«Դուք դեռեւս խորհրդային տարիներից մի շարք պաշտոններ եք զբաղեցրել։ Ձեր ընտանիքի անդամներն այս տարիներին հասցրել են ահռելի ունեցվածք կուտակել։ Դուք եւ ձեր հետ փոխկապակցված անձինք ունեն ավտոկայանատեղիներ, շենքեր, հողամասեր, կաթսայատներ Տավուշում եւ Երեւանում։ Կիրովի անվան այգին վարձակալությամբ հանձնված է ձեր եղբորը։ Որպես երեխաների մայր՝ ասեմ, որ Երեւանի ամենափնթի այգիներից է»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով ոլորտային մի շարք նախագծեր զեկուցելու նպատակով խորհրդարան եկած քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին։
Թագուհի Թովմասյանը նշեց․ «Ձեր կինն Իջեւանում ունի տուն, սննդի օբյեկտ, խանութներ, կաթսայատուն, գազալցակայան։ Ձեր որդին Երեւանում ունի արտադրական խոշոր տարածք, ավտոկայանատեղի, բնակարան, հողամաս, զբոսայգի, Դիլիջանում՝ հողամաս։ Ձեր հարսի անունով հանգստի տուն կա Իջեւանում։ Մյուս որդու անունով կան ավտոկայանատեղի, երեք բնակարաններ Չարենի փողոցում, տուն, առանձնատուն, հողամասեր Դիլիջանում։ Ձեր եղբոր կնոջ ունեցվածքը․ Հյուսիսային պողոտայում բիզնես նշանակության տուն, Դիլիջանում հողամաս։ Ինչպե՞ս եք կարողացել ձեր հետ կապակցված անձանց անուններով տարբեր գույք գրանցել՝ լինելով պետական պաշտոնյա»։
Թովմասյանի խոսքով՝ գլխավոր դատախազը պայքար է մղում ապօրինի ծագման գույքի դեմ․ «Սա լավագույն առիթն է, որ նա զբաղվի ձեր ունեցվածքով»։
Արմեն Ղուլարյանն արձագանքեց․ «Մեղմ ասած, սուտ հայտարարություններ հնչեցրեց տիկին Թովմասյանը։ Իմ որդիներն ապրում են հայրական տանս՝ Իջեւանում։ Ես ապրում եմ Կոմիտասում՝ երկու սենյականոց բնակարանում։ Անհամար քանակներ չկան, սուտ է։ Հակակոռուպցիոն բոլոր մարմինները կարող են այդ բոլորը նայել, ճշտել։ Իմ հայտարարագրերը ճիշտ ժամանակին ներկայացնում եմ։ Եղբայրս 30 տարի բիզնեսով է զբաղվում՝ օրինական։ Իր աշխատանքը թափանցիկ է։ Իսկ Կիրովի այգում, ցավում եմ, որ չեք եղել։ Շատ մաքուր այգի է։ Մի ծառ անգամ չի կտրվել այս ընթացքում»։
Կարդացեք նաև
Թագուհի Թովմասյանն իր հերթին պնդեց, որ Ղուլարյանի ասածները սուտ են, ու փաստերն ինքը կարող է ներկայացնել բոլոր հետաքրքրվողներին։ Կարող է ներկայացնել նաեւ Կիրովի անվան այգու փնթի լինելը փաստող լուսանկարներ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ