա «ծնունդն էր պատերազմի» պետք է կրեր ռազմի աստվածուհու անունը՝ Նանէ: Նա կդաստիարակվի որպես հայրենիքի ապագա մարտիկ, և երբ ժամանակը գա իմ պայքարի ջահից իրենը կվառի ու կփոխանցի իր երեխաներին: Չէ՞ որ մեր պարագայում միայն այդպես կարող ենք ապրել և արարել մեր հայրենիքում:

Արցախը մեր վահանն է: Մենք պետք է մաքրենք այն ժանգից, նորոգենք ու պահպանենք մեր հաջորդ սերունդների համար: Չեմ ուզում լինել այն ծնողներից, որոնք իրենց զավակներին կպատմեն Արցախի մասին որպես կորսված հայրենիքի:

Ռոզա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Համլետի
35տ. 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031